Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ի, Րաֆֆիի, Նիկոլի եւ մյուսների տարբերակները

Փետրվար 15,2016 12:00

Թե ինչու ֆեյսբուքյան ընդդիմության որոշ ներկայացուցիչներ հարձակվեցին հենց Նիկոլ Փաշինյանի վրա՝ առաջին տպավորությամբ դժվար է ենթադրել: Առաջին տպավորությամբ կարելի է դա վերագրել Նիկոլի հանդեպ տարատեսակ ընդդիմադիրների խանդին ու չկամությանը, բայց սա վերջնական ու սպառիչ բացատրություն չէ, եւ մեր կարծիքով՝ ԱԺ հերթական ընտրություններից առաջ ընդդիմադիր դաշտում առավել խորքային գործընթացներ են տեղի ունենում, եւ սա ընդամենը սկիզբն է:

Բազմիցս ասել ենք եւ էլի շարունակելու ենք կրկնել, որ ընդդիմադիր ուժերը խորհրդարան մտնելու համար ստիպված են լինելու դաշինքներ կազմել, որովհետեւ նրանցից քչերն են ի վիճակի միայնակ հաղթահարել պահանջվող հինգտոկոսանոց շեմը: Ասվածը ՀԱԿ-ին միգուցե չի վերաբերում այն իմաստով, որ ՀԱԿ-ն ինքնին դաշինք էր, բայց նաեւ ՀԱԿ-ին է վերաբերում՝ այն իմաստով, որ ՀԱԿ-ի նախկին դաշինքից միայն ՀԱԿ-ն է մնացել ու մեկ էլ ՀԺԿ-ն: Մյուսները դուրս են եկել ՀԱԿ-ից կամ էլ զուտ ձեւականորեն են մնացել: Ասվածը վերաբերում է նաեւ ՀԱԿ խորհրդարանական խմբակցության անդամներից ոչ միայն Նիկոլին:

Բայց ինչո՞ւ անձամբ Նիկոլը ընդդիմության թիրախ դարձավ: Փորձենք մեր պատկերացման սահմաններում հասկանալ եւ բացատրել այս գրեթե անբացատրելին:
Նիկոլ Փաշինյանն էլ էր ուզում դա հասկանալ եւ այդ նպատակով իրենց կուսակցության գրասենյակում ժամադրություն նշանակեց իրեն անխնա քննադատողների հետ, բայց եթե Նիկոլի համար պարզ չէր, մեզ համար ավելի քան պարզ էր, որ Նիկոլին «իշխանության մարդ» համարողներից որեւէ մեկը ժամադրությանը չի ներկայանա:

Այնուամենայնիվ, մի կին ներկայացավ նշանակված ժամադրությանը, բայց դա Նիկոլի կամ որեւէ մեկի ակնկալած եւ ենթադրած տարբերակը չէր: Կինը գոռգոռաց, գոռգոռաց, գոռգոռալով դժգոհություն հայտնեց Նիկոլից ու հեռացավ, եւ Նիկոլն ու մենք այդպես էլ չիմացանք, թե Նիկոլին Ֆեյսբուքում եւ այլուր քննադատողները կոնկրետ ինչ են պահանջում ու ակնկալում ընդդիմադիր պատգամավորից:

Կոնկրետ որեւէ բան չիմացանք, բայց կփորձենք ենթադրել: Համաձայնվեք, որ ենթադրելն էլ հեշտ գործ չէ, որովհետեւ Փաշինյանին քննադատողների մեջ ե՛ւ ընդդիմադիրներ կան, ե՛ւ իշխանամետներ ու իշխանության ներկայացուցիչներ: Բայց ինչքան էլ երկուստեք քննադատեն, եւ ինչքան էլ որոշ ընդդիմադիրներ Փաշինյանին «իշխանության մարդը» համարեն, փաստը մնում է փաստ, որ այսօրվա դրությամբ հենց Փաշինյանն է ամենավտանգավոր ու ամենաանհարմար պատգամավորներից մեկը, եւ փաստը մնում է փաստ, որ ժողովրդի ու հասարակության գերակշիռ մասն էլ է դա ընդունում ու հասկանում: Ընդ որում, դա հասկանում են նաեւ ընդդիմադիրներից շատերն ու հատկապես «Ժառանգության» ներկայացուցիչներն ու սեֆիլյանականները, այլապես սահմանադրական հանրաքվեի օրերին չէին պահանջի, որ Նիկոլը միանա իրենց:
Նիկոլն, իհարկե, չմիացավ՝ ոչ միայն այն պատճառով, որ մինչեւ սահմանադրական հանրաքվեն ընդամենը հաշված օրեր էին մնացել, այլեւ այն պատճառով, որ իրենք եւ հրապարակում եղած ընդդիմադիրները տարբեր կերպ էին վերաբերվում սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի եղանակներին: Սա ընդամենը մեր կարծիքն է, եւ մեր կարծիքով՝ Նիկոլը ճիշտ էր էն առումով, որ ամիսներ շարունակ սահմանադրական հանրաքվեին պատրաստված իշխանությունների դեմն առնելու համար ընդդիմությունն էլ պիտի տեւականորեն ու հանգամանորեն նախապատրաստվեր:
Իսկ եթե փորձենք մի քիչ ավելի խորանալ, կհասկանանք, որ Նիկոլից մյուս ընդդիմադիրների պահանջը ոչ թե կոնկրետ սահմանադրական հանրաքվեին էր վերաբերում, այլ Ազգային ժողովի գալիք ընտրություններին:

Բանն այն է, որ, ըստ ամենայնի, ընդդիմության բոլոր թեւերն էլ հասկանում են, որ ընդդիմությունը գալիք խորհրդարանում կարող է հայտնվել միայն ու միայն դաշինքների միջոցով: Եթե մենք դա հասկանում ենք, իրենք կհասկանան ու կհասկանան: Բայց հասկանալը քիչ է: Հասկանալուց հետո հարկավոր է որոշում կայացնել: Պետք է որոշես՝ ում հետ դաշինք կազմես: Էդ առումով հատկապես Հայրիկյանի համար է հեշտ որոշում կայացնելը, որովհետեւ Հայրիկյանը, փաստորեն, առանձնապես կորցնելու բան չունի, ինչպես նաեւ՝ գտնելու բան: Ինքը ազգային փրկության ճակատներ ու դաշինքներ կազմելու մեծ փորձ ունի, եւ եթե իր կազմած հերթական ճակատն ու դաշինքը փլուզվեն, առանձնապես մեծ ողբերգություն չի ապրի:

Ինչքան էլ ընդունենք, որ Հայրիկյանը բացառիկ ու օրինակելի կենսագրություն ունի եւ ողջ գիտակցական կյանքում էլ պայքարել է Հայաստանի անկախության համար, պիտի նաեւ ընդունենք, որ Հայրիկյանն, իր ԱԻՄ-ով հանդերձ, դժվար թե կարողանա հաղթահարել 5 տոկոսի շեմը եւ, բնականաբար, պիտի ձգտի որեւէ ուրիշի հետ դաշինք կազմել: Նույնը վերաբերում է Սադոյանին եւ ավագ սերնդից շատերին:

Նիկոլի պարագան մի քիչ այլ է: Նիկոլն ու իր կուսակցությունը Հայրիկյանի կամ Սոդոյանի հետ դաշինք կազմելով՝ դժվար թե ավելացնեն իրենց պոտենցիալ ձայները:
Այսինքն՝ Նիկոլն ու իր կուսակցությունը կարող են նաեւ ընտրություններին առանց դաշինքի՝ միայնակ մասնակցելու մասին մտածել: Ու երեւի մտածում էլ են: Նույնը կարելի է ասել ՀԱԿ-ի վերաբերյալ: ՀԱԿ-ն էլ կարող է առանց դաշինքի՝ միայնակ մասնակցել ընտրություններին: Ավելի ճիշտ՝ ոչ թե միայնակ, այլ նախկին դաշինքով: Իսկ ավելի ճիշտ՝ ոչ թե նախկին դաշինքով, այլ նախկին դաշինքի մնացորդներով: Միայնակ մասնակցելու դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանն ու «Ժառանգությունն» էլ թերեւս կարող են որոշ շանսեր ունենալ: Ի տարբերություն Հայրիկյանի, Սադոյանի եւ ընդդիմադիր ու կիսաընդդիմադիր շատ ուրիշների, որոնք պիտի նախընտրական դաշինքներ կազմելու մասին մտածեն: Ու մտածում են: Ընդ որում՝ բավական ակտիվ ու ագրեսիվ են մտածում, հրամայաբար՝ «պիտի միանաս մեզ»:

Որովհետեւ շատ քիչ ժամանակ է մնացել:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Հ.Գ. Բագրատյանը, փաստորեն, արդեն ռեալ գործընթաց է սկսել:

 

«Առավոտ» օրաթերթ
13.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29