Նոր Նորք վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը ընտրակեղծարարության մեջ մեղադրվող թիվ 104 միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Անահիտ Աթայանին այսօր տուգանեց 600 հազար դրամով։ Անահիտ Աթայանը մեղադրվում է հանրաքվեի օրը կրկնակի քվեարկություն կատարելու մեջ:
Ընտրակեղծարարների դատական նիստերը, սա էլ որերորդ դեպքն է, երբ ավարտվում են դրամական տուգանքով:
Aravot.am-ի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մեր այն դիտարկմանը, որ այդ ընտրակեղծարարներից մեկն էլ, ըստ իր «սկզբունքների» ընտրակեղծիքը կատարել էր հանուն «Այո»-ի, ո՞րն է նմանատիպ պատճառաբանության առիթը, պարոն Սաքունցը ասաց. «Խնդիրը կայանում է նրանում, որ նման անհեթեթ պատճառաբանությունները, իր գործի շրջանակներում, երբ որ պարփակվում է, ապա չի համադրվում մնացած այլ գործերով` պատճառաբանությունների հերքման պատկերի հետ, որի պարագայում անխուսափելի է գալ հետեւյալ եզրակացությանը` կամ բոլոր ընտրակեղծարարներն ունեն նույն սկզբունքը` կեղծելու հանուն «Այո»-ի, քանի որ «Ոչ»-ի օգտին ոչ մեկը չի կեղծել, կամ մյուս կողմից էլ նույնաբնույթ վարքագիծ են դրսեւորում, որ չես կարող չգալ այն եզրակացության, որ սա ունեցել է կազմակերպված բնույթ»:
Արթուր Սաքունցի խոսքերով` ելնելով քրեական գործերի քանակից, դրանք ստիպված էին հարուցել ցույց տալու համար, թե իբր ունենք համապատասխան կամք` ընտրական կեղծիքներ կատարածների պատասխանելու ուղղությամբ: «Մոռանում են մի բան, այդ թվաքանակի պարագայում (խոսքը 70-ից ավելի միայն հարուցված քրեական գործերի տվյալների մասին է), առնվազն նախաքննության մարմնի մոտ նախաքննության օրինականությունը հսկող դատախազության մոտ հարց պետք է առաջանար` լավ ինչպե՞ս է լինում, որ ամենատարբեր ընտրական տեղամասերում մարդիկ հանկարծ որոշեցին այդ խախտումները կատարել` ո՞րն էր իրենց շահը, նպատակը եւ ինչո՞վ է դա պայմանավորված»,- նշեց պարոն Սաքունցը:
Կարդացեք նաև
Արթուր Սաքունցի խոսքերով, սա խոսում է հանցագործության կոծկման կազմակերպված բնույթի մասին, այսինքն` մեղադրող կողմը ինքն է կազմակերպում, ինքն է գնում այդ գործարքին եւ իհարկե հովանավորելով: Հովանավորում է ոչ միայն ընտրակեղծարարին, այլ նաեւ՝ հանցագործության կոծկման այդ ամբողջ ընթացքը:
Ըստ Սաքունցի՝ նման հանցագործությունները ցույց են տալիս, որ
հերթական անգամ խախտվում է պատասխանատվության սկզբունքը եւ հանցագործություն կատարածների նկատմամբ նման վերաբերմունքը բարոյապես փչացնում է հասարակությանը. «Որ կարելի է կատարել ընտրակեղծիք եւ մնալ անպատիժ, քանի որ դատարանի նման պատիժները անհամաչափ են այն խախտումների եւ հանցագործությունների բովանդակությանը, որոնց հանրային եւ պետական նշանակությունը շատ ավելի է, քան այդ 600 հազար դրամը: Հանցագործության խրախուսման պրակտիկայի հետ մենք գործ ունենք»:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ