Երեւանի պետական համալսարանի Հայ արվեստի պատմության եւ տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լեւոն Չուգասզյանն օրերս ընտրվել է Մոնպելյեյի ( Ֆրանսիա) Գիտությունների եւ գրականության ակադեմիայի անդամ: Սա առաջին դեպքն է, որ հայաստանցի որեւէ գիտնական արժանանում է այդ պատվին:
Aravot.am-ի հետ զրույցում պարոն Չուգասզյանը նշեց, որ անցյալ տարի էլ Միլանի Ամբրոզիան ակադեմիայի անդամ են իրեն ընտրել: Ընդ որում, Հայաստանի ազգային ակադեմիան հումանիտար գիտությունների գծով չունի որեւէ անդամ, որը արտասահմանյան երկու ակադեմիաների անդամ լինի:
Ի դեպ, Լեւոն Չուգասզյանը ՀՀ գիտությունների ակադեմիայի անդամ չէ:
Նա տեղեկացրեց, որ Մոնպելյեյի գիտությունների եւ գրականության ակադեմիան Մոնպելյեյի գիտական ընկերություն է, որը ստեղծվել է 1846 թ. եւ շարունակությունն է Մոնպելյեյի Գիտությունների թագավորական ընկերության: Վերջինս հիմնվել է 1706թ. Լյուդովիկոս XIV թագավորի հրամանով՝ որպես Փարիզի ակադեմիայի մասնաճյուղ:
Կարդացեք նաև
«Մոնպելյեյի գիտությունների եւ գրականության ակադեմիայի անդամ են ընտրվում այն ճանաչված գիտնականները, որոնք գիտեն ֆրանսերեն եւ կարող են ֆրանսերենով զեկուցում ունենալ ակադեմիայի նիստերին: Մոնպելյեյի գիտությունների եւ գրականության ակադեմիան ունի 90 լիիրավ, 20 պատվավոր եւ 42 թղթակից անդամներ: Մոնպելյեյի գիտությունների եւ գրականության ակադեմիայի բոլոր լիիրավ անդամները ֆրանսիացիներ են: Նրանց շարքում է նաեւ Մոնպելյեյի Պոլ Վալերի համալսարանի նախկին պրոֆեսոր, հայագետ Ժիրայր Դեդեյեանը, որը Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ է:
Մոնպելյեյի գիտությունների եւ գրականության ակադեմիայի բոլոր պատվավոր անդամները նույնպես ֆրանսիացիներ են: Թղթակից անդամների շարքում, բացի ֆրանսիացիներից, կան բելգիացի, իտալացի, շվեյցարիացի, մարոկկացի, սերբ, լիբանանցի, լեհ գիտնականներ՝ զանազան գիտությունների ներկայացուցիչներ»,- հայտնեց պարոն Չուգասզյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ