Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը`դեղատներ-պոլիկլինիկա հանցավոր կապի մասին

Փետրվար 16,2016 13:15

Ինչո՞վ կբացատրեք, որ Եվրոպայից բերված նույնանուն դեղամիջոցները իրենց ազդեցությամբ էապես տարբերվում են Հայաստանի դեղատներում վաճառվող նույնանուն, նույն գունային ելեւեջներով դեղերից: Այսօր խորհրդարանում «Դեղերի մասին» օրենքի և կից օրենքների նախագծերի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ նման հարց հնչեցրեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը պատասխանեց, որ եվրոպական եւ հայաստանյան շուկաներում դեղերի տարբերությունը պայմանավորված է բազմաթիվ գործոններով: Մասնավորաբար, դա կարող է կապված լինել նաեւ դեղերի տեղափոխման ու պահպանման հետ:

Փոխնախարարը բացատրեց, որ օրինակ, եթե ոչ հարմարեցված տրանսպորտային միջոցներով դեղը տեղափոխվի, ապա դա կարող է ազդել դեղի որակի վրա. «Մինչեւ լիցենզիա տրամադրելը մենք այսուհետ պետք է համոզված լինենք, որ ընկերությունը կարող է ապահովել անհրաժեշտ տեղափոխումը: Սա ամրագրվում է այս օրենքով»:

Փոխնախարարը պնդեց, որ դեղի որակի ստուգումը սահմանին էլ կարեւորագույն խնդիր է:

Նաիրա Զոհրաբյանին չբավարարեց փոխնախարարի պարզաբանումը: Նա չի կարծում, թե դեղի տեղափոխման ու պահպանման խնդիրներով է պայմանավորված իր բարձրացրած խնդիրը: «Ճկուն աշխատում է դեղատներ եւ պոլիկլինիկաներ հանցավոր կապը: Բժիշկները դուրս են գրում դեղեր, մատնացույց անում, թե կոնկրետ որ դեղատնից գնի հիվանդը: Բոլորս լավ գիտենք, որ այդ շղթայից բժիշկը «ատկատ է» ստանում: Ե՞րբ եք սրա վերջը տալու»,- հաջորդ խնդիրը բարձրաձայնեց Նաիրա Զոհրաբյանը:

Փոխնախարարն ասաց, որ սրա դեմ պայքարելու ձեւը հետեւյալն է. «Բժշկի կողմից դուրս գրվող դեղերը պետք է դուրս գրվեն միայն դեղատոմսով, հակառակ պարագայում մեծ տուգանքներ են նախատեսված: Կապը կտրելը պետք է տեղի ունենա միայն դեղատոմսով»:

Սա Նաիրա Զոհրաբյանին «բարի» ցանկություն թվաց, որն իրական կյանքում չի կիրառվի, քանի որ մենք չենք կարող վստահ լինել, թե քաղաքացիները մշտապես պարտադրելու են ներկայացնել դեղի մասին ողջ տեղեկատվությունը. «Այնպես որ, այս իմաստով, ես լավատես չեմ եւ չեմ հավատում, որ այդ վատ պրակտիկան այս կերպ կկարողանանք կանխել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29