Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիան՝ Հայաստանի տնտեսությունում, կոռուպցիայի տնտեսական հետեւանքները

Փետրվար 15,2016 14:00

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման
շրջանակում բանավիճում են տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արտակ Մանուկյանը  եւ Հայաստանի արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:

Լուսինե Բուդաղյան- Միջազգային ֆինանսական կառույցները, որոնք տարիներ ի վեր վարկեր ու դրամաշնորհներ են տրամադրում մեր երկրին կոռուպցիայի դեմ պայքարելու համար, վերջերս պարբերաբար հայտարարում են մեր երկրում կոռուպցիայի բարձր մակարդակի մասին: Ըստ նրանց՝ «մենաշնորհները եւ կոռուպցիան քայլում են ձեռք ձեռքի», «Հայաստանի հեղինակության ամենամեծ թշնամին կոռուպցիան» է եւ այլն: Պարոն Քրմոյան, ինչո՞ւ կոռուպցիան նվազելու փոխարեն՝ ավելանում է, ինչի մասին փաստում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության հրապարակած կոռուպցիայի ընկալման 2015թ. համաթիվը, համաձայն որի՝ 167 երկրների շարքում Հայաստանը գտնվում 95-րդ հորիզոնականում, 2014-ին մեր երկիրը 94-րդ տեղում էր:

Սուրեն Քրմոյան- Կոռուպցիան այն երեւույթն է, որ գոյություն ունի եւ Հայաստանում, եւ բազմաթիվ այլ երկրներում, այդ թվում եւ զարգացած արեւմտյան Եվրոպայի երկրներում, թեպետ նոր է հրապարակվել վիճակագրությունը, թե տնտեսությանը ինչ վնասներ է պատճառում, թե քանի հարյուր միլիարդ եվրոյի վնաս են տալիս հենց Եվրոպական միությանը կոռուպցիոն երեւույթները: Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք գիտակցում ենք այդ երեւույթների առկայությունը տնտեսության տարբեր ճյուղերում, եւ դրա նպատակով էլ մշակվել եւ իրականացվում են կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարություն եւ բազմաթիվ այլ միջոցառումներ:

Եթե խոսում ենք «Թրանսփարենսի ինթերնեշնլի» ցուցանիշի հետ կապված, ապա ուզում եմ հիշեցնել, որ նախորդ երեք տարիներին ցուցանիշը բարելավում էր ապրում մեկ-երկու նիշով, այդ պարագայում մեր գործընկերները ասում էին, որ դա էական բարելավում չէ, ուղղակի մաթեմատիկական թվեր են: Նույն այդ տրամաբանությունից ելնելով էլ ես կարող եմ ասել, որ կոռուպցիայի ընկալման համաթիվը ցույց է տալիս, որ վիճակը կայուն է, դեռեւս չի փոխվում, մեկ ցուցանիշով ավելանում կամ փոխվում է: Դա, իհարկե, չի բավարարում կառավարությանը, հասարակությանը, եւ այդ իսկ նպատակով ես կարծում եմ, որ նախորդ տարի մենք բավականաչափ ակտիվ գործընթաց ենք սկսել, այդ թվում՝ բիզնես ոլորտում կոռուպցիոն ռիսկերը գնահատելու ուղղությամբ, եւ կարծում եմ, որ մոտակա տարիների ընթացքում այնպիսի բարեփոխումներ կիրականացնենք եւ կունենանք այնպիսի արդյունքներ, որոնք տեսանելի կլինեն ոչ միայն կառավարությանը, ոչ միայն պետական մարմիններին, այլեւ հասարակությանը, եւ յուրաքանչյուր քաղաքացի դրա դրական միտումները կտեսնի:

Լ. Բ.– Պարոն Մանուկյան, կոռուպցիայի դեմ պայքարողներին Դուք պարբերաբար ցույց եք տալիս կոռուպցիոն ռիսկերի տեղերը, մասնավորապես՝ մատնանշելով մեկ անձից գնումները, որոնք, ըստ Ձեզ, կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում: Խոսել եք այդքան աղմուկ բարձրացրած ֆինանսների նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնի գնումների մասին, երբ մեկ օճառամանը գնվել էր 61 հազար դրամով, անձեռոցիկի մետաղական տուփը՝ 40 հազար դրամով: Ինչպիսի՞ կոռուպցիոն ռիսկեր են պարունակում մեկ անձից գնումները:

Արտակ Մանուկյան- Ինչ վերաբերում է «Թրանսփարենսի ինթերնեշնլի» կոռուպցիայի ընկալման համաթվին, շատ կարեւոր բառ կա այդտեղ. դա ոչ թե ցույց է տալիս կոռուպցիայի մակարդակը, այլ կոռուպցիայի ընկալումը, այսինքն` եթե մեկը պարբերաբար Հ1 է նայում կամ, ըստ էության, բանկ է, որը ֆինանսավորում է հակակոռուպցիոն նախագծեր, հասկանալի է, որ նրա համար այդ ընկալումը ավելի նվազ տեսանելի է, քան ավելի մեծ հանրությանը: Երկրորդ կարեւոր հանգամանքը, որի վրա կարելի է շեշտադրում անել, մենք պարբերաբար թե մեր պետական պաշտոնյաների ջանքերը, թե իրենց աշխատաժամանակը, թե դոնորներից գումարներ ենք խնդրում, որպեսզի ներդրում անենք եւ պայքարենք կոռուպցիայի դեմ, այնինչ պարոն Քրմոյանն էլ հաստատեց, որ վերջին տարիներին էլ մենք նույն տեղում դոփում ենք: Նախորդ տարիներին էլ, եթե ուսումնասիրենք, պատկերն ավելի պայծառ չէր, այսինքն` ակնհայտ է, որ մենք սպառել ենք այս ռեսուրսները, որը որ ինքնահոսի ձեւով մենք կարող էինք կոռուպցիան նվազեցնել: Բայց թռիչքաձեւ, տեսանելի բարեփոխումներ անելու համար, իմ կարծիքով, պետք է ոչ միայն հակակոռուպցիոն խորհուրդ, այլեւ պետք է այդ խորհրդից բացի՝ մենք ունենանք իրավակիրարկում, որը կապված է, շատերն են խոսում, քաղաքական կամք կոչեցյալի հետ, որի ցայտուն ապացույցը մենք ունենք: Կարելի է Վրաստանը դիտարկել, որն այդ թռիչքաձեւ աճն արձանագրեց:

Ասել, որ միայն ֆինանսների նախարարության մասով այդ խնդիրը կա, իրականությունից կտրված կլիներ: Եթե մենք ուսումնասիրում ենք կոռուպցիայի հետեւանքները, կոռուպցիան մեծ հաշվով տնտեսական առումով ունի երեք ազդող ուղիներ` մեկը պետական ֆինանսներն են, երկրորդ ուղղությունը աղքատությունն է, մարդկանց կյանքի որակը եւ այլն, երրորդը բիզնես հատվածի գրավչությունն է եւ այլն: Երբ մենք խոսում ենք առաջին բաղադրիչի մասին, ակնհայտ է, որ մեկ անձը, լինելով ոչ մրցակցայինւ, բայց օրենքով ընդունելի ձեւ, դա արդեն իսկ խաթարում է մրցակցության գործոնը եւ նաեւ բերում է բիզնես-միջավայրի ավելի վատացման մեծ հաշվով, քանի որ մրցակցություն չի ստեղծվում: Եթե մենք ուսումնասիրում ենք «Գնումների մասին» ՀՀ օրենքը, ապա այն ասում է, որ մեզ համար նախընտրելի ձեւը բաց ընթացակարգն է, բայց երբ վիճակագրությունն ենք ուսումնասիրում, տեսնում ենք, որ շուրջ 60 տոկոս դեպքերում դրանք մեկ անձից ձեռքբերումներ են, ոչ մրցակցային գնումներ, այսինքն` օրենքով մի բան ենք ասում, պրակտիկան՝ այլ բան: Խնդիրը ոչ միայն օրենքն է, այլեւ դրա կիրառությունը, որովհետեւ օրենքի տեսանկյունից մենք արտատպել ենք Եվրամիության լավագույն օրենքը:

Քննարկումն ամբողջությամբ


ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
13.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29