Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կհրատարակվի հավակնոտ՝ «Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր» ամսագիրը

Փետրվար 15,2016 13:00

Շուշիի տեխնոլոգիական համալսարանը թողարկման պատասխանատուն է

Շուշիի տեխնոլոգիական համալսարանը՝ ի դեմս ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի, Երեւանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը՝ ի դեմս տնօրեն Մհեր Մարկոսյանի, Ակադեմիկոս Ի. Վ. Եղիազարյանի ջրային հիմնահարցերի եւ հիդրոտեխնիկայի ինստիտուտը՝ ի դեմս Ռոբերտ Մինասյանի, եւ Հիդրավլիկայի հետազոտությունների հայկական ազգային ասոցիացիան՝ ի դեմս Աշոտ Մարկոսյանի, փետրվարի 12-ին հուշագիր են կնքել «Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր» ամսագրի հրատարակումն իրականացնելու մասին: Մինչ համակարգող խորհրդի գործունեության սկզբնավորումը Տեղեկագրի համակարգող խորհրդի նախագահ է նշանակվել տեխնիկական գիտությունների դոկտոր Մհեր Մարկոսյանը, իսկ գլխավոր խմբագիր՝ տեխնիկական գիտությունների դոկտոր Հովհաննես Թոքմաջյանը: Որպես տեղեկագրի թողարկման պատասխանատու կազմակերպություն հանդես կգա Շուշիի տեխնոլոգիական համալսարանը:

Հովհաննես Թոքմաջյանը հայտնեց, որ բարձր են պահելու նշաձողը, նույնիսկ հավակնություններ ունեն մտնել Scopus-ի շրջանակների մեջ: Նա նշեց, որ նման տեղեկագրի հիմնումը նոր խոսք է գիտության զարգացման գործում, քանի որ այդպիսով կկարողանան համագործակցել տարբեր ինստիտուտների եւ գիտական հաստատությունների հետ: Շուտով կհրատարակվի ամսագրի առաջին համարը, իսկ տարվա ընթացքում այն կունենա 4 համար: Հետագայում այդ թիվը կարող է դառնալ 6 եւ ավելի:

Աշոտ Մարկոսյանի ձեւակերպմամբ, գիտական նոր ամսագրի հրատարակումը ողջունելի է: Նրա խոսքով, աշխարհում ներկայումս տարբեր ամսագրեր են հրատարակվում, եւ կոշտ մրցակցության պարագայում հիմնական չափորոշիչը որակն է: Նա փաստեց, որ Խորհրդային միության տարիներին, երբ պլանավորում էին տարբեր հանրապետությունների ուղղվածությունը, Հայաստանը այն ժամանակ բնորոշվում էր «բարձր գիտատար», «ցածր նյութատար» եզրույթներով: «Մենք հիմա էլ ունենք աշխարհում ամենաթանկ՝ մարդկային կապիտալը, որի մասին չպետք է մոռանալ»,-ասաց գիտնականը: Նաեւ մի օրինակ բերեց՝ ԱՄՆ ազգային հարստությունը գնահատվում է 678 տրիլիոն դոլար, եւ այնտեղ 90%-ից ավելին կազմում է հենց մարդկային կապիտալը: Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, մենք չունենք ազգային հարստության վերաբերյալ մոտեցումներ, մինչդեռ ամեն երկրի ազգային հարստությունը բնութագրում է նրա արժեքային համակարգը:

12735907_1115677208445349_5
Ներկաները շեշտեցին, որ վերջին 20-30 տարիներին, Նոբելյան մրցանակակիրների մեծ մասը հենց տեխնոլոգիական համալսարաններից են, եւ սա փաստ է, որի հետ պետք է հաշվի նստել:

Ռոբերտ Մինասյանի կարծիքով՝ այսօր հայաստանյան գիտական ամսագրերում կան նաեւ թույլ հոդվածներ, որոնք հրատարակվում են միայն նրա համար, ինչ է թե դիսերտացիա պաշտպանողը կարողանա պաշտպանել: Լինելով մասնագիտական խորհուրդներից մեկի ղեկավար, գիտնականը հիշեցրեց, որ 2017-ից խստացվում են պաշտպանությունների պայմանները, եւ դոկտորական հրատարակումները պետք է լինեն միջազգային հեղինակավոր ամսագրերում: Հայաստանում այդ մակարդակի ընդամենը 4 ամսագիր կա, որոնցից որեւէ մեկը տեխնոլոգիական բնույթի չէ:

Մհեր Մարկոսյանի խոսքերով, երբ որեւէ երկրում հրատարակվում է լուրջ գիտական ամսագիր, որն ունենում է միջազգային ճանաչում, դա բարձրացնում է տվյալ երկրի վարկանիշը: Եվ իրենք եւս նման նպատակ են հետապնդում: «Կուզենայի, որ մեր նոր ստեղծվող ամսագրում էլ տպագրվելու համար հերթ գոյանար, տեղեկագիրն այնքան բարձր վարկանիշ ունենար, որ արտասահմանցի գիտնականներն էլ ցանկանային այստեղ հրատարակվել»,- ասաց պարոն Մարկոսյանը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի:

«Առավոտ» օրաթերթ
13.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29