Եկեք համաձայնենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Սերժ Սարգսյանը հավաքում է հատկապես յուրայիններին եւ քլնգում։ ՀՀԿ համագումարները, կառավարության հետ նրա առանձին հանդիպումներն ասվածի ապացույցն են։ Որպես կանոն, ՀՀԿ-ականներն այսպիսի հանդիպումներից հետո հայտարարություններ են անում, թե տեսա՞ք ինչ ճիշտ-ճիշտ բաներ ասաց նախագահը, սրանից հետո նրա ասածով ենք անելու եւ այլն, եւ այլն։
Նույնը տեղի ունեցավ նաեւ այս հանդիպումից հետո, որի ձեւաչափը թեեւ ՀՀԿ համագումար չէր, եւ այնտեղ էին նաեւ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, այդուհանդերձ, ասելիքի առումով շատ տարբեր չէր ՀՀԿ համագումարներում ասվածից։
Թերեւս, կարելի է առանձնացնել միայն սահմանադրական փոփոխությունների շուրջ նախագահի մատնանշումները, որոնք մինչ այս օբյեկտիվորեն բացակայել են նրա խոսքում։
Ի՞նչ ասաց նախագահը բարձրաստիճաններին, իմա՝ ՀՀԿ-ականներին, որոնք շարունակում են զայրացնել նախագահին՝ չկարողանալով առաջ տանել, ինչպես նախագահն է ասում, մեր ձեռքբերումները։ Նախագահը նրանց ասաց այն, ինչ տարիներ շարունակ ասում են ընդդիմադիրները, քննադատները, ինչ գրում ու մրում է մամուլը։ Բայց եթե ՀՀԿ-ականներն ամեն անգամ հերոսական կեցվածք ընդունած հակադարձում են ընդդիմության եւ մամուլի իրենց ուղղված քննադատություններին, ապա նախագահի ասելուց հետո մի տեսակ թրջված տեսք ունեն եւ հայտարարում են, որ նախագահը շատ ճիշտ բաներ ասաց։ Ստացվում է, որ ճիշտ բաներ ասելու համար էս երկրում պիտի նախագահ լինես։
Կարդացեք նաև
Բայց ես չէի ասի, թե ընդդիմադիր մամուլն ու վերլուծաբանները բավարարված են նախագահի ընդդիմադիր, շատ դժգոհ ելույթով։ Երեւի ավելին էին սպասում ՀՀԿ ղեկավարից, բայց, մեր կարծիքով, նա չանցավ կարմիր գիծն ու վերջնականապես տեղը չդրեց ՀՀԿ-ի պորտը։ Այլ կերպ չէր էլ կարող լինել։ Կուսակցության ղեկավարը չի կարող այդպես վարվել սեփական կուսակցության հետ ու այրել բոլոր կամուրջները։ Սերժ Սարգսյանն ավելի շատ հակված է ՀՀԿ-ին հորդորելու, համոզելու, հասկացնելու։
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում