Փետրվարի 14-ին մեկնարկեց Tumo4Aurora նախաձեռնությունը: Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի շուրջ 10 000 ուսանողներ հնարավորություն կստանան մասնակցելու «Ավրորա» (The Aurora Prize for Awakening Humanity) միջազգային մարդասիրական մրցանակի հիմնական խորհրդանիշների ստեղծմանը:
Թումոյի ուսանողների հետ հանդիպմանը IDeA hիմնադրամի «100LIVES» և «Aurora Prize» մրցանակ նախաձեռնությունների գլխավոր տնօրեն Արման Ջիլավյանը պատմեց «Ավրորա» մրցանակի մասին:
«Ավրորա»-ն խորհրդանշում է հայ ժողովրդի երախտագիտությունն այն մարդկանց և կազմակերպություններին, ովքեր փրկել են մեր հայրենակիցներին Հայոց ցեղասպանության ժամանակ: Մենք հաղթել ենք, որովհետև չենք մահացել, իսկ հաղթողին բնորոշ է երախտագիտության զգացումը։ Մեր ցանկությունն ու նպատակն է, որ յուրաքանչյուր հայ ընկալի «Ավրորա»-ն որպես մի մրցանակ, որը հենց իր անունից է տրվում այսօրվա հերոսներին, ովքեր օգնում են մարդկանց՝ վտանգելով սեփական կյանքը: Այս առումով շատ կարևոր է, որ Թումոն իր 10 000 ուսանողների հետ միանում է նախաձեռնությանը»,- ասաց Արման Ջիլավյանը:
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանն իր խոսքում ընդգծեց թումոցիների մասնակցության կարևորությունը:«Երանի ձեզ, որ կարող եք ձեր ներդրումն ունենալ այս հիանալի ու աշխարհին տեսանելի նախաձեռնության մեջ։ Մենք հպարտ ենք, որ «100LIVES»-ը մեր ուսանողներին տալիս է այս հնարավորությունը», – նշեց նա։
Թումոյի ուսանողները կմասնակցեն «Ավրորա» մրցանակի խորհրդանիշների`արձանիկի, կարգախոսի և գրաֆիկական տարրերի ստեղծման մրցույթին: Դրանց ստեղծման նպատակով Թումոյում կկազմակերպվի չորս հատուկ դասընթաց, որոնց արդյունքում կստեղծվեն մրցանակի չորս տարբերակներ, իսկ կարգախոսի և գունապնակի առաջարկներ հնարավորություն կունենա ներկայացնել Թումոյի ցանկացած ուսանող անհատապես:
Aurora Prize-ի ստեղծագործական խորհրդի կողմից հաղթող ճանաչված տարբերակը կյանքի կկոչվի և կընդգրկվի «Ավրորա» մրցանակի և մրցանակաբաշխության վիզուալ նյութերում: Հաղթող չճանաչվելու դեպքում ընտրված տարբերակները կցուցադրվեն UWC Դիլիջան քոլեջում ՝ հանդիսանալով Թումոյի ստեղծագործական ներդրումը «Ավրորա» մրցանակին:
***
2016-ի ապրիլի 24-ին Երևանում տեղի կունենա «Ավրորա»-ի առաջին մրցանակաբաշխությունը: 2016թ. մարտին Ընտրող հանձնաժողովը կհրապարակի մրցանակի երեք հավակնորդների անունները, իսկ ապրիլի 24-ին «Ավրորա» մրցանակի անդրանիկ հաղթողը կպարգևատրվի 100.000 ԱՄՆ դոլար մրցանակով և, բարեգործության շղթան շարունակելու բացառիկ առիթով, նրան հնարավորություն կտրվի 1.000.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհի առաջադրել իրեն ոգեշնչած և գործողությունների մղած կազմակերպությանը։
Ընտրող հանձնաժողովի համանախագահներն են Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Ուիզելն ու դերասան, Not On Our Watch բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Ջորջ Քլունին:
Թումո ստեղծագործական տեխնոլոգիաների կենտրոնի հաղորդակցման բաժին
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժին