Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյանը՝ «հոկտեմբերի 27»-ի գործի բացահայտման մասին. «Չկարողացա». «Իրատես de facto»

Փետրվար 16,2016 12:25

«Իրատեսի» զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը

– Ձեր վերջին հարցազրույցում անդրադարձել էիք հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը և Սերժ Սարգսյանի հետ այդ թեմայով զրույցին։ Ի՞նչ եք ակնկալում նրանից լսել և ինչո՞ւ հիմա բարձրաձայնեցիք այդ թեման։

– Հոկտեմբերի 27-ի դավադրության բացահայտման վերաբերյալ իմ տեսակետը հայտնի է հանրությանը, ավելացնելու ոչինչ չունեմ։ Ինչ տեսակետ ունի հասարակությունը, դա էլ մեծ հաշվով հայտնի է։ Որ այդ հինգն են ու գործը «ուչաստկովիի» մակարդակի գործ է՝ տեսակետն էլ 99-ին նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանի տեսակետն էր։

Թե ինչ տեսակետ ունի այդ հարցի վերաբերյալ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, թեպետ գիտեմ, որ սովորական մահկանացու լրագրողներիդ համար անհնարին է, բայց ճիշտ կլինի իրեն հարցնեք։

Իսկ ընդհանրապես ես համոզված եմ, որ հոկտեմբերի 27-ի գործը, վաղ թե ուշ, բացահայտվելու է, ինչպես Լիտվինենկոյի սպանությունը բացահայտվեց, այդ ժամանակ շատերն են ասելիք ունենալու, ուղղակի այլևս հնարավորություն չեն ունենալու։

– Հոկտեմբերի 27-ից հետո Դուք վարչապետ էիք և ունեիք բոլոր լծակները գործը վերջնական բացահայտելու համար, ինչո՞ւ չստացվեց։

– Մտածել, որ չուզեցի, անհեթեթ է, հետևաբար չկարողացա։ Ինչո՞ւ չկարողացա, ո՞վ էր խանգարում։ Ո՞վ էր Դեմիրճյանի և Վազգենի շրջապատին հնարավոր և անհնարին միջոցներով փորձում իրենով անել, պաշտոններ և զինվորական կոչումներ տալով գայթակղել, ո՞վ գործը քննող դատախազին հրամանով արգելեց ԱԺ գնալ և պատասխանել պատգամավորների հարցերին։ Ճշմարտությունը բացահայտելու և այդ նույն դատախազի խնդրանքով ու ապահով զգալու պահանջով էր, որ ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ՀՀ գլխավոր դատախազ Բորիս Նազարյանը և ես մարտի 3-ին հանդես եկանք հայտարարությամբ։

Ո՞ւմ հրահանգով էր դատավոր Սամվել Ուզունյանն ամիսներով հիվանդանում, ո՞ւմ հրահանգով էր արագացված դատական գործընթաց տանում՝ չհարցաքննելով պետության համար այդքան կարևոր գործով վկաների մեկ երրորդին։ Եվ հիմնական հարցը՝ ինչո՞ւ էր անում։

Ինչո՞ւ ինքը կարողացավ, իսկ ես՝ ոչ, արդյունքի տեսակետից երկրորդական է։ Ոչ միայն այն պատճառով, որ այն ժամանակ գործող Սահմանադրությամբ նախագահի լիազորությունները ավելի շատ էին, քան վարչապետինը, այլ, իմ կարծիքով, նաև այն, որ թե եղբորս շրջապատը, թե հանրությունը իմ մեջ ուզում էր տեսնել Վազգենին, բայց ես Վազգենի անցած ուղին և վաստակը չունեի։ Ես Վազգենը չեմ, ես ես եմ։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29