Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյան. «Արդեն լուրջ թեմաներից իջնում եք պատերի տակ»

Փետրվար 16,2016 12:38

«Ձեզնից ահագին նորություններ եմ լսում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե ուրբաթ օրը սահմանադրական բարեփոխումների առիթով նախագահականում Սերժ Սարգսյանի ունեցած ելույթից հետո, ՀՀԿ-ում խառնաշփոթ է առաջացել, քանի որ ՀՀ նախագահի ելույթի ուղերձները ներկուսակցական էին:

«Սերժ Սարգսյանի ելույթը տվեց բոլոր պատասխանները: Այ, որ ասում եք`ինչո՞ւ եք կոալիցիա ստեղծում, ի՞նչ կլինի մեկ-երկու տարի հետո, դա տվեց բոլոր պատասխանները: Եվ կլինի իշխանություն, թե ոչ՝ քաղաքական իշխանական ուժի ներկայացուցիչներն արդեն հասկացան, թե ի՞նչ ճանապարհով պիտի գնանք»,- ասաց նա:

Հարցին`ՀՀԿ-ին իր իշխանության յոթը տարիները քի՞չ էին, որ չաշխատեցին կոնկրետ ոլորտների չինովնիկները, ու հիմա նախագահը հարցադրումներ, շեշտադրումներ է անում, Վահրամ Բաղդասարյանը հակադարձեց, թե ցանկացած ելույթից հետո էլ կլինեն հարցադրումներ, թե ինչն էր խանգարում ամենը ավելի վաղ անել. «Քաղաքական գործընթացներ են ընթանում, երեւի այս ստուգողական պահերին, երբ համոզմունք է եղել, որ կան ինչ-որ թերություններ եւ մենք արձանագրել ենք դրանք… իսկ թերությունները վերացնելու համար մենք ընտրում ենք այս ճանապարհը, որը որ հայտարարեց հանրապետության նախագահը»:

Aravot.am-ի հարցին`նախագահն, այսպես ասած, ուղերձ հղեց նաեւ պատգամավորներին`ասելով, որ ոչ ոք թող հանգիստ չլինի, թե հաջորդ խորհրդարանում իր տեղն ապահովագրված է. այս առիթով անհանգստություններ կա՞ն: Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Իրենք բոլորը գիտեին, դա ձեզ համար է նորություն»: Նա նկատեց, որ դա քաղաքական ուժերին է վերաբերվում. «Ոչ մեկի տեղը երաշխավորված չէ»:

Լրագրողներից մեկի դիտարկումը`փաստորեն, մինչ այս բոլոր տեղերը երաշխավորվա՞ծ էին, Վահրամ Բաղդասարյանին դուր չեկավ, նա ասաց, որ «երաշխավորվածը» որեւէ բան չի նշանակում. «Պարզապես մարդիկ մտածում են, թե իրենք հեղինակություն են, միշտ կարող են անցնել, իրենց տեղը երաշխավորված է: Պառլամենտը պիտի լինի քաղաքական պառլամենտ եւ մարդիկ պետք է աշխատեն, որ վաստակեն այդ քվեները»:

Նա վրդովվեց հարցից`ի՞նչ էր ուզում ասել նախագահ Սերժ Սարգսյանը, երբ ասում էր`պատերի տակ են բամբասում, ովքե՞ր են այդ մարդիկ: «Հասկանալի է, որ արդեն լուրջ թեմաներից իջնում եք պատերի տակ…»,- ասաց նա ու հեռացավ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29