Լրահոս
Օրվա լրահոսը

Երկիրը փրկենք միասին

Փետրվար 14,2016 23:35

Երկիրը ձեռից գնում ա…: Անճարությունից՝ ժողովրդի արտագաղթը շարունակում է աճել և հասել է անթույլատրելի չափերի: Գործազրկության մասին անիմաստ է խոսել, քանզի այն համատարած բնույթ է կրում: Կոռուպցիան և կաշառակերությունն աճում են երկրաչափական պրոգրեսիայով: Իսկ ժողովրդի աղքատության մասին խոսելն արդեն ծիծաղելի է ու նրա դեմ առնելուն ուղղված քայլերն անհույս: Այս ամենը դեռ քիչ է, բանկերն էլ մյուս կողմից են քերթում ժողովրդին ու փորձում նրանից խլել վերջին հույսը՝ բնակարանը, տունը, տնամերձը, մեքենան,…(եթե իհարկե, այդպիսիք մնացել են): Վիճակն այնքան օրհասական է, որ մարդիկ չեն կարողանում հացի, դեղի, տրանսպորտի, կոմունալ վճարների և մի շարք այլ տարրական՝ կենցաղային հարցեր լուծել:

Արդյունաբերություն, արտադրություն՝ որպես այդպիսիք, երկրում համարյա չկա: Առևտրի ծավալներն էապես նվազել են (ի վերջո, գնորդը ժողովուրդն է, որն էլ փող չունի՝ սնանկ է), որից էլ բյուջե մտնող մուտքերն էապես պակասել են: Ղարաբաղյան պատերազմն էլ՝ կարծես էլ ավելի ծավալվելու միտումներ է գրանցում, չնայած այն բանին, որ մեր պատանի  զինվորները անձնազոհ, հերոսական, հասուն փորձառության զինվորականին հատուկ մարտեր են մղում ու առայժմ հաղթում:

Այստեղ տեղին է բարձրաձայնել. թշնամին որևէ այլ բանից այնքան զարմացած ու վախեցած չէ, որքան մեր զինվորների անվախությունից, հերոսությունից, կռվելու արվեստին տիրապետելուց և իրենց հայրենիքին՝ անմնացորդ նվիրված լինելու հանգամանքից: Այս վերջին պարագան  այնքան որոշիչ ու պարտավորեցնող է, որ մեր հնարամիտ ժողովուրդը՝ չնայած վերը նկարագրված անմխիթար վիճակին, պետք է իր բոլոր քայլերում անպայմանորեն շեշտադրի ու մտապահի այս իրողությունը, որով առօրյա ապրելակերպին (չապրելակերպին) զուգահեռ, չափազանց զգոն լինի և հավերժ փայփայի մեր ամեն զինվորի սրբացած արյունն ու հայրենափրկիչ հիշատակը:

Երկրի աղետալի վիճակը հասարակության ներսում ծնել է տարաբնույթ քաղաքական, հասարակական հոսանքներ, տրամադրություններ, ընդվզումներ: Ընդդիմադիր դաշտը փոշիացվել է: Ցավոք, այսօր ընդդիմություն՝ որպես այդպիսին չկա, կա ընդամենը՝ ընդդիմության իմիտացիա: Բազմաթիվ այլ պատճառների կողքին, երկրի քայքայման պատճառներից մեկն էլ սա է: Եթե չկա ընդդիմություն, չկա նաև զգոն, զսպված իշխանություն, որը կարող է ցանկացած երկիր տանել անբնական բևեռացման, որից հետո նաև կործանման: Հայ ժողովրդին հատուկ՝ ի վերուստ տրված անմիաբանությունն ինչպես միշտ, այնպես էլ այսօր թույլ չի տալիս ընդդիմության միավորմանը, որն օդ ու ջրի նման կարևոր է ժողովրդի համար:

Փաստացի, այսօր Հայաստանում առկա է այսպիսի վիճակ. կան մի շարք ամբիցիոզ քաղաքական փոքրիկ հոսանքներ, հասարակական դժգոհ շերտեր և նեղ անձնական շահեր հետապնդող ուժեր, որոնց ժողովուրդը նույնպես չի վստահում և որոնք լավագույն դեպքում՝ միմիայն հակաիշխանական կոչեր են անում, ինչպես նաև պատասխանատվություն չկրող իշխանություն: Փաստացի, իշխանությանը հաջողվել է լիովին փոշիացնել ընդդիմադիր դաշտը: Վերջին՝ մոտ 20-25 տարիների ընթացքում ընդդիմադիր դաշտը երբեք այնքան թույլ և պարալիզացված չի եղել, որքան այսօր: Այսօր իշխանությունների համար ոչ մի զսպաշապիկ չկա և այն՝ բառիս բուն իմաստով ինչ ուզենա, այն էլ կանի: Այս ամենը ժողովուրդը պարզորոշ տեսնում է և այս հարցում նրան որևէ նոր բան չկա ասելու: Փաստորեն, ունենք հավատը լիովին կորցրած, վհատված ժողովուրդ, որի պարագայում երկրի հետագա գոյության հնարավորությունը խիստ մշուշոտ է դառնում:

Հայաստան երկրի և ժողովրդի համար սրանից ավելի վտանգավոր վիճակ դժվար է պատկերացնել: Ժողովուրդը լեթարգիական քնի մեջ է և բացի անհավատությունից, կենդանության նշաններ փաստելու ոչ մի այլ շարժ չի անում: Հասարակության տարբեր շերտերի միջև շերտավորումը՝ բառի իսկական իմաստով տիեզերական չափերի է հասել և այս պարագայում, ուժերի գերագույն լարումով միայն ժողովուրդը կարող է փրկել դեպի անդունդ գլորվող Հայաստան երկիրը: Ուզում եմ մեր իմաստուն ժողովրդի համար մի ցավոտ, զգոնացնող ճշմարտություն ևս բարձրաձայնել: Եթե հասունացավ կրիտիկական պահը, հարուստներն իրենց ունեցվածքով հանդերձ հեշտորեն, արագ գնալու են դեպի Եվրոպաները, Ամերիկաները: Բա, դու ի՞նչ ես անելու իմ ժողովուրդ:

Այդպես էլ քնած՝ ողջ-ողջ մորթվելու՞ ես…: Քանի դեռ, բանը դրան չի հասել, եկեք զգոնանաք և փորձենք միասնական ուժերով երկիրը դուրս բերել այս ողբալի վիճակից: Ի՞նչ է անհրաժեշտ սրա համար: Անհրաժեշտ է մեկ բան. ամեն մեկս, ամեն քայլափոխի պետք է զգոն լինենք և մեր կողմից արվող ամեն քայլին զուգահեռ, միակ, եզակի հարցում, այն է՝ հանուն երկրի ամրացման, հզորացման և անվտանգ գոյության, պետք է հաշտության ձեռք մեկնենք մեկմեկու՝ թեկուզ մեծագույն դժվարություններով վանելով բոլոր տեսակի ամբիցիաները: Էլ ժամանակ չկա և րոպե առաջ պետք է իրագործենք ասվածը, որպեսզի մենք էլ երկիր և հայրենիք ունենանք…

 

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29