Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիից Մոսկվա մեկնող ինքնաթիռից 4 հոգու իջեցրել են. փաստում է ուղեւորը

Փետրվար 15,2016 19:00

Ուղիղ մեկ շաբաթ առաջ տարբեր լրատվական կայքերում՝ Henaran.am, igyumri.com  տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ փետրվարի 7-ին Գյումրու «Շիրակ» օդանավակայանից Գյումրի-Մոսկվա թռիչքը մի քանի ժամով հետաձգվել է, քանի որ անհայտ անձը, ըստ որոշ լուրերի՝ ազգությամբ թուրք, ուղեբեռ է հանձնել, սակայն անձամբ չի ներկայացել հաշվառման՝ Մոսկվա թռնելու համար: Այնուհետ, ըստ վերոհիշյալ կայքերի, հայտնաբերել էին, որ անձնագիրը կեղծ է:

Այդ ժամանակ  Aravot.am-ին  պարզաբանեցին, որ այս պատմությունը կապված է եղել Իջևան քաղաքի բնակիչ Անդրանիկ Դովլաթբեկյանի հետ, որի ուղեբեռը գրանցել  են, սակայն նա ուշացել է թռիչքից: Իսկ ուղեբեռը, ըստ ընդունված կարգի, հետ են վերադարձրել: Այսօր մեզ հետ կապ հաստատեց տվյալ թռիչքով Մոսկվա մեկնած Շիրակի մարզի բնակիչներից մեկը (անուն-ազգանունը չենք հրապարակում նրա խնդրանքով)՝որպես ականատես պատմելով, որ ինքնաթիռը մեկ ժամ ուշացումով է թռել, պիտի մեկներ իրիկունը ժամը 22.00-ին, մեկնել է 23.00-ին: Պատճառը, ըստ նրա, եղել է այն, որ օդանավակայանի անվտանգության աշխատակիցները, բարձրանալով ինքնաթիռ ու ընթերցելով 4 ուղեւորի անուն-ազգանուն, դուրս են հրավիրել նրանց ինքնաթիռից:

Անվտանգության աշխատակիցները սկզբում պահանջել են նրանց անձնագրերը ու հրահանգել իջնել ինքնաթիռից, վերջիններս  հրաժարվել են իջնել, մյուս ուղեւորների մոտ, կարծես թե, անհանգստություն է սկսվել: Երկրորդ անգամ են հրահանգել իջնել՝ ավելի խիստ տոնով, այդ անգամ վերջիններս անձայն լքել են ինքնաթիռը: Այնուհետ իջեցրել են նրանց ուղեբեռը, որն արդեն իսկ ինքնաթիռում է եղել: Թե ինչո՞ւ են տվյալ անձանց իջեցրել, ինչի՞ մեջ էին նրանք կասկածվում, մյուս ուղեւորների համար այդպես էլ անհայտ է մնացել: Մեզ հետ կապ հաստատած ուղեւորը, որը գործերով մշտապես Մոսկվա գնացող-եկող է, խնդրում էր ճշտել, թե ինչո՞ւ  նրանց իջեցրեցին, ի՞նչ էր պատահել: Ի դեպ, մեր զրուցակիցը հիշում էր, որ ուղեւորներից մեկը  տարօրինակ ազգանունով  էր, նրա ասելով՝  հենց Դովլաթբեկյան էր:

Մենք կապ հաստատեցինք  «Զվարթնոց» օդանավակայանի մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանի հետ՝ ճշտելու, թե ի վերջո ի՞նչ է իրականում կատարվել, ո՞ր մեկի ներկայացրած պատմությունն է ճիշտ. օդանավակայանից ու ոստիկանությունից պարզաբանում են, թե արտառոց ոչինչ չկա, պարզապես Իջեւանի բնակիչ Դովլաթբեկյանն է  ինքնաթիռից ուշացել, ուղեւորներն էլ փաստում են, թե 4 հոգու ինքնաթիռից իջեցրել են: Գևորգ Աբրահամյանն ասաց, որ սա իր պարզաբանելու թեման չէ, դիմենք ոստիկանություն: Մենք դիմեցինք ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, այստեղից էլ խորհուրդ տվեցին դիմել Ազգային անվտանգության ծառայություն: Այստեղից էլ նշեցին, որ 4 ուղեւոր իջեցնելու դեպք չի եղել:

Այս թեմայի շուրջ ակնկալում ենք օդանավակայանի պատասխանատուների ճշմարիտ, իրականությանը համապատասխանող պարզաբանումները. ի վերջո ինքնաթիռում մոտ 200 ուղեւոր է եղել, մեծ մասը հենց Շիրակի մարզից ու մեզ ահազանգած ուղեւորի ասելով, հենց այդ օրը առավել մանրակրկիտությամբ են մարդկանց ուղեբեռը զննել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29