Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարը՝ ԱԱԾ նոր տնօրենի նշանակման մասին

Փետրվար 15,2016 19:07

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում նշվում է, թե ով կարող է նշանակվել ԱԱԾ ղեկավար: Օրենքի Հոդված 19-ը հստակ սահմանում է Ազգային անվտանգության մարմինների ծառայողին պաշտոնի նշանակելու պայմանները, որն է. «Պետական լիազոր մարմնի ղեկավար կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումը զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ առնվազն 3 տարի զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում»:

Մինչդեռ, ըստ պրն Կուտոյանի կենսագրության, նա որեւէ պաշտոն չի զբաղեցրել ԱԱ մարմինների ծառայողների բարձրագույն խմբում, առնվազն 3 տարի չի զբաղեցրել գլխավոր խմբի պաշտոն եւ չունի գնդապետից ոչ ցածր կոչում:

Aravot.am-ը նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից հետաքրքրվեց արդյոք Սերժ Սարգսյանը օրենքի խախտմա՞մբ է նշանակել ԱԱԾ նոր տնօրեն Գեորգի Կուտոյանին:

Ի պատասխան մեր հարցմանը, նախագահի մամուլի խոսնակը պատասխանեց.  «Հայաստանի կառավարությանն առընթեր ազգային անվտանգության տնօրենի թեկնածուին ներկայացվող պահանջները նախատեսված են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի ինչպես 1-ին, այնպես էլ 6.1-րդ մասով:

Օրենքի նշված դրույթը սահմանում է, որ «պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ոստիկանության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների և արդարադատության նախարարության պետական ծառայողներ, դատախազներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից այլ պետական մարմիններում պաշտոնի նշանակված ազգային անվտանգության մարմինների նախկին ծառայողներ, որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքի 19-րդ հոդվածի պահանջները շարադրված են այլընտրանքային եղանակով, բավական է թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը, հետևաբար, Գեորգի Կուտոյանը բավարարում է հիշյալ օրենքով ամրագրված պահանջները»:

Պարոն Հակոբյանը նաեւ հավելեց, որ Գեորգի Կուտոյանը Նախագահի 2016 թվականի փետրվարի 12-ի ՆՀ-175-Ա հրամանագրով է նշանակվել կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն`  հիմք ընդունելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետը և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29