Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերից առաջ Բրազիլիայում տարածված «Zika» վիրուսը լուրջ թեմա է դարձել թե կազմակերպիչների, թե Խաղերին մասնակցող երկրների համար:
Խնդիրը քննարկելու նպատակով հրավիրված ՀԱՕԿ-ի, առողջապահության նախարարության մասնագետների եւ սպորտային բժիշկների մասնակցությամբ հատուկ խորհրդակցությունում, ինչպես տեղեկացնում է armnoc.am-ը, մասնագետները հանգամանալից անդրադարձել են դրա վտանգներին, տարածմանն ու կանխարգելմանը, խոսել դրանից հնարավորին չափ արդյունավետ խուսափելու միջոցների շուրջ: ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը նշել է, որ Հայաստանի օլիմպիական հավաքականը երբեք մասնակիցների այսպիսի ուժեղ կազմ չի ունեցել եւ այդ վիրուսը չի կարող կասկածի տակ դնել Խաղերին մասնակցելը:
Առավել եւս, որ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը պատրաստակամ է սատարել եւ միջոցներ հատկացնել Ռիո մեկնող Հայաստանի մարզական պատվիրակությանը, որպեսզի բոլորն անցնեն անհրաժեշտ բուժզննում եւ ստանան անհրաժեշտ պատվաստումներ, եթե անգամ այդ ամենն անհրաժեշտ լինի իրականացնել Գերմանիայում, Ֆրանսիայում կամ ցանկացած այլ երկրում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ armnoc.am-ի