Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նախընտրում է կալանավորների՞ն

Փետրվար 16,2016 11:34

Հաշմանդամություն ունեցող են համարվում այն քաղաքացիները, որոնք մտավոր կամ ֆիզիկական անլիարժեքությամբ պայմանավորված՝ կենսագործունեության սահմանափակումների պատճառով սոցիալական օգնության եւ պաշտպանության կարիք են զգում: Այս տողերը վերցված են «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքից:

Ինչպես երեւում է՝ մեր պետությունն անգամ օրենքով է ամրագրել բարոյական հարթության մեջ ապացույցներ չպահանջող նորմը: Օգտվելով օրենքով ընձեռած հնարավորությունից, այն քաղաքացիները, որոնց մոտ որեւէ հիվանդության հետեւանքով նկատվում է կենսագործունեության սահմանափակման միտում, դիմում են ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կազմում գործող Բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն՝ հաշմանդամության կարգ ստանալու համար:

Հաշմանդամություն ստանալու գործընթացը՝ վարչական վարույթ է, որն իրականացվում է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից իսկ հաշմանդամության կարգ տալու կամ մերժելու վերաբերյալ փաստաթուղթը՝ վարչական ակտ է, որն իրավական իմաստով ոչնչով չի տարբերվում, ասենք՝ ճանապարհային ոստիկանության տեսուչի կողմից գրված ակտից:

Ինչպես երեւում է՝ խնդիրը ունի երկու կողմ: Նախ, թե՜ օրենքի, թե՜ մարդասիրության տեսանկյունից հաշմանդամները պաշտպանության կարիք ունեն եւ մյուս կողմից նրանց իրավունքների պաշտպանությանն ուղղված վարչարարությունը ոչնչով չպետք է տարբերվի այլ վարչական մարմինների կողմից իրականացվող վարչարարությունից:

Բանն այն է, որ ինչպես նշեցի, ի տարբերություն, ասենք ՃՈ-ի, քաղաքապետարանի կամ էլ հարկային տեսչության, բժիշկասոցիալական փորձաքննություն իրականացնող փորձագետներն առնչվում են հիվանդ մարդկանց հետ, որոնք պաշտպանության կարիք են զգում եւ դրանով իսկ տարբերվում են, օրինակ, քրեակատարողական հիմնարկի կալանավորներից, որոնք մեկուսացված են հասարակությունից, քանզի, այս դեպքում արդեն հասարակությունը, նրանցից պաշտպանվելու կարիք ունի:

Այս, առաջին հայացքից հեշտ ընկալվող սկզբունքը, պարզվում է, այնուամենայնիվ, խնդրահարույց է Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության որոշ աշխատակիցների համար: Կան դեպքեր, երբ փորձաքննություն իրականացնող մասնագետներն երկար ժամանակ բացակայում են աշխատավայրից, այդպիսով սպասեցնելով, իրենց նշանակված ժամին փորձաքննության եկած հաշմանդամություն ունեցողներին եւ հաշմանդամության թեկնածուներին, անտեսելով այն, որ իրենք այլ վարչական մարմինների հետ միասին գործում են միեւնույն իրավական դաշտում եւ նրանց գործունեության մեջ կիրառելի են միեւնույն օրենքները:

Փորձագետները՝ աշխատավայր չներկայանալու կամ ուշանալու բազմաթիվ պատճառներ են արտաբերում, մոռանալով, որ իրենց սպասողներն օգնության եւ պաշտպանության կարիք ունեն: Այդպիսի մի դեպքի ականատես եղա վերջերս՝ փետրվարի 12-ին: Նախապես ծանուցված ժամին, սոցիալական օգնության եւ պաշտպանության կարիք զգացող մի շարք ՀՀ քաղաքացիներ, փորձաքննության էին եկել Բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն (հարգելով «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքի պահանջները չեմ հրապարակում սույն պատմության գործող անձանց տվյալները): Փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի մասնագետներից ներկա էր միայն թերապեւտը: Մնացած հանձնաժողովականները չկային:

Սոցիալական օգնության եւ պաշտպանության կարիք ունեցող մեր հայրենակիցները սպասում էին, թե ե՞րբ են իրենց եւ ՀՀ մյուս հարկատուների հաշվին ապրող փորձագետները ժամանելու իրենց աշխատավայր: Նշանակված ժամից անցել էր մոտ մեկ ժամ: Մասնագետները չկային: Կար հիվանդ, որը չդիմացավ երկար սպասելուն՝ վատացավ եւ հեռացավ:

Հիվանդների եւ գործակալության առկա աշխատակիցների կողմից շրջանառվում էին փորձագետների բացակայության վերաբերյալ տարբեր վարկածներ, որոնցից առավել հավաստին, ըստ փորձագետ-թերապեւտի, այն էր, որ փորձագետները լրիվ կազմով գնացել են քրեակատարողական հիմնարկ: Այս վարկածը հաստատվեց նաեւ գործակալության մի շարք այլ աշխատակիցների կողմից: Հետո պարզվեց, որ կալանավայրի այցելությունները բավական հաճախ են լինում եւ դա, կարելի է ասել, փորձագետների սիրված զբաղմունքն է դարձել:

Փաստորեն ստացվում է, որ Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության փորձագետները, անարգելով հաշմանդամներին եւ հաշմանդամության թեկնածուներին, նախընտրում են իրենց օրն անցկացնել կալանավայրում:

Այստեղ ես ինձ իրավունք եմ վերապահում երկու վարկած ի հայտ բերել՝ կամ կալանավայրը փորձագետների սիրված վայրն է կամ էլ փոխվել է հաշմանդամների նկատմամբ վարվող քաղաքականությունը եւ այլեւս օգնության եւ պաշտպանության կարիք ունեն ոչ թե հաշմանդամները այլ կալանավորները: Համենայնդեպս այդպիսին է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կազմում գործող Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության փորձագետների դիրքորոշումը: Երեւի հաստատակամ եւ փորձագիտորեն հիմնավորված դիրքորոշում:

ԿԱՐԵՆ ՀԵՔԻՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29