Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրված խոզի մսի, սառեցրած հավի ու ձկան գործով փաստաբանների բողոքը

Փետրվար 15,2016 16:18

Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում մի խումբ անձանց նկատմամբ դեռեւս 2014 թվականին հարուցվել էր քրեական գործ Վրաստանից բեռնատարներով Շիրակի մարզի «Բավրա» մաքսակետով մաքսանենգ ճանապարհով Հայաստան խոշոր չափի ապրանքներ՝ խոզի միս, սառեցրած հավ, սառեցրած ձուկ, մեքենայի յուղ, կահույք, անվադողեր տեղափոխելու փաստով:

Ինչպես տեղեկանում ենք, Datalex տեղեկատվական համակարգից, այդ գործով կան 11 մեղադրյալներ, որոնցից մեկը պաշտոնատար անձ է՝ Շիրակի բաժնի «Բավրա» մաքսակետի բաժանմունքի մաքսային տեսուչ Աշոտ Գևորգյանն է: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա, աշխատելով որպես ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների նախաբացթողումային հսկողության վարչության Շիրակի բաժնի «Բավրա» մաքսակետի բաժանմունքի մաքսային տեսուչ, հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ Սահմանադրությամբ սահմանված կարգով մաքսային կետում իրականացնելով ապրանքների, տրանսպորտային միջոցների և անձի զննման, համապատասխան մաքսային ձևակերպումներից հետո բացթողման, մաքսային կանոնների խախտում հայտնաբերելու դեպքում դրա վերաբերյալ արձանագրության կազմման լիազորություններ, Ջհանգիր Ապրեսյանի, Տիգրան Խաչատրյանի,Վարուժան Վարդանյանի, Տիգրան Գինոսյանի,Կարեն Մկրտումյանի,Արտեմ Ավետիսյանի, Ժորա Ասլանյանի, Արթուր Ոսկանյանի,Ալբերտ Ներսիսյանի,Մարատ Սաֆարյանի,Միխեիլ Դանելիայի և Բադրի Գումբերիձեի հետ նախնական համաձայնությամբ` 2013թ դեկտեմբերից մինչև 2014թ փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում իր պաշտոնեական դիրքն օգտագործելով` 10 դեպքով առանց մաքսային հսկողության, ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել է խոշոր չափերով ապրանքներ: Բացի այդ, Աշոտ Գևորգյանը, նույն ժամանակահատվածում, անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար 3 դեպքով պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք»:

Մյուս բոլոր անձիք մեղադրվում են «Բավրա» մաքսակետի բաժանմունքի մաքսային տեսուչ Աշոտ Գևորգյանի հետ նախնական համաձայնության գալու, համագործակցելու, նրա միջոցով ՀՀ մաքսային սահմանն առանց մաքսային հսկողության անարգել տարբեր ապրանքներ անցկացնելու մեջ:

Այսպես Միխեիլ Դանելիայի անունը կապվում է մաքսանենգ ճանապարհով 26.050 կգ սառեցված հավի մսի փոխադրման հետ, Ժորա Ասլանյանի անունը՝ անհատ ձեռներեց «Կարեն Մկրտումյան»-ի տվյալներով ձևակերպված` 29.911.082 ՀՀ դրամին համարժեք 73.738 ԱՄՆ դոլար արժողության 26.050կգ սառեցված հավի միս ու խոշոր չափերով `30.816.492 ՀՀ դրամին համարժեք 75.884 ԱՄՆ դոլար արժողության 27.952 կգ քաշով սառեցված խոզի միսն առանց մաքսային հսկողության «Բավրա» մաքսակետով ՀՀ տեղափոխելու հետ: Ըստ մեղադրական եզրակացության, Ժորա Ասլանյանը, դրանք փոխադրել է անհատ ձեռներեց Կարեն Մկրտումյանի պատվերով, նախնական համաձայնության գալով այս անձի, Ա.Գևորգյանի. Տ. Խաչատրյանի, Ա. Ոսկանյանի , և Վ.Վարդանյանի հետ: Ջհանգիր Ապրեսյանին էլ մեղադրանք է առաջադրվել 2013թ դեկտեմբերին « Բավրա» մաքսակետի բաժանմունքի մաքսային տեսուչ Աշոտ Գևորգյանի հետ Երևան քաղաքում ծանոթանալու ու նրա միջոցով ֆինանսապես շահավետ տարբերակով խոշոր չափի՝ 15.750 կգ քաշով սառեցված ձուկ Վրաստանից Հայաստան փոխադրելու ու այս նպատակի համար Երևան քաղաքում որպես կաշառք պահանջված 2.552.540 ՀՀ դրամին համարժեք 6.000 ԱՄՆ դոլար գումար վճարելու հետ:

Ազգությամբ վրացի Բադրի Գումբերիձեն էլ մեղադրվում է Թբիլիսի քաղաքում գործող «Մավի» ՍՊԸ-ից Վ. Վարդանյանի կողմից ձեռք բերված, սակայն Գյումրիի բնակիչ Վ. Գևորգյանի տվյալներով ձևակերպված` 22.750կգ ընդհանուր քաշով, 11.167.750 ՀՀ դրամին համարժեք` 27.500 ԱՄՆ դոլար արժողության մեքենայի յուղը մաքսանենգ ճանապարհով Հայաստան փոխադրելու համար:

Ու այսպես շարունակ. գործը բազմադրվագ է. 11 անձի մեղադրանքներ են առաջադրվել: Նկատենք, սակայն, որ 6 ամիս է՝ այս գործով դատական նիստեր ընդհանրապես տեղի չեն ունենում, այն քննվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում 2015 թվականի ապրիլից, նախագահող դատավորը Հարություն Մովսիսյանն է:

Դատական նիստերը նշանակված են ամեն չորեքշաբթի, սակայն կալանավորներին դատարան տեղափոխող մեքենա կամ էլ բենզին չլինելու պատճառաբանությամբ նիստերը մշտապես հետաձգվում են: Այս մասին մեզ բողոքել են ամբաստանյալները: Ի դեպ, նախորդ չորեքշաբթի մենք ցանկություն հայտնեցինք մասնակցելու դատական նիստին, սակայն, այն դարձյալ տեղի չունեցավ:

Երկու օր առաջ Aravot.am-ն այս գործի վերաբերյալ ստացել է բաց նամակ, որտեղ գրված է. « ՇԴ/0024/01/15 քրեական գործի մասին՝ մանրամասներ են հաղորդում փաստաբաններ Վ. Մանուկյանը եւ Վ. Հայրապետյանը:

Gumri_2

Նախ եւ առաջ հիշեցնենք, որ սույն քրեական գործը հարուցվել եւ նախաքննությունը կատարվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում, որը ուղեկցվել է բազմաթիվ ակնհայտ կոպիտ խախտումներով, հրամցրած ու առաջադրված շինծու մեղադրանքով, ինչը կարմիր թելով անցնում եւ շարունակվում է դատարանում դատախազի եւ դատավորի օլիմպիական հանգստության ներքո: Արդեն երկու տարի է՝ ինչ շարունակվում է այս գործի քննությունը, որի դատաքննությունը իրականացվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հարություն Մովսիսյանի նախագահությամբ: Մանրամասնենք. 2014 թվականի գարնանը ԱԱԾ աշխատակիցների մատների շարժմամբ, առանց որեւէ ծանուցագրի որպես վկա ապօրինի բերման են ենթարկել քննչական վարչություն, այն դեպքում, երբ դրա հիմքերը բացակայել են: Քննչական մարմիններում մեկ ժամվա ընթացքում, ներքոհիշյալ անձիք, ձեռք են բերել կասկածյալի, ապա մեղադրյալի կարգավիճակ

1.Աշոտ Հենրիկի Գեւորգյան (մաքսային տեսուչ)

2.Միխեիլ Ժորժի Դանելիա

3.Ջհանգիր Հենրիկի Ապրեսյան

4. Վարուժան Տիգրանի Վարդանյան

5.Բադրի Դուխունայի Գումբերիձե

6. Ժորա Հակոբի Ասլանյան

7.Ալբերտ Աշոտի Ներսիսյան

8.Տիգրան Տարիելի Գինոսյան

9.Մարատ Արամայիսի Սաֆարյան

10.Կարեն Գագիկի Մկրտումյան

11.Արթուր Լեւոնի Ոսկանյան

Հենց սկզբից մեղադրանքի հիմքում դրվեց խմբակային մաքսանենգություն՝ Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 215 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Շուրջ մեկ տարի ԱԱԾ-ի քննչական մեկուսարանում պահելուց հետո, չկարողանալով հիմնավորել մեղադրանքը, վերջին պահին ստիպված եղան հրաժարվել առաջադրված մեղադրանքից եւ առաջ քաշել նոր մեղադրանք՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 3-րդ մասի, 1-ին կետով (պաշտոնատար անձի կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, մաքսանենգությանը օժանդակելը, որը պատժվում է 6-10 տարի ազատազրկմամբ): Այս մեղադրանքը ուղղակի զավեշտալի է եւ չի համապատասխանում իրականությանը. կալանքի տակ գտնվող 8 անձանցից 7-ը հասարակ քաղաքացիներ են, չեն զբաղեցնում ոչ մի պաշտոն եւ չունեն այդ հնարավորությունը, որպեսզի մաքսատան աշխատակցին որեւէ կերպ օժանդակեն: Սա այն դեպքում, երբ մաքսատան աշխատակիցները եւ այս անձինք միմյանց չեն ճանաչում:

Եվ, ընդհանրապես, քրեական գործում չկա որեւէ մի ապացույց, ինչը հաստատում է վարույթն իրականացնող մարմնի մեղադրանքը: Իրազեկում ենք Ձեզ, որ ողջ քննության ընթացքում մեր կողմից վկայակոչվել են բազմաթիվ ապացույցներ, որոնք ուղղակի հաստատում են մեր պաշտպանյալների անմեղությունը, սակայն քննիչի, դատախազի, իսկ ներկայումս դատարանի կողմից անհիմն անտեսվում են՝ ոտնահարելով մարդու իրավունքները: Բացի այդ, բազմաթիվ անգամ մեր կողմից հարուցվել են միջնորդություններ խափանման միջոց կալանքը գրավով կամ ստորագրությամբ փոխարինելու վերաբերյալ, որոնք դատարանն առանց պատճառաբանության մերժել է:

Եվ սա այն դեպքում, երբ գործով նույն առաջադրված մեղադրանքով ստորագրությամբ ազատության մեջ են գտնվում վերոհիշյալ անձանցից երեքը՝ Կարեն Գագիկի Մկրտումյանը, Արթուր Լեւոնի Ոսկանյանը, Մարատ Արամայիսի Սաֆարյանը, իսկ Տիգրան Տարիելի Գինոսյանին գրավով ազատ արձակելը բավարարվել է վերջերս: Այս դեպքում լիովին անհասկանալի եւ կասկածելի է դատարանի դիրքորոշումը մյուս ամբաստանյալների նկատմամբ:

Քրեական գործի դատաքննությունը ստիպված մտել է քրեական գործի նյութերի հետազոտման փուլ, քանի որ ամիսներ շարունակ ո՛չ դատախազը, ո՛չ դատարանը չեն կարող ապահովել վկայակոչված վկաներին: Կան նաեւ առանցքային նշանակություն ունեցող վկաներ, ովքեր մաքսայինի աշխատակիցներ են, նույնիսկ չեն վկայակոչվել դատարան, այն դեպքում, երբ նրանք բազմիցս, խիստ կարեւոր հարցերի շուրջ ցուցմունք են տվել նախաքննության ընթացքում:

Հիշեցնենք նաեւ, որ դատավարությունը սկսվել է 2015 թվականի ապրիլի 8-ից եւ շուրջ 6 ամիս է՝ նիստ տեղի չի ունեցել կալանավորի վիրահատության կամ էլ էտապավորման ավտոմեքենայի, կամ էլ վառելիքի բացակայության պատճառով: Եթե կատարվել է մաքսանենգություն, ապա դա ՀՀ քրեական օրենսգրքով պատժվում է տուգանքով կամ 0-5 տարի ազատազրկմամբ (215 հոդվածի, 1-ին մաս): Այս դեպքում մեր պաշտպանյալների մեջ կան մարդիկ, որոնց անգամ այս մեղադրանքը չի առնչվում, սակայն ի հակադրություն դրա՝ նրանք արդեն երկու տարի է՝ ինչ գտնվում են փակ բանտային ռեժիմի տակ եւ դեռ հայտնի էլ չէ այս զավեշտալի գործի ավարտը:

Ուզում ենք շեշտել, որ նրանք հանցագործներ չեն, այլ պարկեշտ քաղաքացիներ: Ունեն ընտանիքներ, համարվում են ընտանիքի միակ կերակրողը, նրանց խնամքի տակ են գտնվում մանկահասակ եւ նորածին երեխաները, թոշակառու ծնողները: Եվ այս ապօրինության ու անորոշության պայմաններում տուժում են ոչ միայն անհիմն մեղադրվող ամբաստանյալները, այլ նաեւ նրանց հարազատները»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29