ՀՀ գործող սահմանադրությամբ ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է: Սակայն երկրում առկա է սոցիալական խորը բևեռացում՝ մեղմ ասած ճգնաժամ: Եվ սա այն ամենը չէ, որը պարտադրում է քաղաքացիներին արտագաղթել օտար երկրներ կենսագոյությունը փրկելու՝ հացի խնդիրը լուծելու համար…:
Գործազուրկները մնում են Հայաստանում՝ հնարավորություն չունենալով ուղետոմսի համար վճարել և արտագաղթել: Սա դեռ բոլոր տառապանքների նույնիսկ հպանցիկ ներկայացումը չէ:
Այս երկրում ծնված-մեծացած քաղաքացիները գոյատևում են հույս ունենալով, որ մեկ օր իշխանությունը կդրսևորի քաղաքական կամք և արմատախիլ կանի քվոտային մենաշնորհները, կադրային քվոտա չի տա, բանակում զինապարտությունից տարբեր մեկնաբանություններով խուսափած, բայց այսօր պապաների հովանավորչությամբ տաքուկ աթոռների տերերին, պետությունը չի բերի այնպիսի վարկեր, որի արդյունքում քաղաքացիների հարկային բեռը տարբեր ձևերով կավելանա, իսկ իշխանավորների անաշխատունակ կապիտալը բանկերում տոկոս կբերի:
Իշխանություն, որը բազմապատկել է պետության արտաքին պարտքը, մականունավորներին դարձրել է օրենսդիրներ, իսկ երիտասարդ կադրերի առաջխաղացումը շարունակում է կատարել նրանց իշխանավոր ծնողների հետ նախապայմաններով՝ ի ցույց է դնում քաղաքական կամքի բացակայությունը:
Իշխանությունը պետք է գիտակցի, որ ՀՀ քաղաքացիների հետ թիմ-թիմ չեն խաղում: Եվ տարած հաղթանակը չունի բարոյական արժևորում:
Կարդացեք նաև
Մնում է հուսալ, որ օրերից մի օր կգտնվի պետություն կամ միջազգային վարկային կազմակերպություն, որը կաջակցի, որպեսզի ՀՀ-ի իշխանությունների մոտ ձևավորվի և դրսևորվի քաղաքական կամք՝ այդ նպատակով վարկեր և ֆինանսական աջակցություններ տրամադրելով և նպատակային մոնիտորինգ անցկացնելով:
Անհրաժեշտ է, որ կազմակերպվի ուսուցողական կիրակնօրյա դասընթացներ՝ իշխանավորներին քաղաքական կամքի դրսևորման թեմաներով պարտադիր պարապմունքներին ներգրավելու համար:
Իսկ վերջում կազմակերպել ստուգողական աշխատանք, բայց ոչ շաբլոն թեստերով:
Գառնիկ Վաղարշակյան
ՀԱՄԿ-ի պատասխանատու քարտուղար