«Այսօր մեր բանակի բոլոր կառույցներում, միտինգների շնորհիվ, հանդիսավոր կերպով մուտք ենք գործում 2016 թվականի ուսումնական տարին: Այս տարին լի է լինելու մարտական պատրաստության տարբեր իրադարձություններով. սկսած զինվորի անհատական պատրաստությունից, այնուհետեւ ստորաբաժանումների ու զորամասերի ներդաշնակմանն ուղղված տարբեր զորավարժություններով»,- զինված ուժերում ուսումնական նոր փուլի մեկնարկի կապակցությամբ ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադ կատարած այցելության ընթացքում այս հայտարարությունն արեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախարարը նշեց, որ 2016 թվականը պետք է շարունակի Հայկական բանակի կայացման, հզորացման եւ զարգացման ապահովման ճանապարհը. «Հայացք գցելով մեր անցած ճանապարհին, կտեսնենք, որ Հայկական բանակը փառապանծ ճանապարհ է անցել: Կազմավորվելով մեզ պարտադրված պատերազմական իրավիճակում՝ մենք կարողացել ենք ոչ միայն տարբեր մարտադաշտերում հաղթանակներ կերտել, այլ նաեւ զբաղվել զինծառայողների ուսուցմամբ, անհատական պատրաստությամբ, ստորաբաժանումների դաշտային վարժվածության աստիճանի բարձրացմամբ»:
Սեյրան Օհանյանն ասաց, որ մի քանի տարի առաջ զինված ուժերի պատրաստության պլանում փորձել են գաղափար մտցնել. «Հենց այսպես պատրաստվել առանց գաղափարի, առանց ունակության, որ այդ ամենը պետք է օգտագործել մեր հայրենիքի պաշտպանության համար, դա նշանակում է կատարել լոկ, հենց այնպես զինվորամոլությամբ տառապող զինվորականի պարտականություն»:
Պաշտպանության նախարարը շեշտեց, որ Խաղաղապահ բրիգադը հետագայում պրոֆեսիոնալ բանակի կերտման հիմք է լինելու. «Ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումներն, իրադարձությունները եւ, ընդհանուր առմամբ, մեր տարածաշրջանում, Հայաստանի Հանրապետության շուրջ ձեւավորված անվտանգության միջավայրն ու այն սպառնալիքները, որոնք գոյություն ունեն, ստիպում են մեզ ոչ միայն ազգային երաշխիքներ ձեւավորել, այլեւ՝ միջազգային երաշխիքների համադրմամբ ապահովենք մեր ընդհանուր անվտանգության մակարդակը»:
Կարդացեք նաև
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ