Լրահոս
Օրվա լրահոսը

Այնտեղ են, որ արշալույսները խաղաղ լինեն

Փետրվար 16,2016 11:08

Փետրվարի 15-ին ՀՀ զինված ուժերում հանդիսավորությամբ մեկնարկեց 2016 թվականի ձմեռային ուսումնական փուլի սկիզբը, այս կապակցությամբ զինված ուժերի զորամասերում անցկացվեցին հանդիսավոր միտինգներ:

Ուսումնական փուլի մեկնարկով զորամասերում վերսկսվում են զինված ուժերի պատրաստության պլանով նախատեսված տեսական ու գործնական պարապմունքները: Արցախի Քաշաթաղի շրջանը բանակ-հասարակություն կապի շրջանակներում համագործակցում է հանրապետության արևելյան տարածքում տեղակայված Ն զորամասի հետ:

Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանի և «Քաշաթաղի պետական հանրակրթական հաստատությունների տնօրենություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Սահակյանի հետ ներկա եղանք հանդիսավոր միջոցառմանը, որին ներկա էին նաև ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան զինվորականներ:

Գնդապետ Հովիկ Աբրահամյանը գրեթե 1 տարի է, ինչ այս զորամասի հրամանատարն է: Նրա ողջույնի խոսքից հետո ՀՀ Օրհներգի ներքո դրոշակակիր վաշտը շարահրապարակ բերեց զորամասի մարտական դրոշը: Մեր 2 հանրապետությունների պետական դրոշների բարձրացումը վստահվեց աչքի ընկած զինվորների: Իր ելույթում հրամանատարը նշեց.

– Պարոնայք սպաներ, ենթասպաներ և զինվորներ 2015թ. ուսումնական տարին եղել է միջոցառումներով հագեցած: 2015թ. զորամասն իր առջև դրված խնդիրը կատարել է՝ պահպանելով պետական սահմանը, չնայած նրան, որ հակառակորդը տարբեր ժամանակահատվածներում, տարբեր ուղղություններով իրականացրել է դիվերսիոն հետախուզական խմբերի գործողություններ ու տարբեր զինատեսակներից գնդակոծել մեր առաջնագիծը:

Zinvorner_5 Zinvorner_4 Zinvorner_3 Zinvorner_2 Zinvorner_1

Մարտական պատրաստականության առումով զորամասում անց են կացվել մի շարք միջոցառումներ, որոնցից կարևորում եմ մայիսին անցկացված և բավարար գնահատված գնդային զորավարժությունը, որին ընդգրկվել է ողջ անձնակազմը:

Ուզում եմ կարևորել և հատուկ նշել, որ 2015 թվականին Քաշաթաղի շրջանի շրջվարչակազմի և համայնքների ղեկավարների հետ համատեղ ուժերով մեծածավալ ինժեներական աշխատանքներ են իրականացվել մարտական հերթապահությունում, կահավորվել և բարեկարգվել են բոլոր խրամաբջիջները:

Տեղին է թերևս մեջբերել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ներքոհիշյալ խոսքերը. «Հայ ժողովրդի ապագային ուղղված մեր հավաքական ջանքի ուժը պետք է ուղիղ համեմատական լինի մեզ շրջապատող երկրների տարածքների, և հակադարձ համեմատական՝ մեր երկրի այսօրվա տարածքին… Այդպես մենք կարող ենք ստեղծել բեկումնային իրավիճակ, հասնել մեր ազգային ամենանվիրական գործերի իրականացմանը՝ լիարժեքորեն տեր դառնալու մեր ամբողջական հայոց աշխարհին»:

Անհրաժեշտ է այսուհետ ևս ամեն ինչ անել, որպեսզի անառիկ մնան մեր սահմանները և մեզանից յուրաքանչյուրը պետք է իր հոգու խորքում խոստանա, որ ամեն ինչ կանի հանուն մեր հայրենիքի:

ՀՀ ՊՆ ԱՀՏԱ գծով վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Ավետիսյանը, ողջունելով ու շնորհավորելով հայոց բանակին ուսումնական փուլն սկսելու առթիվ, զինվորի համար մեծ հաջողություն համարեց գիտելիքը ասելով՝ զինվորի մարմինը, ոգին և միտքը պետք է համագործակցեն: Բարձր գնահատեց զորամասի դերը հայրենի սահմանների պաշտպանության գործում:

Զորամասի հրամանատարի ԱՀՏԱԳ տեղակալ, փոխգնդապետ Սևակ Հայրապետյանն իր ելույթում անդրադարձավ զորամասի խնդիրներին, նշեց արված լավն ու բացթողումները: Խոսելով անցած տարվա իրադարձությունների մասին՝ անդրադարձավ դեկտեմբերի դեպքերին. «2015թ դեկտեմբերի 18-ին ժամը 03:40-ի սահմաններում հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբը, ներթափանցելով դեպի թիկունք, հարձակում է գործել, որի արդյունքում նրանց կողմից արձակված «Մուխա» տիպի նռնականետից, ցավոք սրտի, զոհվեցին և անմահացան մեր զինակից ընկերներ շարքայիններ Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը և Աղասի Արսենի Գրիգորյանը: Խորին ցավակցություն հայտնելով նրանց ծնողներին ու հարազատներին և միասին սգալով անփարատելի վիշտը՝ միաժամանակ հպարտ եմ նրանց անձնազոհության և հայրենիքի սահմանների պաշտպանության մարտերում ցուցաբերած արիության համար, որն օրինակ պիտի ծառայի հայկական բանակի բոլոր զինծառայողներին»:

Զորամասի հոգևոր հովիվ Սևակ սարկավագն իր ելույթում կարևորեց զինվորների և հրամանատարության համագործակցությունը: Մաղթեց, որ Աստծո Աջը հովանի լինի հայ զինվորին, ուժ ու ոգի տա: Ելույթն ավարտեց պաշտպանիչ աղոթքով:

Ողջույնի և շնորհավորանքի խոսքում Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը շրջանի ազգաբնակչության անունից վստահեցրեց հայ զինվորականներին, որ քաշաթաղցիները կանգնած են բանակի թիկունքին:

Ելույթ ունեցան նաև սերժանտական խորհրդի նախագահը, շարքայիններ, սպաներ: Բոլորն էլ հավաստեցին իրենց ու զինակիցների անունից, որ տեր են հող-հայրենիին, ամուր են պահելու սահմանը և այստեղ են, որ արշալույսները լինեն խաղաղ ու գեղեցիկ:

Այնուհետև տեղի ունեցավ պարգևատրման արարողություն: 2015թ. ամառային ուսումնական փուլում մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, մարտական պատրաստության, ինչպես նաև զինվորական կարգապահության արդյունքներով պատրաստության բարձր ցուցանիշների և օրինակելի կարգապահության համար մի շարք գումարտակներ ու վաշտեր պարգևատրվեցին զորամասի փոխանցիկ դրոշով: Վաշտերի, ջոկերի շարքայիններ, սերժանտներ, սպաներ պարգևատրվեցին զորամասի պատվոգրով, «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով, եղան այլ խրախուսանքներ:

Զորամասի հրամանատարի կողմից պարգևներ եղան նաև Քաշաթաղի պատվիրակությանը. Ա. Մխիթարյանն արժանացավ նվերի, տողերիս հեղինակն ու Հովհ. Սահակյանը՝ պատվոգրի՝ «Բանակ-հասարակություն կապն ամրապնդելու և սերտ փոխհամագործակցություն իրականացնելու համար»:

Հանդիսավոր մասից հետո Արցախի Օրհներգի հնչյունների տակ Դրոշակակիր վաշտը հրամանատարի հրամանով դուրս տարավ զորամասի մարտական դրոշը: Զինվորական նվագախումբը հնչեցրեց մարտական երաժշտություն, և հայոց բանակի զինվորներն անցան շարք-շարք՝ պատիվ տալով հրամանատարությանը և հավաստելով, որ ծառայելու են հայրենիքին աննկուն կամքով ու անձնվիրորեն:

Զրուցելով զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Դիմիտրի Ավանեսյանի հետ ձմեռային ուսումնական փուլի սկսվելու վերաբերյալ՝ փորձառու զինվորականը կարևորեց. «Նախ յուրաքանչյուր զինծառայող հստակ պետք է իմանա իր մարտական խնդիրը: Պետք է իմանա, թե որ դեպքում ինչպես է գործելու և ինչ հաջորդականությամբ: Մնում է միայն հստակ տիրապետել այդ մարտական խնդիրներին և բարձրացնել մարտական վարպետության մակարդակը: Իսկ ինչի՞ց է ձևավորում այդ մարտական վարպետություն ասվածը՝ տեսական գիտելիքներից, գործնական ունակություններից և հմտություններից»:

Zinvorner_6

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29