Լրահոս
Օրվա լրահոսը

Մի կարևոր վկայություն ռուս-թուրքական (բոլշևիկա-քեմալական)  հարաբերությունների սկզբնավորման մասին (մայիս, 1919թ.)

Փետրվար 15,2016 17:14

Վերջին շրջանում շատացել են քննարկումները ռուս-թուրքական հարաբերությունների և այդ հարաբերությունների պատմության մասին: Դա մեծապես պայմանավորված է ռուսական քաղաքացիական օդանավի պայթեցման գործում թուրքերի ունեցած դերի, Թուրքիայի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի կործանման, ինչպես նաև ռուս-թուրքական՝ ավելի ճիշտ բոլշևիկա-քեմալական, Մոսկվայի 1921թ. մարտի 16-ի պայմանագրի առաջակված չեղարկման հետ:

Ռուս քաղաքական գործիչները հաճախ շեշտում են, որ թուրքերը երախտամոռ եղան՝ եթե չլիներ ռուսական օգնությունը, ապա Թուրքիայի Հանրապետությունը չէր կայանա ներկա սահմաններով: Դա, իհարկե, իրականություն է, սակայն իրականության մի մասն է միայն: Պատմական փաստերը վկայում են, որ ռուս-բոլշևիկները ոչ միայն եղել են քեմալական շարժման աջակիցները, այլև, ըստ էության, եղել են այդ շարժման հրահրողները:

Ավանդական թուրքագիտությունը բոլշևիկա-քեմալական առաջին շփումները թվագրում է 1920թ. ապրիլից՝  Լենինին հասցեագրված Աթաթյուրքի նամակից: Սակայն փաստերը վկայում են, որ հարաբերությունների հաստատման նախաձեռնողները եղել են բոլշևիկները և դա տեղի է ունեցել նշյալ փաստից գրեթե մեկ տարի առաջ՝ 1919թ. մայիսի վերջին:  Հենց ռուս-բոլշևիկներն են եղել նախկին իթթիհադականներին ոգեշնչողները, օգնություն առաջարկողներն ու  և տրամադրողները:  Բանակցությունները վարել է այդ ժամանակ գնդապետ, հետագայում ՍՍՀՄ մարշալ,  Սեմյոն Բույդյոնին: Բանակցությունների մանրամասները պահպանվել են բանակցություններին մասնակցած  Հյուսամեդդին Էրթյուրքի (Hüsameddin Ertürk) հուշագրության մեջ: Հյուսամեդդին Էրթյուրքը Մուսատաֆա Քեմալի մերձավոր զինակիցներից էր, Օսմանյան բանակի փոխգնդապետ, իթթիհադական կուսակցության և տխրահռչակ Թաշքիլաթ-ե մահսուսա կազմակերպության անդամ: Նա ազգայնական Կարակոլ (Karakol)  կազմակերպության և  Միմ-միմ խմբի (Musellah Müdafaa-i Milliye Gribu = Ազգային զինված դիմադրության խումբ)  հիմնադիրներից և ղեկավարներից էր:

Հուշագրությունը տպագրվել է 1957թ.-ին Ստամբուլում՝  ՛՛Երկու ժամանակաշրջանի հետնաբեմը՛՛ (Iki Devrin Parde Arkasi) վերնագրով: Մոդուս վիվենդի կենտրոնը,  Հակոբ Չաքրյանի թուրքերենից կատարած թարգմանությամբ, հայ ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում մի հիշարժան հատված այդ հուշագրությունից: Հուշագրության 70-րդ գլուխը՝ 338-342 էջերի հատվածը,  ներկայացվում է չնչին կրճատումներով:

Աղբյուրը՝  Hüsameddin Ertürk, Iki Devrin Perde Arkasi, yazan: Samiհ Nafiz Tansu, Istanbul, 1957, s. 338-342.    (Հյուսամեդդին Էրթյուրք, Երկու ժամանակաշրջանի հետնաբեմը, գրի առավ՝ Սամիհ Նաֆիզ Թանսու,  Ստամբուլ,  1957թ., էջ 338-342 )

                                                                        Արա Պապյան

Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար, 15 փետրվարի, 2016թ.

 

Գլուխ 70. Ինչի մասին է խոսել Մուստաֆա Քեմալը Հավզայում ռուսական պատվիրակության հետ

1919 թ. մայիսի 19-ին, Բանդրմա (Badirma) շոգենավով Սամսուն հասած Մուստաֆա Քեմալ փաշան, այնտեղ մնաց մի քանի օր, ապա իր շտաբի հետ մեկնեց Հավզա (Havza): (….)

Մուստաֆա Քեմալն ու ընկերներն այս գողտրիկ ավանում մնացել են 22 օր և հանդիպել են մինչ այդ այնտեղ հասած խորհրդային պատվիրակության հետ: Պատվիրակությունը գլխավորում էր ռուս գնդապետ (գեներալ) Բուդյոնին (Budiyeni): Թավ բեղերով, անփառասեր այս զինվորականի հետ Մուստաֆա Քեմալն արագ մտերմացել և նրանք շուտով բարեկամացել էին:

էջ 338 h

 

Գնդապետը բոլշևիկյան Ռուսաստանից զենք, զինամթերք և դրամական միջոցներ էր խոստանում և փոխարենը թուրքերին կոչ էր անում պայքարի դուրս գալ ընդհանուր թշնամիների Անտանտի պետությունների դեմ: Եթե Բուդյոնու պահանջներն այսքանով սահմանափակվեին, Մուստաֆա Քեմալ փաշան իսկույն կհամաձայներ և կարիք չեր լինի այդքան երկարաձգել բանակցությունները: Սակայն ռուս գնդապետը մի նկրտում էր ունեցել, որը նա շուտով բերանից թռցրեց: Գնդապետ Բուդյոնին Մուստաֆա Քեմալին հարցրել էր.

-Ինչպիսի վարչակարգ է ենթադրում մեծարգո գեներալը Անատոլիայում նախատեսվող կառավարության համար:

Մուստաֆա Քեմալը իսկույն գլխի էր ընկել, թե ինչ նկրտում ունի զրուցակիցն ու առանց շփոթվելու պատասխանել.

-Հարկավ պետական խորհուրղներին, խորհրդային հանրապետությունների վարչակարգերին նման կառավարում ….

-Այսինքն բոլշևիկյան սկզբունքների վրա ստեղծված հանրապետություն, այդպես է իմ գեներալ…

-Այո, այդպես է, եթե ասենք պետական սոցիալիզմ, ավելի ճշգրիտ արտահայտված կլինենք:

– Սակայն, սոցիալիզմը հասարակական ոլորտին է վերաբում, կացության մի ձև է, կուզենայինք, որ դուք նկատի ունենաք նաև կոմունիզմը: Միայն այդ դեպքում ձեր մեծ հարևան Ռուսաստանը ձեզ օգնելու համար կանի այն, ինչ հնարավոր է:

Մուստաֆա Քեմալը կռահում էր, որ գնդապետ Բուդյոնին փորձում է կանխավ խոստում կորզել, սակայն չէր մոռանում օգնության այն կարիքը, որի անհրաժեշտության մեջ էր ինքը: Խորհրդային պատվիրակությունը Հավզայից հեռացել էր մեծ հույսերով: Մուստաֆա Քեմալը հնարամիտորեն ձերբազատվել էր նրանցից: Նույնիսկ մտադիր էր վտանգի սաստկացման դեպքում օգտվել ռուսական կորպուսի ծառայությունից: Ֆևզի Չաքմաքի (Fevzi Çakmak) վկայությամբ, որին անձամբ հանդիպել եմ, այդ միջադեպի մասին Մուստաֆա Քեմալն իրեն հետևյալն էր ասել.

էջ 339 h

 

-Այդ ժամանակ արհավիրքի կամուրջով անցնելու խնդիր ունեինք, ժողովրդական առածին համապատասխան մինչև կամուրջն անցնելը … (արջին-Հ.Չ) քեռի ենք ասել:

Հանդիպմանը գնդապետ Բուդյոնին Մուստաֆա Քեմալ փաշային ասել էր, որ արևելքում նախատեսվող հայկական և քրդական պետությունները, այդ թվում Սև ծովի առափնյա շրջանում ձևավորվող պոնտական կառավարությունը, Բաթումը ներառյալ, Անտանտի տերությունների կողմից սեփականացվել են, ավելացնելով, թե Խորհրդային Միությունը պատրաստ է այս ամենի դեմ պայքարի դուրս գալու նոր Թուրքիայի հետ: Գնդապետ Բուդյոնին ասել էր.

-Մենք մտադիր չենք երես տալ ցարական Ռուսաստանի առաջամարտիկ և Կովկասի սադրիչ հայերին: Առավել ևս դժգոհ ենք հայ դաշնակների և հնչակների հետպատերազմյան գործունեությունից: Նրանք ուժեղների ծառան կդառնան: Ով կարող է երաշխավորել, որ վաղը չեն գործելու անգլիացիների, ֆրանսիացիների կամ ամերիկացիների օգտին:

Գնդապետի այս խոսքերը հիմք էին հանդիսացել, որ Մուստաֆա Քեմալը հանգի Անատոլիային գործական օգնություն տրամադրելու խորհրդայինների առաջարկի ենթադրության: Թերևս, դա էր պատճառ, որ գնդապետը հարցրել էր.

-Իմ գեներալ, Մուդրոսի զինադադարի հետ համակերպվելու հետևանքով զինաթափվել է ձեր բանակը,

էջ 340 h

առգրավվել են զենքերը, զինապահեստները, չեմ պատկերացնում, թե այս պայմաններում մի կողմից հույների, իսկ մյուս՝ հայերի, պոնտացիների և Անատոլան ամբողջովին օկուպացրած Անտանտի տերությունների դեմ ինչպես եք պայքարելու…:

Ի պատասխան նա (Մուստաֆա Քեմալը-Հ.Չ.) ասել էր.

-Այո գնդապետ իմ, մեր վիճակը խիստ անմխիթարական է: Սակայն մեր ազգը օրհասական պահերին հրաշքներ գործելու ունակություն ունի: Դուք հանգիստ եղեք, ընդհանուր թշնամու դեն մենք ավելի վտանգավոր և հզոր կլինենք, քան ենթադրում եք, հետո հանկարծ չզարմանաք…:

Այս խոսքերի վրա գնդապետ Բուդյոնին, Ջևադ Աբբասի (Cevad Abbas) փոխանցմամբ, երկար մտածելուց հետո ասել է.

-Ես լիազորված եմ հայտնելու, որ Ռուսաստանը պատրաստակամ է բավարարել ձեր կարիքները: Միայն թե դուք ընդառաջ գնաք մեր ցանկություններին: Վերացրեք սուլթանությունն ու խալիֆայությունը և հռչակեք կոմունիստական կարգեր:

(…)

Մուստաֆա Քեմալն հաշվենկատ էր խոսել, դիմացինին հուսադրել էր և վստահություն ներշնչել նրան: Ապա ծիծաղելով ասել էր.

– Սիրելիդ իմ գնդապետ, Ձեր ասածները այնքան դյուրին չեն, ինչ ենթադրում եք: Սուլթանական ինստիտուտը խիստ թուլացել է, հասել տապալման շեմին: Խալիֆայությունը ավելի մեծ համբերություն պահանջում,

էջ 341 h

նույնիսկ ավելի քան զգոնություն: Մեկ էլ թիկունքում իսլամական աշխարհն է: Դա պետք է հաշվի առնենք: Նրանց աջակցությունն այո պահին մեծ անհրաժեշտություն է: Անգլիացիներին զսպելու ենք շնորհիվ դրա: Ներկա պահին անհնար է կոմունիզմ հռչակելը: Նախ` պետք է հարցը բացատրել երկրին: Ներկայումս մեր գլխավոր նպատակը, պատերազմը, պայքարը հաղթական ավարտին հասցնելն ու օկուպացիան վերացնելն է: Հաղթանակի ապահովումից հետո մենք ձեր պայմանների մասին կմտածենք անհամեմատ հանգիստ մթնոլորտում և ավելի հանդարտ հոգեվիճակով:

Մուստաֆա Քեմալ հեռատես զինվորական էր: Ամեն ինչ անկեղծորեն ասել էր նրանց: Մեծ պայքարի շեմին թուրքերին շուտափույթ աջակցություն էր պետք: Այդ առումով խիստ օգտակար եղավ Հավզայի հանդիպումը: Գնդապետ Բուդյոնին վայելում էր և Լենինի, և Ստալինի, և թե Տրոցկու վստահությունը: Երբ նա վերադարձավ Ռուսաստան, Մուստաֆա Քեմալն մարտահրավեր նետեց Ստամբուլի կառավարությանն ու սուլթանին և Ռուսաստանից ստացավ այն, ինչ ուզում էր՝ հրանոթ, հրացան, զինամթերք և ռուբլի ոսկով: Սովետների օգնությունը գագաթնակետին էր հասել վճռական ճակատամարտից առաջ:

էջ 342   h

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29