«Ճանաչենք ժամանակակից արվեստագետներին» ծրագիրը «Բուկինիստ» գրախանութում նախաձեռնել էր հանդիպում փետրվարի 14-ին արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, դերասան Էլֆիք Զոհրաբյանի հետ: Մտերմիկ միջավայրում երիտասարդները հնարավորություն ունեցան արձակագրին տարբեր հարցեր ուղղել և փոխանակվել մտքերով:
«Ծրագիրը հնարավորություն է տալիս մարդկանց բացահայտել ժամանակակից արվեստագետների դերը մեր օրերում: Հաճախ եմ լսում`ժամանակակից գրականություն չկա: Սա արդեն շաբլոն դարձած արտահայտություն է և այդպես պնդողները հիմնականում անտեղյակ մարդիկ են: Դասական գրականությունը միշտ մնացել է իր բարձունքներում, բայց չպետք է անտեսել ժամանակակիցը»,- նշում է ծրագրի անդամ Լիանա Պողոսյանը:
Արձակագիր Էլֆիք Զոհրաբյանն անդրադարձավ ժամանակակից գրականության հիմնական խնդիրներին և բացթողումներին. «Ժամանակակից գրականությունը խմորման ընթացքում է: Մեր օրերում շատ են երիտասարդ գրողներ, որոնք մերժում են մեր ժամանակը, սակայն իրենցը չեն բերում: Իրենք հիմնականում փայլատակող ապաշնորհներ են, որոնք ակտիվ են, բայց ժամանակի ընթացքում կկորչեն»:
Կարդացեք նաև
Ներկա գտնվող ընթերցողները հնարավորություն ունեցան անմիջական զրույցներով և հարցերով ամբողջացնել Էլֆիք Զոհրաբյան անհատի, դերասանի և գրողի կերպարը:
«Շատ եմ կարևորում նման հանդիպումների դերը, որովհետև մարդը պետք է իր ժամանակի հետ քայլի և հասկանա, թե իր ներկան ինչպես պետք է արժևորի: Ովքե՞ր են իր հետ քայլող արարողները: Ժամանակակից գրականությունն էլ պետք է ունենա իր գրագետ ընթերցողը»,-նշում է ունկնդիր Նանեն:
Ծրագրի հեղինակները «Երիտասարդ առաջնորդների դպրոցի» սաներն են:
Անուշ ԱՌԱՔԵԼՅԱՆ