Սյունիքի մարզում մինչեւ 20:00-ն շարունակվում են ընտրությունները: Խոտ գյուղի 37/3 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահ «Ժառանգություն» կուսակցության անդամ Ռադիկ Հովհաննիսյանը Aravot.am-ին հայտնեց, որ ընտրությունը նորմալ է ընթանում: Այս գյուղում եւս ակտիվ մասնակցություն է գրանցվել 652 ընտրողից այս պահի դրությամբ մոտ 400 ընտրող է մասնակցել:
«Որեւէ միջադեպ չի եղել, շատ մաքուր, արդար, բոլոր կողմերը գոհ են ընտրության ընթացքից»,- ասաց Ռուդիկ Հովհաննիսյանը:
Ընտրատեղամասի դիմաց մի խումբ տղամարդիկ էին կուտակվել, Ռուդիկ Հովհաննիսյանը խոստացավ այդ մասին ոստիկաններին հայտնել. «Կամ ընտրել վերջացրել են, կամ գալիս են ընտրության»:
Գյումրիի լրագրողների Ասպարեզ ակումբի լրագրող Սոնա Գրիգորյանը Aravot.am-ին այդ հանգամանքը բացատրեց նրանով, որ հնարավոր է նրանք դիտորդներ լինեն կամ բարեկամներ, որոնք սպասում են. «Առավոտյան ժամերին պասիվ էր, հետո կեսօրին ու հիմա ակտիվացավ, գալիս են ակտիվ մասնակցում: Մոտավորապես արդեն 400 ընտրող ունենք: Այստեղ կանգնել, ըստ օրենքի, չի թույլատրվում, բայց այդ առումով կուտակումներ լինում են»:
Կարդացեք նաև
Սոնա Գրիգորյանը մեզ հայտնեց նաեւ, որ օրվա ընթացքում խախտումներ չեն գրանցվել:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ