Հայաստանում Լեհաստանի դեսպանատան նախաձեռնությամբ այսօր Երևանի «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ին նվիրաբերվեցին հիգիենայի պարագաներ եւ 2 քայլակ: «Երբ Հայաստան ժամանեցի, բարեգործությամբ զբաղվելու մեծ ցանկություն կար: Իմանալով հայ-լեհական բիզնես գործակցության մասին՝ փորձեցի լեհ գործարարներին ներկայացնել Հայաստանը, որպեսզի իրենց փոքրիկ լուման ներդնեն եւ հանդես գան այսպիսի բարեգործությամբ»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկիի կինը՝ Յադվիգա Նովակովսկան: Նա տեղեկացրեց, որ լեհահայ Ջուլիետա Կիվորկովայի աջակցությամբ մանկատանը գործում է նաեւ ատամնաբուժարան: «Ռազմական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանն էլ իր հերթին դրամական նվիրատվություն կատարեց՝ ատամնաբուժարանի տեխնիկական վերազինման նպատակով:
«Դեսպանի կինը բազմիցս հյուրընկալվել է մեզ մոտ եւ տեսել, որ երեխաները հատկապես տակդիրների խնդիր ունեն: Մանկատունը պետբյուջեից է հովանավորվում եւ կարողանում է հոգալ ծախսերը: Բացառություն է տակդիրներ ձեռք բերելու հարցը: Մանկատուն հիմնականում ընդունվում են հատուկ կարիքներով երեխաներ: Այստեղ խնամվում են մտավոր եւ ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաներ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Մարի Իզմիրլյանի անվան մանկատան տնօրեն Հասմիկ Մկրտչյանը:
Այս պահին մանկատանը խնամվում է 109 երեխա: 2015թ. 10 երեխա վերադարձել է կենսաբանական ընտանիք, երկու երեխա էլ որդեգրվել է: «Այդ ամենը սոցիալական աշխատողի եւ հոգեբանի աշխատանքի շնորհիվ եղավ: Նրանք ծնողների հետ հատուկ կրթական եւ զարգացման ծրագրեր են իրականացնում: Բարդ արատներով երեխաներից հիմնականում ծննդատանն են հրաժարվում»,-հավելեց Հասմիկ Մկրտչյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ