Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոնց դու չես զղջում, նենց էլ ես չեմ զղջա, դու հլը դուրս արի բանտից»

Փետրվար 15,2016 13:30

Ասել է 15-ամյա պատանին դանակի 30 հարվածով մորը սպանած հորը

Անցյալ տարի սեպտեմբերին Մալաթիա տոնավաճառի վարագույրների վաճառքի տաղավարներից մեկում դաժանաբար սպանված 38-ամյա Հեղինե Դարբազյանի անչափահաս երեխաները մինչեւ հիմա հոգեկան ծանր ապրումների մեջ են: Երեխաների հայրը՝ Արտակ Առաքելյանը, որսորդական դանակով նախ կտրել էր նրանց մոր՝ Հեղինե Դարբազյանի կոկորդը, ապա նույն դանակի 30 հարվածով սպանել նրան: Հեղինեի քույրը՝ Քրիստինե Դարբազյանը, «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ քրոջ տղան՝ 15-ամյա Կարենը, երբ հեռուստացույցով լսել է հորը, որը ոստիկաններին ասել է՝ չի զղջում սպանության համար, վրդովված ասել է՝ «Դե լավ, ոնց դու չես զղջում, նենց էլ ես չեմ զղջա, դու հլը դուրս արի բանտից»:

Երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Հեղինեի սպանության գործով 2-րդ դատական նիստն էր, որը կրկին հետաձգվեց՝ կրկին մեղադրող դատախազի չներկայանալու պատճառով:

Նիստին ներկա էր նաեւ մեղադրյալ Արտակ Առաքելյանի հայրը:
Արտակ Առաքելյանն իր ցուցմունքում հանցանքը պատճառաբանել էր՝ ասելով, թե իբր խանդի հողի վրա է կատարել, իսկ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ այս ընտանիքը մշտապես անհաշտ է եղել, Առաքելյանը մշտապես բռնություն է գործադրել կնոջ նկատմամբ: Մենք փորձեցինք Առաքելյանի հորից ճշտել, թե որդու ընտանիքում ինչ մթնոլորտ է եղել, արդյոք բռնություններ եղե՞լ են: «Ես հիմա վատ վիճակում եմ, ջղայնացած, նորմալ չեմ կարա խոսամ: Համ էլ 15 տարի է՝ իրանք պսակված են, ես 1-2 անգամ եմ իրանց տուն գնացել, չգիտեմ՝ ոնց են ապրել, բայց իրար սիրել են: Հետո ընթացքում էդ թուրքի մոմենտով բաներ են եղել, մի տարի տենց լարված վիճակ ա եղել: Տղես մի տարի ա՝ տառապում էր խանդից»,- պատմեց Առաքելյանի հայրը:

Մինչդեռ Հեղինեի քույրը՝ Քրիստինեն, այլ բաներ պատմեց մեզ. նա հերքեց, որ սպանությունը խանդի հողի վրա է եղել: Քրիստինեն ասաց, որ Արտակ Առաքելյանը պարտքեր ու վարկեր ուներ, այդ թվում նաեւ ազգությամբ այն թուրք անձին, ում պատճառով, իբր թե, խանդում էր կնոջը:

mexadryal-4-1-2

Ոստիկանի կողքին մեղադրյալ Արտակ Առաքելյանն է:

«Էդ թուրքը «սկայպով» զանգում էր, Արտակը կոմպյուտերի մոտ նստած է եղել, բայց ինքը չի պատասխանել, կանչել է Հեղինեին, որ պատասխանի, որովհետեւ ինքը պարտքի պատճառով չէր ուզում խոսել: Խանդոտ ամուսինը բա կթողնե՞ր կինը խոսեր նրա հետ: Թուրքը պարտքի համար էր զանգում»,- պատմեց Քրիստինեն: Նրա ներկայացմամբ՝ երբ արդեն Հեղինեն լքել էր Արտակին, վերջինս պարբերաբար անհանգստացնում էր նրան, սկզբում թույլ չէր տվել, որ վարագույրների խանութը բացեր ու աշխատեցներ, հետո երբ պարտքատերերը «խեղդում էին», պարտքն էին ուզում, ըստ Քրիստինեի՝ արդեն ամուսնալուծված կնոջն ասել է. «Խանութը բացի, աշխատի, որ պարտքերը տաս: «Զայեցի» պարտքն էլ վզովդ կանես, դու ես փակելու սաղի պարտքերը: Քրոջս գալիս ասում էր՝ դու ուտում ես, տեսքդ լավ ա, ես սոված եմ: Նա վաղուց էր պլանավորել էդ սպանությունը: Մի անգամ էլ փոքր երեխու՝ աղջկա մոտ ասել էր՝ մորդ դանակով հատիկ-հատիկ փրթելու եմ: Էրեխեն վախեցած եկել էր մոր մոտ, ասել՝ մամա, խանութը փակի՝ գնանք, պապան քեզ ուզում ա սպանի: Բերդից զանգել էր տղուն, մի հատ չի հարցրել՝ ո՞նց ես, բալես, կներես, մամայիդ սպանել եմ, կամ՝ ի՞նչ եք ուտում, ո՞նց եք ապրում, հարցրել է՝ խանութի ապրանքն ի՞նչ ա արել մերդ: Տղեն ջղայնությունից գոռում էր, ասում էր՝ ես իմ մամային եմ ուզում, չզանգես, դու մորից ինձ զրկեցիր, ես էլ պապա չունեմ, ու տենց բաներ: Էրեխեքը ահավոր սթրեսի մեջ են»:

Քրիստինեն պատմեց, որ երբ ամուսիններով միասին մեկ տարի առաջ Թուրքիա են մեկնել, ավտոբուսի մեջ ինչ-որ մեկը նայել է Հեղինեին, ամուսինը կռիվ է սարքել այդ տղամարդու հետ: Քրիստինեն նաեւ պատմեց, որ Թուրքիա մեկնելուց մոտ 1 տարի հետո է Առաքելյանը սպանությունը գործել. «Եթե կինն իրեն սխալ էր պահել էն ժամանակ, բա ինչո՞ւ մի տարի հետո որոշեց սպանել: Դա ինչ պատմել է, ամբողջը սուտ է»:

Հեղինեի քրոջ ներկայացմամբ՝ երբ Հեղինեն բաժանվել էր ամուսնուց, վերջինս պարբերաբար սպառնում էր նրան, որ կծեծի, կսպանի, 2 անգամ դիմել են ոստիկանություն, որը որոշել էր՝ Առաքելյանը 10 մետրից մոտ իրավունք չուներ մոտենալու Հեղինեին, սակայն ոստիկանների զգուշացումն օգուտ չի տվել. «Էդ զգուշացումից հետո էլ գնացել էր քրոջս խանութ, ուզել էր ծեծել, ոտքով փորձել էր խփել, քույրս մի կողմ էր քաշվել, կարի մեքենան էր կոտրվել»:

Քրիստինեն պնդում է, որ Առաքելյանը նախապես էր ծրագրել կնոջ սպանությունը, եւ որպես ասածի ապացույց՝ Քրիստինեն պատմեց, որ հանցանքի օրը՝ սեպտեմբերի 27-ին, որդուն, որը բաժանվելուց հետո հոր հետ էր ապրում՝ դպրոցը չփոխելու համար, դիտավորյալ ուղարկել էր քաղաքի կենտրոն՝ զբոսնելու, մինչդեռ տղան պիտի գնար մոր մոտ՝ նրան օգնելու. «Սպանությունից մի քանի օր առաջ տղան հորն ասել էր, որ խանութը պիտի փակեն, ու մայրը գնալու է եղբոր մոտ, աշխատավայրն էլ փոխելու է: Դա արդեն հասկացել էր, որ էլ ժամանակ չունի, ու մտադրվել է իրականացնել այն, ինչ վաղուց ուզում էր: Սեպտեմբերի 27-ին տղուն ուղարկել էր զբոսնելու՝ քաղաք, ինքը գնացել էր տոնավաճառ՝ Հեղինեն խանութում չէր եղել՝ մի քանի րոպեով դուրս էր եկել: Կողքի աշխատողները Արտակին տեսել էին ու Հեղինեին ասել: Քույրս տղային էր զանգել, հարցրել՝ պապադ ինչի՞ ա ինձ ման գալիս: Էրեխեն զգացել էր, որ մի բան էն չի, մինչեւ հետ էր եկել, էդ ընթացքում էլ ինչքան զանգում էր մորը՝ չէր պատասխանում, մինչեւ տեղ էր հասել, էդ տականքը Հեղինեին սպանած էր եղել: Կարենչիկը, որ տեսավ լիքը ոստիկաններ, մայրը սպանված, գժի նման վազել էր էդ կողմերի «կանալը», հարեւանի աղջիկն ա գնացել մոտը, որ մի բան չանի: Հիմա էրեխեքն աննկարագրելի վիճակում են: Էդ տականքը դժբախտացրեց բոլորին»:

Այս ընտանեկան բռնության զոհ է դարձել ոչ միայն Հեղինե Դարբազյանը, նաեւ նրա երեխաներն ու հարազատները. տղան դպրոցը ստիպված փոխել է, քանի որ վախենում էր, որ իրեն մատնացույց կանեն՝ «Մարդասպանի տղա»: Հիմա երեխաները մորական տատի ու քեռու խնամքին են, ու ինչպես Քրիստինեն ասաց. «Մինչեւ հիմա վախվորած են, էն ժամանակ էլ էին վախի ու սարսափի մեջ ապրում, հիմա էլ գումարվել են անմայր, որբ մնացածի ապրումները»:

Նշենք, որ Արտակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 235-րդ հոդվածի 4-րդ մասով (ապօրինի կերպով զենք կրել): Առաքելյանին սպառնում է 8-15 տարվա ազատազրկում:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարում`  Հեղինեն Դարբազյանն է. լուսանկարը
մեզ է տրամադրել «Հասարակություն առանց բռնության» հ/կ-ն:

«Առավոտ» օրաթերթ
13.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29