«2007-ին էլ ԵԽԽՎ-ում այդպիսի բանաձեւ անցել է: Եթե սա չի անցել, նշանակում է ուժը կորցրել է նաեւ նախկինը: Ինչ վերաբերում է Սարսանգի հետ կապված բանաձեւին, դա որեւէ ազդեցություն չի կարող ունենալ:
Ադրբեջանական մամուլը եւ իրենց քաղաքական ուժերը սա համարում են իրենց դիվանագիտության պարտություն»,- այսօր «Հայելի» ակումբում 1999-2000թ. Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսպիսի տեսակետ հայտնեց ԵԽԽՎ-ում հակահայկական վերջին 2 բանաձեւերի մասին:
Ըստ Վաղարշակ Հարությունյանի, Ադրբեջանը չնայած շատ է խոսում իր մասին, բայց իրենց փողերն արդյունավետ չեն օգտագործում: Իրենց բանակի բարոյահոգեբանական վիճակն էլ անհամեմատելի է հայկական բանակի հետ. «Եթե տեսնեք այնտեղ ինչ խախտումներ են արվում՝ կտեսնեք, որ կարգապահություն իրենց բանակում ընդհանրապես չկա»:
Բացի այդ, ըստ Վաղարշակ Հարությունյանի, Ադրբեջանի բյուջեն պետք է բաժանել 3 մասի, իրենք տարածքային վեճեր ունեն:
Կարդացեք նաև
Պարոն Հարությունյանը հակառակորդի քաղաքականությունը ներկայացրեց. «Մենք ամեն ինչ անելու ենք, որ հայ ծնողները իրենց զինվորների դագաղները ստանան: Իրենք այսպես ասելով՝ ուզում են վախի մթնոլորտ ստեղծել, որ արտագաղթ լինի, հայկական կողմը գնա զիջումների: Դա պարզ շանտաժ է: Մեր խնդիրն այն չի, որ մեր մի զոհին իրենք 10 զոհ ունենան: Մեր խնդիրն այն է, որ ադրբեջանցիները հասկանան՝ դա ոչ մի արդյունքի չի բերելու»:
Խոսելով ռուս-թուրքական հարաբերությունների մասին՝ Վաղարշակ Հարությունյանն ասաց. «Երբ խոսում էին, թե ռուս-թուրքական հարաբերությունները շատ լավն են՝ այդպես չի եղել երբեք: Տուրիզմի տեսակետից՝ այո, բայց ռազմաքաղաքական առումով ոչինչ չկա: ՌԴ-ի համար սպառնալիք են ՆԱՏՕ-ի անդամ երկրները, եւ Թուրքիան իր համար սպառնալիք է»:
Ռուսական պետդումայի կոմունիստ պատգամավորների կոչի հետ կապված՝ վերանայել 1921-ի ռուս-թուրքական պայմանագիրը Վաղարշակ Հարությունյանն ասաց. «Հիմա ՌԴ արտգործնախարարությունում կա այդ առաջարկը: ՌԴ-ն կգնա դրան, թե ոչ՝ դժվարանում եմ պատասխանել: Կանխելով այն հետեւանքները, որոնք կարող են առաջանալ, մեզ վրա դրական ազդեցություն կունենա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ