Բնապահպանական թեմաներով միջազգային գիտաժողովներին, որտեղ մոլորակը բնապահպանական աղետներից փրկելու վերաբերյալ որոշումներ են կայացվում, մասնակից երկրները որեւէ պարտավորություն չունեն դրանք իրագործելու, հետեւաբար պատժամիջոցներ էլ չկան նախատեսված, եթե այս կամ այն երկիրը ստանձնած պարտավորությունը չի կատարում:
Այսօր Aravot.am-ը «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանից հետաքրքրվեց, թե որեւէ կերպ չի՞ տուժում երկրի հեղինակությունը, եթե ասենք` Հայաստանը չի կատարում ՄԱԿ-ի կամ մեկ այլ միջազգային կառույցի հորդորը:
Տիկին Դանիելյանն ասաց, որ պատիժն այն կարող է լինել, որ կոնվենցիաներից դուրս անեն, ինչը, նույնպես կվնասի երկրի հեղինակությանը:
Կարդացեք նաև
«Նոյյան տապան» մամուլի սրահում Կարինե Դանիելյանն ասաց, որ, մոլորակը սկսել է մեզ դուրս մղել, սակայն մարդկությունն այդ ամենը չի տեսնում, որոշում է`ով է հզորը: Տիկին Դանիելյանը վկայակոչելով գիտնականների մտահոգությունն՝ ասաց, որ մարդկությունը բնության հետ հակասության մեջ է մտել, ինչի պատճառով էկոհամակարգն այնպիսի փոփոխություն կկրի, որ մարդը չի կարող ապրել այդպիսի համակարգում. «Գիտնականներն ասել էին, որ մեզ մնացել է քսան տարի, որպեսզի այդ իրավիճակը փոխենք, որպեսզի մարդը կարողանա ապրել, քսան տարին արդեն անցել է»:
Կարինե Դանիելյանի տվյալներով, տարեկան մոլորակի վրա ոչնչանում է հինգ միլիոն հեկտար անտառ, կորցվում է մինչեւ 70 տոկոս կենդանատեսակ, ջրային ռեսուրսների աղտոտվածությունը հասել է 90 տոկոսի, օվկիանոսներում թափոնների սարեր են առաջացել:
«Մենք բնությունից 20 անգամ ավելի շատ ենք վերցնում, քան բնությունը հասցնում է վերականգնվել: Տարեկան ավելորդ տեղը 70 հազար մահ է լինում: Ամեն տարի երկրաշարժերն ավելանում են: Աղետներից տարեկան 60 հազար մարդ է մահանում»,- ասաց տիկին Դանիելյանը` վստահեցնելով, որ աղտոտվածությունից առաջինը տուժում է մարդու հորմոնալ համակարգը. «Ես չեմ զարմանում, որ համասեռամոլությունն ավելանում է»:
Այդ է պատճառը, որ ըստ տիկին Դանիելյանի, առողջապահության ոլորտը հիվանդությունների հետեւից չի հասցնում. «Էկոհամակարգում առաջինը արձագանքում են վիրուսները, որոնք մուտացիայի են ենթարկվում եւ անընդհատ նոր հիվանդություններ են առաջանում»:
Նրա խոսքերով, քաղցկեղ հիվանդությունը հզոր հարված է մարդկությանը. «90 թվականից մինչեւ 2013 թվականը երկու անգամ քաղցկեղն ավելացել է: Մենք ունենք երկու մեծ դժբախտություն՝ հանքարդյունաբերությունը, որի հետեւանքով ծանր մետաղներով հագեցնում ենք հողը, ջուրը եւ` քաղաքաշինությունը: Պատահական չէ, որ Երեւանում բավականին բարձր է, հիվանդությունների ցուցանիշը: Որքան հնարավոր է կանաչ տարածքները կառուցապատել են, կենտրոնը, որ պետք է մաքուր օդ մատակարարեր, ամբողջովին կառուցապատեցին, շինանյութերը իրենց ռադիոակտիվ ֆոնն է բերում եւ մենք շարունակում ենք շենքը շենքի վրա շարել, որովհետեւ ախպեր տղերքը տենց են ուզում»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ