Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Վարդգես Գասպարիին շտապօգնությունն է բերման ենթարկել դատարան: Aravot.am-ը այս կապակցությամբ դիմեց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանին: Նա ասաց, որ կանչը ոստիկանությունն է տվել. «Իրենք տեղափոխելու խնդիր ունեին եւ մտածում էին զուտ իր առողջության մասին, որ հանկարծ չվատանա, ամեն ինչ հանգիստ լինի: Ուղղակի ոչ թե միջնորդություն է եղել դատարան տեղափոխել, այլ ուղղակի, որ զուտ իր առողջությանը ոչինչ չլինի»:
Նա հավելեց, որ ոստիկանությունը ցանկացել էր, որ դատարան բերման ենթարկելու ընթացքում եթե Գասպարիի մոտ առողջական խնդիրներ առաջանան, բժիշկը ներկա լինի:
«Կանչը տրվել է, որ մենք գնանք, մենք գնացել ենք: Մենք ընդհանրապես չենք մնացել, մենք ուղղակի ներկա ենք եղել, որ ինքը այնտեղ չվատանա, քանի որ ասացին, որ ինքը ինչ-որ տարբեր ձեւով կարող է վատանալ, ինքը պառկում է գետնին եւ կարող է ինչ-որ խնդիրներ առաջանան, զուտ թեկուզ՝ եթե իրեն բռնեին տեղափոխեին, իր առողջությանը ոչինչ չլիներ: Մենք զուտ բժշկական մասով ենք եղել, ոչ մի ուրիշ խնդիր չկար»,- պարզաբանեց Թագուհի Ստեփանյանը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ