Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Գագիկ Մակարյանի՝ ֆիննախը ԵՏՄ-ից ներմուծած մեքենաներից ապօրինի ԱԱՀ-ի գանձումով փորձել է բյուջեն լցնելու խնդիրը լուծել (Տեսանյութ)

Փետրվար 15,2016 14:35

Փոքր ու միջին ձեռնարկությունների աշխատանքում առաջին խոչընդոտը անարդյունավետ պետական կառավարումն է եւ կոռուպցիան: Այս մասին հայտնել են հենց գործարարները: Հայաստանի գործատուների հանրապետական միությունը ծավալուն ուսումնասիրություն է կատարել 300 ձեռնարկությունների շրջանում, շուրջ 122 հարցի են պատասխանել գործարարները: Միության նախագահ Գագիկ Մակարյանն այսօր «Զարկերակ» ակումբում ասաց, որ ուսումնասիրությունում հաշվի են առնվել նաեւ միջազգային կառույցների Հայաստանին վերաբերող տնտեսական եւ կոռուպցիայի մասին ցուցանիշները, ինչպես նաեւ 1000 աշխատունակ քաղաքացիներին ընկնող բիզնեսի խտությունը, թե որքան բիզնես է բացվում եւ աշխատում:

ՓՄՁ-ին խոչընդոտող հաջորդ խնդիրն, ըստ ուսումնասիրության, ինչպես ասաց պարոն Մակարյանը, մրցակցությունն ու ոչ ֆորմալ տնտեսությունն է, 3-րդը՝ օրենսդրական կարգավորումը, որ տարբեր բարեփոխումներ են արվում, բայց առանձնապես արդյունավետ չեն դրանք, 4-րդը՝ ֆինանսների հասանելիությունը. «Գործարարներն ասում են՝ վարկերը բարձր տոկոսադրույքներով են, խրթին մեխանիզմներով: 5-րդ խոչընդոտը՝ կրթությունն է, աշխատուժի որակն ու արտադրողականությունը»:

Մակարյանն ասաց, որ ուսումնասիրության մասին զեկույցն օրերս մանրամասն կհրապարակվի եւ կներկայացվի հանրությանը:

Aravot.am-ը Մակարյանից հետաքրքրվեց՝ նշված խնդիրների մասին տարիներ շարունակ բարձրաձայնում են գործարարները, սակայն դրանց լուծում չի տրվում, եւ ի վերջո, կոռուպցիոն ռիսկերն էլ տարիներ շարունակ խոչընդոտում են բիզնեսների զարգացմանը, հիմա ի՞նչ ակնկալիք կա: Բացի այս, վերջերս էլ ԵՏՄ ինտեգրման եւ մակրոտնտեսության հարցերով նախարար, ԵՏՄ կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան պարզաբանեց, որ ԵՏՄ-ից ներմուծված մեքենաների համար ավելացված արժեքի հարկ չպիտի վճարվի, մինչդեռ մաքսայինը գանձել է այդ գումարները. «Անցած տարի ԵՏՄ-ում մենք վերացրել ենք մոտ 80 նման պատնեշներ եւ ակտիվորեն մոնիթորինգ ենք իրականացնում նման պատնեշները հայտնաբերելու նպատակով, որոնք նոր են կամ կրկին են հայտնվել: Ոչ տարիֆային պատնեշի մի օրինակ բերեմ, որը հստակ կերպով արգելված է օրենսդրությամբ՝ ավտոմեքենաներ ներմուծելիս ֆիզիկական անձանց նկատմամբ ավելացված արժեքի հարկի կիրառումը: Նման պատնեշ կար Ղազախստանում, այն վերացվեց: Սակայն այսօր նման պատնեշ է հայտնվել Հայաստանում»:

Այս առնչությամբ էլ մեզ հետ զրույցում Մակարյանն ասաց, որ մեքենաների ներմուծման ժամանակ ԱԱՀ հաշվարկում կիրառելը կարող է կոռուպցիոն ռիսկեր պարունակել, որովհետեւ, կամ քաղաքացիները չգիտեին, պետությունն ուղղակի չի ասել եւ շարունակել հարկել, կամ էլ կային մարդիկ, որոնք գիտեին, բայց պնդել են, որ պիտի վճարեն: «Հիմա Վաչե Գաբրիելյանը, որը միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարն է եւ փոխվարչապետը, պետք է հարց դնի՝ ինչո՞ւ է այսպես եղել, կամ ինքը ինչո՞ւ չգիտի, կամ գուցե իրենք բոլորով են որոշել այդպես անել»:

Aravot.am-ի այն դիտարկմանն ի պատասխան, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո պաշտոնական որեւէ հայտարարություն չի եղել մեքենաների ներմուծման ժամանակ ԱԱՀ-ից ազատման մասին, արդյոք դա միտումնավո՞ր է արվել, Մակարյանն ասաց. «Պատասխանները եղել են ոչ պրոֆեսիոնալ, լղոզված, որոշ դեպքերում կայքերում դրել են կոդերով, որ քաղաքացին կարող է եւ չմտներ, չնայեր, կամ նայեր ու չհասկանար: Կարծում եմ՝ պատահականություն չէ այս ԱԱՀ գանձումը, բյուջեն խնդիր ունի եւ փորձել են ներքին ձեւով լուծել՝ քանի դեռ գլխի չեն ընկել, թողնենք այսպես գնա»:

Մանրամասն՝ տեսանյութում

ԵՏՄ-ից ավտոմեքենաների ներմուծման եւ ԱԱՀ-ի գանձման մասին պաշտոնական պարզաբանումը կներկայացնենք՝ առաջիկայում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29