«Գործող նախագահը փայլուն ելույթ ունեցավ Աստանայում: Այն ժամանակ ես ասացի՝ կեցցեն ճառ գրողները: Այս անգամ կարծես փոխվել են այդ գրողները: Նախագահի խոսքը պետք է պատրաստեն վերին աստիճանի պրոֆեսիոնալ մարդիկ»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:
Ըստ տիկին Ալավերդյանի, Սերժ Սարգսյանի խոսքը ասես վերցված էր մեկ այլ երկրի նախագահի խոսքից՝ երեւի Պուտինից:
Լարիսա Ալավերդյանը եկել էր ասուլիսի՝ նախագահի ելույթի տեքստը ձեռքին: Նա նախ դժգոհեց, որ տեքստը հայերեն ճիշտ չի գրված ու սկսեց սխալները նշել. «Ելույթում ասում է՝ մեզ չպիտի գոհացնի այն վիճակը, որ այսօր կա ՀՀ-ում: Մենք պետք է մատնացույց անենք գրեթե բոլոր ոլորտներում քայլ առ քայլ ձեռք բերվող հաջողությունները: Բայց միշտ պետք է չբավարարվենք դրանցով… Ես կոչ եմ անում նախագահի աշխատակազմին ուղղակի հարգել այդ պաշտոնը, ուշադիր գրել իր խոսքը: Սա շատ վիրավորական է»:
Հետո տիկին Ալավերդյանն անդրադարձավ բովանդակությանը՝ «Առաջին նախագահի այն խոսքին՝ եթե ուզում եք լավ ապրեք, պետք է Արցախի հարցը լուծվի՝ գործող նախագահը վերջապես պատասխանեց, որ ՀՀ բարեկեցությունը դրանից չի կախված»:
Կարդացեք նաև
Ի պատասխան՝ ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը շնորհակալություն հայտնեց Լարիսա Ալավերդյանին՝ խորը լեզվաբանական վերլուծության համար. «Զավեշտ է, որ երկու ռուսախոս մարդիկ պետք է փորձեն վերլուծել ՀՀ նախագահի ելույթի հայեցիությունը: Ես ինձ վրա նման պատասխանատվություն չեմ վերցնի: Միգուցե կան հայոց լեզվի խութեր, բայց դրանից էությունը չի փոխվում, որովհետեւ սա ուղերձ էր՝ հանրությանը, ոչ թե կուսակցությանը»:
Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ՝ ելույթում կան վերին աստիճանի գեղեցիկ ցանկություններ, բայց կարդում ենք այդ ցանկությունները, հետո ի՞նչ: Չկան ծրագրային դրույթներ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ