Լրահոս
Օրվա լրահոսը

Աստված ներում է նրանց, ովքեր զղջում եւ ապաշխարում են

Փետրվար 15,2016 11:30

Ինչպես մենք այսօր ստանում ենք պահքի պատվիրանը մարգարեներից, առաքյալներից ու ավետարանիչներից, այդպես էլ առաջին մարդը պատվիրան ստացավ Տիրոջից դրախտում. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող եք ուտել, բայց բարու եւ չարի գիտության ծառից մի՛ կերեք» (Ծննդ. Բ 16-17): Մեծ պահքի երկրորդ կիրակին կոչվում է «Արտաքսման կիրակի», որը մեզ հիշեցնում է անհնազանդության պատճառով Ադամի՝ դրախտից արտաքսման, ինչպես նաեւ մեղքի ու մահվան դառնության ճաշակման մասին: «Ադամը, իր կամքով եւ ինքնահոժար մտքով չպահելով Տիրոջ պատվիրանը, զրկվեց աստվածային վայելուչ փառքից եւ արտաքսվեց դրախտից: Սակայն Երկրորդ Ադամի` Հիսուս Քրիստոսի մարդեղությամբ մարդկանց առջեւ վերստին բացվեց դրախտի ճանապարհը, եւ մարդիկ, զղջումով, ապաշխարությամբ եւ առաքինի վարքով մեղքերից մաքրվելով, վերստին արժանացան դրախտային երանությանը»,- «Առավոտի» լրագրողի հետ հեռախոսազրույցում ասաց Եղեգնաձոր քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Վազգեն Հովհաննիսյանը:

Նա ասաց, որ Ադամի գործած մեղքի պատճառով է, որ առաջին մեղքը կոչվում է ադամական, իսկ մնացած մեղքերը ձեռքբերովի մեղքերն են, որոնք մարդը գործում է ողջ կյանքի ընթացքում։ Մեղքը, ըստ տեր Վազգեն քահանայի, արարք է, որն ուղղված է Աստծո կամքին հակառակ. «Իսկ Աստծո կամքը դրսեւորվում է նրա պատվիրանապահության միջոցով»:

mexq8-1
Մեղքերը դասակարգվում են նաեւ` գիտակցված եւ ոչ գիտակցված, առանձնանում են 7 մահացու մեղքերը` հպարտություն, նախանձ, բարկություն, ծուլություն, ագահություն, որկրամոլություն եւ բղջախոհություն` անմաքուր եւ անպարկեշտ, ցանկական բաների մասին խորհելը։ «Մահացու են այն իմաստով, որ ազդում են մարդու հոգեւոր աշխարհի վրա եւ անմիջականորեն կարող են վնասել այդ աշխարհը։ Այս մեղքերը, քանի որ պատճառն են, աղբյուրը մնացյալ բոլոր մեղքերի, այդ պատճառով են նման անվանում ստացել, որոնք մարդուն տանում են հոգեւոր կործանման»,- ասաց տեր Վազգեն Հովհաննիսյանը:
Նա, ամփոփելով օրվա խորհուրդը, նշեց, որ մենք մեկ անգամ եւս համոզվում ենք, որ յուրաքանչյուր արարք, որը չի համապատասխանում Աստվածադիր օրենքներին` ունենում է ծանր հետեւանքներ. «Մեղք կատարողը ի վերջո պատասխանատվության է ենթարկվում: Սակայն Աստծո պարագային միշտ տրվում է հնարավորություն` սեփական սխալներն ուղղելու համար: Աստված պատրաստ է ներել բոլոր նրանց, ովքեր զղջում եւ ապաշխարում են: Եթե մեղքը գործվել է, ապա Աստված դրանից մաքրվելու հնարավորություն է միշտ տալիս մարդուն, եթե չենք օգտվում Աստծո տված այդ հնարավորությունից, ապա պատիժը դառնում է անխուսափելի»: Ըստ հոգեւոր հոր, այդ հնարավորությունը նաեւ տրվել էր Ադամին եւ Եվային, բայց քանի որ նրանք մեղքը միմյանց վրա բարդելով` փորձեցին արդարանալ, այլ ոչ զղջալ եւ ապաշխարել` այդ մեղքը փոխանցվել է նաեւ մեզ, որից ազատվում ենք միայն մկրտության միջոցով:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
13.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29