Փետրվարի 14-ին Դիլիջանում կայացան համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Համայնքների խոշորացման ծրագրի արդյունքում Դիլիջան համայնքի մաս են կազմում Դիլիջան քաղաքը եւ հարակից 6 գյուղեր՝ Հաղարծինը, Գոշը, Թեղուտը, Աղավնավանքը, Խաչարձանը եւ Հովքը:
Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանից տեղեկացանք, որ քվեարկելու իրավունք ունեցող 20 հազար 475 ընտրողներից ընտրական բոլոր՝ 19 տեղամասերում քվեարկությանը մասնակցել է 11 656-ը : Դա կազմում է ցուցակային ընտրողների 56,93 տոկոսը:
Ա. Սարգսյանը հայտնեց, որ ընտրություններում խախտումների վերաբերյալ բողոքներ չեն ստացվել: Ներկայումս ընթանում է քվեների հաշվումը: Տեղամասային ընտրական հանձնաժողովներում սկզբում հաշվելու են ավագանու թեկնածուների ստացած ձայները, հետո ՝ քաղաքապետի թեկնածուներինը: Այդ պատճառով Դիլիջանի նոր քաղաքապետի անունը հայտնի կլինի կեսգիշերից հետո:
Դիլիջան համայնքի ղեկավարի թեկնածուները 2-ն են՝ Դիլիջանի նախկին քաղաքապետ, Դիլիջանը 2002-2005թթ. ղեկավարած , անկուսակցական Ժորա Սահաբալյանը եւ Դիլիջանի գործող քաղաքապետ, Դիլիջանը 2005թվականից ղեկավարող, ՀՀԿ անդամ Արմեն Սանթրոսյանը: Վերջինս համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել ՀՀԿ Տավուշի տարածքային խորհրդի որոշմամբ, իսկ Ժ. Սահաբալյանը՝ ինքնառաջադրմամբ: Դիլիջանի ավագանու 15 տեղին հավակնում է 32 թեկնածու:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ