Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշես Ներսիսյան. «Գուցե պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնություն մեկնենք ծանրամարտի կանանց ամբողջական հավաքականով»

Փետրվար 16,2016 11:26

Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում շարունակվում է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը: Կանայք ավարտել են պայքարը, որոշել հանրապետության չեմպիոններին եւ մրցանակակիրներին, իսկ տղամարդիկ նոր են սկսել պայքարը: Aravot.am-ը զրուցել է կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի հետ:

– Գո՞հ եք արդյունքներից:

– Ընդհանուր առմամբ՝ այո: Մասնակիցներից շատերը բարելավեցին սեփական արդյունքները եւ դա չի կարող չուրախացնել: Ընդ որում, պատվո պատվանդան բարձրացողներին հաղթանակները հեշտ չտրվեցին:

– Հավաքականի հիմնական անդամները 5-ից 9 կիլոգրամով գերազանցեցին աշխարհի առաջնությունում ցույց տված կիլոգրամները, բացի Նազիկ Ավդալյանից:

– Նազիկը ուսի մի փոքր վնասվածք ուներ: Նա աշխարհի անցած առաջնությունում տարիների ընդմիջումից հետո փաստորեն առաջին անգամ էր պաշտոնական խոշոր մրցահարթակ մտնում ու մի փոքր հուզվածություն կար: Հիմա խնդիրն այն է, որպեսզի նա, ինչպես ծանրամարտում են ասում, տրիկո հագնի, մտնի մրցահարթակ ու լիովին զգա այն: Բացի այդ, Նորվեգիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունը նրա համար պարտադիր է, որպեսզի լրացնի երկրորդ անհատական վարկանիշը օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքի համար:

– Նազիկը ծանրագույն վնասվածքից հետո է վերադարձել մեծ սպորտ: Ուսի, թեկուզ թեթեւ վնասվածքով հանդես գալը վտանգավոր չէ՞ր:

– Ոչ: Այդ ամենը հաշվի էր առնվել: Անգամ աննշան կասկածի դեպքում նա այս առաջնությանը չէր մասնակցի:

– Առջեւում Եվրոպայի առաջնությունն է:

– Հիմա նախապատրաստվելու ենք այդ մրցմանը, որի արդյունքները վճռորոշ են լինելու, թե որ երկու ծանրորդները կմեկնեն Ռիո դե Ժանեյրո: Հայաստանի կին ծանրորդները աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում միշտ էլ շատ բարձր արդյունքներ են գրանցել: Բայց ամեն անգամ մեկնել ենք մի քանի մասնակցով միայն: Մենք երբեք կանանց այնպիսի ուժեղ, կայուն, ամբողջական հավաքական չենք ունեցել, ինչպիսին հիմա է: Հնարավոր է, որ պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնությունում հանդես գանք ամբողջական կազմով ու փորձենք պայքարել թիմային բարձր տեղերի համար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29