Քաղաքականությունից Սերժ Սարգսյանի հեռանալու վերաբերյալ թող ոչ մեկը սպասելիքներ չունենա: Այսօր «Արմենպրես» ակումբում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
«Իսկ որեւէ մեկը հայտարարե՞լ է, որ Սերժ Սարգսյանը դուրս է գալու քաղաքական գործընթացներից, նման հայտարարություն չի եղել, եւ որեւէ մեկը նման սպասելիքներ չպետք է ունենա»,- ասաց Գագիկ Մելիքյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախագահի վերջին ելույթը նշանակո՞ւմ էր, որ նա չի պատրաստվում 2018 թվականից հետո հեռանալ:
Նա ոչ մի կոնկրետ պատասխան չտվեց ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի շուրջ անցկացվող բանակցությունների վերաբերյալ, թե, օրինակ, ինչ փուլում են հիմա բանակցություններն ու ինչի շուրջ են երկու ուժերը բանակցում, ինչ հարցերի շուրջ դեռ չեն եկել համաձայնության. «ՀՅԴ-ն մի նպատակ էր հետապնդել սահմանադրական բարեփոխումներին աջակցելը, հետեւաբար ՀՅԴ-ն պատասխանատու է նաեւ սահմանադրության իրականացման համար… Ինչ վերաբերում է կոալիցիային, առաջիկայում կտեսնենք համագործակցության ձեւաչափի մասին հայտարարություններ, բայց դա իր ժամանակին կլինի»:
Պատգամավորը նաեւ նույնությամբ դուրս բերեց նախագահի ելույթից որոշ կետեր ու ներկայացրեց որպես մեկնաբանություն. «Սահմանադրական բարեփոխումները նոր խորհրդարանի ձեւաչափով բավականին բարեփոխումներ են նախատեսում, որը կբերի քաղաքական կայունություն: Առաջիկայում կուսակցությունների դերակատարումը պետք է բարձրացվի, նրանց պատասխանատվությունը ընդհանուր իրավիճակում: Այդ քաղաքական կայունության հետևանք կարող է հանդիսանալ տնտեսական կայունությունը, սոցիալական վիճակի բարելավումը, այն վիճակը, որն այսօր կա, այն ցանկալին չէ, որ ունենք, բայց չպետք է անտեսել առաջընթացը, որ ունենք:
Կարդացեք նաև
Նախագահն ասաց, որ ԼՂՀ հիմնահարցը կլուծվի Արցախի ժողովրդի ինքնորոշման տարբերակով:Նախագահը կարեւորեց նաեւ պետական ծառայողի կարգավիճակի հետ կապված հիմնական դրույթները, որ մեզ պետք չեն այնպիսի պետական ծառայողներ, որոնք պատճառ են փնտրում չկատարած աշխատանքն արդարացնելու համար:
Իսկ երբ նախագահն ասաց՝ մենք պետք է համակերպվենք այն մտքին, որ Մարտակերտից և Մարտունուց դեպի արևելք և Գյումրուց ու Արմավիրից արևմուտք մենք որևէ իսկական գործընկեր չունենք, նկատի ուներ Ադրբեջանին ու մասնավորապես Թուրքիային, որ Թուրքիայի հետ համագործակցությունը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մեր առաջնային նպատակը չէ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ