Քիչ առաջ ավարտվեց ԱԺ էթիկայի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Այսօր հանձնաժողովում քննարկվում էր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի եւ այլոց փոխարեն քվեարկած պատգամավորների հարցը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի դեմ, հիշեցնենք, դիմում էր ներկայացրել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը` բողոքարկելով պատգամավորի ֆեյսբուքյան գրառման դեմ: Բանակին եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին վերաբերվող օգտատեր Գայանե Շահինյանի գրառմանն իբրեւ մեկնաբանություն, Շուշան Պետրոսյանը սպառնացել էր`«աչքերդ կհանեմ, լակոտ»:
Շուշան Պետրոսյանը ներկա էր նիստին, հանձնաժողովի անդամներին ներկայացրել էր իր պարզաբանումները: Լրագրողների հետ, սակայն, տիկին Պետրոսյանը չցանկացավ կիսվել իր պարզաբանումներով: Նիստի ավարտից հետո նա անխռով հեռացավ, այդպես էլ չարձագանքելով լրագրողների` իրեն ուղղված բազմաթիվ հարցերին:
Գայանե Շահինյանը եւ Արթուր Սաքունցը նիստին ներկա չէին, թեեւ էթիկայի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն ասաց, որ նրանց հրավեր ուղարկվել է: Հանձնաժողովը դեռ որոշում չունի` խախտե՞լ է Շուշան Պետրոսյանը պատգամավորի վարքագիծն իր գրառմամբ, թե՞ ոչ: Խոսրով Հարությունյանն ասաց, որ որոշում կկայացնեն մինչեւ ամսվա վերջ:
Կարդացեք նաև
Խոսրով Հարությունյանից որեւէ տեղեկություն կորզելու լրագրողների փորձերը հաջողության չհասան: Վերջինս կտրականապես հրաժարվեց որեւէ կարծիք, անգամ անձնական, հայտնել, քանի դեռ հանձնաժողովի որոշում դեռ չկա: Այդ հնարավորությունը նրան օրենքն է ընձեռում:
Aravot.am-ի տեղեկություններով, Շուշան Պետրոսյանն իր գործընկերներին ասել է, որ բորբոքված է եղել ու նման մեկնաբանություն է գրել: Զղջո՞ւմ է պատգամավորն իր գրառման համար, թե` ոչ, պարզ չէ:
Ուշագրավ է նաեւ, որ ինքը`Գայանե Շահինյանը, ում ուղղակի սպառնացել էր պատգամավորը, չի բողոքարկել հանձնաժողովին:
Այլոց փոխարեն քվեարկած պատգամավորների գործով էլ հանձնաժողովը որոշում կկայացնի, հավանաբար, հաջորդ նիստում, որը կկայանա ամսի 18-ին, ժամը 17. 00-ին: Նրանց դեմ, հիշեցնենք, բողոք է ներկայացրել լրագրող Լիլիթ Լալայանը:
ԱԺ կանոնակարգ-օրենքն, ըստ Խոսրով Հարությունյանի, հնարավորություն ընձեռում է «մեղադրյալ» պատգամավորներին նիստին ներկա չգտնվել, բայց տասն օրվա ընթացքում գրավոր պարզաբանումներ ներկայացնել հանձնաժողովին:
Այլոց փոխարեն քվեարկած պատգամավորներն այսօր նիստին չէին մասնակցում, իսկ գրավոր պարզաբանում ներկայացնելու տասնօրյա ժամկետը սպառվում է ամսի 18-ին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ