Վարչական դատարանում փետրվարի 16-ին դատավոր Լիանա Հակոբյանի նախագահությամբ շարունակվում էր Լալա Ասլիկյանի, Սեւակ Կիրակոսյանի, Արեւիկ Մարտիրոսյանը ընդդեմ ոստիկանության գործի քննությունը:
Դատական նիստին չէին ներկայացել ո՛չ հայցվորները, ո՛չ նրանց ներկայացուցիչը: Սակայն դիտորդները հայցվորների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանից գրություն էր ստացել, որտեղ ասվում է, որ Լալա Ասլիկյանը, Սեւակ Կիրակոսյանը եւ Արեւիկ Մարտիրոսյանը մասնակցել են Մաքսային միության դեմ բողոքի ակցիայի, որի ընթացքում բերման են ենթարկվել, նրանց նկատմամբ բռնություն է կիրառվել, վնասվել եւ հափշտակվել է նրանց գույքը:
Տիգրան Եգորյանը նշել է, որ այդ ամենի մասին կարող է փաստել Վարդգես Գասպարին եւ միջնորդել է վերջինիս որպես վկա հարցաքննել: Հայցվորների ներկայացուցիչը նշել է նաեւ, որ վատառողջ է եւ այդ պատճառով միջնորդում է հետաձգել դատական նիստը:
Ոստիկանության ներկայացուցիչ Արմեն Վարոսյանը ասաց, որ Գասպարիին դատակոչելու միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ Վարդգես Գասպարին որեւէ էական վկայություն չի կարող տալ, եւ հայցվորները որեւէ տեղ չեն շոշափում Վարդգես Գասպարիի ներկայությունը, ինչը հիմնավորվել է նախաքննական մարմնի կատարած քննությունը:
Կարդացեք նաև
Դատարանը Վարդգես Գասպարիին դատակոչելու միջնորդությունը մերժեց, քանի որ փաստված չէր նրա ներկայությունը:
Անդրադառնալով դատական նիստը հետաձգելու միջնորդությանը՝ Արմեն Վարոսյանը հայտարարեց, որ միջնորդությունը անհիմն է, քանի որ ակնհայտորեն հայցվոր կողմը անբարեխղճորեն օգտվում է իր դատական իրավունքներից, եւ որեւէ խոչընդոտ չկա դատական նիստը առանց հայցվոր կողմի շարունակելու համար:
Դատարանը այս միջնորդությունը եւս մերժեց, քանի որ Տիգրան Եգորյանի վատառողջ լինելը հավաստող որեւէ ապացույց կցված չէ գրությանը: Սակայն, հաշվի առնելով, որ դատաքննության առաջին նիստն է, դատարանը իր նախաձեռնությամբ քննությունը հետաձգեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 18-ին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ