ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հարցազրույց է տվել ադրբեջանական Turan գործակալությանը և «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների ներկա իրավիճակի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշման և ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի շուրջ քննարկումների մասին:
-Ադրբեջանի կառավարությունը դատապարտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ԵԽԽՎ-ին արված ուղերձը՝ ԼՂ-ի վերաբերյալ բանաձևը չընդունելու կոչով: Ինչո՞վ էր պայմանավորված այդ ուղերձը:
-Մենք դեմ չենք միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկմանը:
Մենք պաշտպանում ենք Հայաստանի և Ադրբեջանի իրավունքը՝ այդ հարցը բարձրացնել այնպես, ինչպես իրենք ցանկանում են: Համանախագահներն ընդգծում են, որ Մինսկի խմբի կողմից ընդունված բանակցությունների ձևաչափը մնում է ուժի մեջ:
Կարդացեք նաև
Մենք հույս ունենք, որ բանակցությունների ճանապարհով հակամարտությունը լուծելու համար Հայաստանը և Ադրբեջանը հավատարիմ կմնան իրենց պարտավորություններին և կշարունակեն սերտ համագործակցությունը Մինսկի խմբի հետ:
-Ադրբեջանն առայժմ չի պատրաստվում հանդիպում ունենալ համանախագահների հետ (այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը): Արդյոք համանախագահները բանակցություններ վարո՞ւմ են ադրբեջանական կողմի հետ՝ կապված հերթական հանդիպման հետ, և ե՞րբ այն կարող է տեղի ունենալ:
-Որպես միջնորդներ՝ մենք խաղաղության միակ ճանապարհը տեսնում ենք բանակցությունների մեջ: Կարգավորման տարրերի քննարկումները շարունակելու համար մենք միշտ պատրաստ ենք հանդիպել արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
-Ինչո՞վ է տարբերվում բանակցությունների ներկա փուլը նախորդներից: Ի՞նչ նոր բան կարելի է ասել Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, Ադրբեջանի տարածքից զորքերի դուրսբերման հետ, ինչը չի հաջողվում համաձայնեցնել արդեն երկար տարիներ:
-Երկարատև կարգավորման հասնելու համար մեր բանակցությունները հիմնվում են միջազգային իրավունքի սկզբունքների՝ ՄԱԿ-ի Կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ արձանագրության, մասնավորապես տարածքային ամբողջականության, ինքնորոշման իրավունքի և ուժի չկիրառման սկզբունքների վրա:
Հակամարտության համապարփակ կարգավորման մաս է հանդիսանում գրավված տարածքների վերադարձը Ադրբեջանի վերահսկողությանը և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշակիացումը:
-Կարելի՞ է համարել, որ «Մադրիդյան սկզբունքները», որոնց հիման վրա երկար տարիներ բանակցություններ էին ընթանում, ֆիասկո են ապրել:
-Կողմերը և համանախագահները կիսում են այն կարծիքը, որ կարգավորման հիմնական տարրերը հիմնվում են «Մադրիդյան սկզբունքների» վրա:
Նշված սկզբունքների վրա հիմնված շարունակությունը այս պահին կողմերը և համանախագահները քննարկում են:
-ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների ձևաչափը, ինչպես փորձն է ցույց տալիս, բավարար չեն կարգավորման մեջ առաջընթացի հասնելու համար: Ինչպիսի՞ն պետք է լինի արդյունավետ ձևաչափը՝ առաջընթացի հասնելու համար:
-Բանակցությունների ձևաչափը ընդունվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից: Մենք հույս ունենք, որ կողմերը, մնալով լիովին հավատարիմ բանակցությունների ճանապարհով հակամարտության լուծմանը, կշարունակեն սերտ համագործակցությունը միջնորդների հետ:
-Ժամանակին ԱՄՆ պետքարտուղար Մադլեն Օլբրայթը առաջ քաշեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ուղիղ բանակցությունների նախաձեռնություն՝ առանց միջնորդների: Նման ձևաչափն ավարտվեց Հայաստանում իշխանափոխությամբ և խորհրդարանի գնդակահարությամբ: Հնարավո՞ր են նոր ուղիղ բանակցություններ՝ առանց միջնորդների:
-Մենք հավատում ենք, որ խաղաղության գործընթացում առաջընթացի համար կարևոր է երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: Ուստի համանախագահները աջակցում են նախագահների հանդիպումներին՝ պետքարտուղար Քերիիի, նախագահներ Պուտինի և Օլանդի միջնորդությամբ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ