2015 թվականին Հայաստանում գրանցվել է 15.003 արտակարգ դեպք եւ պատահար, որոնց հետեւանքով զոհվել է 446, տուժել 9226 մարդ: Այս մասին այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում հայտնեց ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը: Նրա փոխանցմամբ՝ զոհերի մեծ մասը գրանցվել է տեխնածին արտակարգ դեպքերի հետեւանքով. «Միայն 346 դեպք գրանցվել է ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով: Գրանցվել է նաեւ 6677 հրդեհ՝ 32 զոհով: Հատկապես շատ էին բուսածածկ եւ գյուղատնտեսական նշանակության տարածքներում արձանագրված հրդեհները՝ 4000-ից ավելի դեպք: Տուժածներ չկային, սակայն էկոլոգիական եւ նյութական առումով վնասը մեծ էր: 2015-ին գրանցվել է թունավորման 3908 դեպք՝ 43 զոհ, 331 տուժած: 6 դեպքում թունավորումը եղել է շմոլ գազից»:
Հովհաննես Խանգելդյանը տեղեկացրեց, որ հունվարին եւ փետրվարին գրանցված առատ տեղումների հետեւանքով ՀՀ մի շարք ավտոճանապարհներին փրկարարներն աշխատել են արտակարգ ռեժիմով՝ -17 աստիճան ցրտի պայմաններում սպասարկելով ավտոմեքենաների արգելափակման 559 դեպք. «7000-ից ավելի մարդ տեղափոխվել է անվտանգ տարածք: Իրավիճակը բարելավելու նպատակով առավել դժվար հատվածներում՝ Գեղարքունիքում, Արագածոտնում եւ Սյունիքում ստեղծվել են վրանային հենակետեր, որտեղ մարդիկ կարող են օգնություն ստանալ, իսկ եթե կարիք կա, նաեւ գիշերել: 86 դեպքերում փրկարարները հիվանդ քաղաքացիներին, այդ թվում՝ 9 ծննդկանի, հասցրել են շտապօգնության մեքենայի մոտ»:
ՃԿԿ պետը վարորդներին կրկին խորհուրդ տվեց չերթեւեկել դժվարանցանելի ճանապարհահատվածներով. «Միայն Հայաստանում են ձնաբքին զուգահեռ ճանապարհ մաքրում: Այլ երկրներում նման բան չկա, պարզապես փակում են ճանապարհը եւ երթեւեկություն չի լինում այնքան ժամանակ, մինչեւ եղանակային պայմանները չբարելավվեն»:
Aravot.am-ը բանախոսին հարցրեց, թե ինչ աշխատանքներ է իրականացնում ՏԿԱԻՆ՝ տեխնիկական վերազինման ուղղությամբ: Խանգելդյանը տեղեկացրեց, որ առաջիկայում նախարարությունը կհամալրվի ճապոնական արտադրության հրշեջ-փրկարարական մեքենաներով. «Տեխնիկական լուրջ խնդիրներ չկան, տրանսպորտային պարկը հագեցած է փրկարարական սարքավորումներով եւ տրանսպորտային միջոցներով: Պարկը պետք է թարմացվի, ամեն ինչ անում ենք, որպեսզի մենք էլ տեխնիկական միջոցներով հագեցած լինենք: ՃԿԿ-ում կան համակարգեր, որոնք չկան անգամ զարգացած երկրներում, օրինակ՝ դեպքի վայրից իրական ժամանակում տեսապատկերի փոխանցման հնարավորությունը»,-ասաց ՃԿԿ պետը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ