2001 թվականին Լյուքսեմբուրգում «Քաղցկեղով երեխաների ծնողների միության» (ICCCPO) կողմից փետրվարի 15-ը հռչակվեց մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր (ICCD): Այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության եւ քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ, Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի նախագահ Գրիգոր Բադալյանը նշեց, որ Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների թիվը վերջին երկու տարվա ընթացքում նվազել է. «Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վիճակագրության համաձայն` ամբողջ աշխարհում տարեկան 250 000 երեխա հիվանդանում և 90 000 երեխա տարեկան մահանում է քաղցկեղից: Սակայն Հայաստանում իրավիճակն այլ է: Քաղցկեղով հիվանդ երեխաների թիվը նվազել է մոտ 25 տոկոսով: Հիվանդության նվազումից բացի, կրճատվել է նաև մահացության ցուցանիշը»:
Ուռուցքաբանը նկատեց, որ երեխաների մոտ հիմնականում նկատվում են քաղցկեղի հետևյալ տեսակները՝ արյան քաղցկեղ (լեյկեմիա), ավշային համակարգի չարորակ ախտահարումներ (լիմֆոմաներ), գլխուղեղի, կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքներ: Ավելի քիչ են հանդիպում ոսկրային, երիկամի, սեռական օրգանների քաղցկեղները. «Եթե մեծահասակների դեպքում կարելի է ախտորոշել քաղցկեղի առաջացման հնարավոր պատճառը, ապա երեխաների դեպքում դա ավելի դժվար է, քանի որ երեխաները չեն հասցնում իրենց կյանքում ստանալ քաղցկեղածին նյութեր, ունենալ նախաքաղցկեղային հիվանդություններ և այլն: Հայաստանում երեխաների քաղցկեղը շուտ է հայտնաբերվում և բուժվում է ավելի լավ, քան մեծահասակներինը: Հիմնականում մեթոդը, որը թույլ է տալիս փրկել երեխաներին՝ քիմիաթերապիան է»:
Գրիգոր Բադալյանը նաև նշեց, որ Հայաստանում մանկական քաղցկեղի բուժումը իրականացվում է պետական պատվերով: Հիվանդ երեխաները դեղորայքի որոշ տեսակներ ստանում են պետության կողմից, իսկ թանկարժեք դեղերի ֆինանսական ծախսն արդեն մի քանի տարի է, ինչ հոգում է«Նվիրիր կյանք» հիմնադրամը՝ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի գլխավորությամբ:
Պարոն Բադալյանն ասաց, որ Հայաստանում լրջագույն խնդիրներից մեկը մանկական ուռուցքաբանների պակասն է. «Այսօր երիտասարդ կադրեր չկան, ինչն իսկապես լուրջ խնդիր է: Նախկինում լավ կադրեր ունեինք, իսկ հիմա՝ չունենք: Պատճառներից մեկը Երևանի պետական բժշկական համալսարանում այդ առարկայի դասավանդման բացակայությունն է: Մենք դեղերի հետ կապված խնդիր չունենք, խնդիրը մասնագետներն են»:
Կարդացեք նաև
Ուռուցքաբանն ավելացրեց, որ ՈւԱԿ-ի մանկական ուռուցքաբանության բաժանմունքում այս պահին բուժում է ստանում չարորակ ուռուցքով հիվանդ 10 երեխա, հսկողության տակ է 30-35 երեխա: Բաժանմունքի հսկողության տակ է նաև մոտ 400 երեխա, որոնք վերջին 10-15 տարվա ընթացքում արդեն բուժվել են. «Քաղցկեղի բուժման համար Հայաստանում կիրառվում են զարգացած երկրներում առկա բուժման մեթոդները: Հիմնականում չի իրականացվում ոսկրածուծի կամ ցողունային բջիջների փոխպատվաստումը, սակայն նախատեսվում է նման կենտրոններ բացել Հայաստանում: Եթե Հայաստանն ունենար ժամանակակից բոլոր սարքավորումները, ապա քաղցկեղից լիովին բուժված երեխաների տոկոսը կհասներ զարգացած երկրների ցուցանիշին»:
Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ