Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սյունիքի մարզում փետրվարի 14-ին ՏԻՄ ընտրություններն են: Տաթեւ բազմաբնակավայր համայնքի համայնքապետի պաշտոնի համար իր թեկնածությունն է դրել 3 թեկնածու՝ Տաթեւի գյուղապետ ՀՀԿ-ական Մուրադ Սիմոնյանը եւ Շինուհայրից անկուսակցականներ Վարշամ Բագրատյանը եւ Իգոր Աբրահամյանը:
Մուրադ Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Տաթեւում ըմբռնումով են մոտենում համայնքների խոշորացման ծրագրին, եւ բազմաթիվ զրույցներից հետո հասկացել են, որ այդ ծրագրով տարածաշրջանն է զարգանում: Անդրադառնալով իր թեկնածությանը՝ նա ասաց, որ այն առաջադրել են 7 համայնքի ղեկավարները եւ Հայաստանի հանրապետական կուսակցությունը. «Դուք ականատեսն եք, թե ինչպիսի ազատ եւ արդար ընտրություններ են գնում, դա ժողովուրդը կարող է որոշել, դա կապ չունի»:
Aravot.am-ի հարցին, թե բացի Տաթեւից այլ համայնքներ այցելել է, այլ համայնքներում իրեն ճանաչո՞ւմ են, Մուրադ Սիմոնյանը ասաց, որ ոչ միայն այցելել է, այլ նաեւ համայնքներում արդեն հասցրել է փոքր հարցեր լուծել. «Մի քանի անգամ եմ այցելել, այցելել եմ առանձին ընդհանուր ժողովով եմ հանդես եկել, ընդհանուր թաղամասերում եմ հանդես եկել, ուսումնասիրել եմ մեկ առ մեկ մեր համայնքի խնդիրները: Առանց ուսումնասիրելու պետք է ձեզ տեղեկացնեմ, որ արդեն իսկ տեղյակ եմ, քանի որ իմ ընկերներն են, այդքան տարիներ միասին աշխատում ենք, ես լիովին տեղյակ եմ մեր համայնքի հիմնախնդիրներից»:
Տեղեկություններ ենք ստացել, որ Կապանից մեքենայով ուղեկցում են ընտրատեղամասեր: Մուրադ Սիմոնյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք տեղյակ է այդ երեւույթից, նա պատասխանեց, որ ճանապարհների հետ խնդիրներ են առկա, եւ գյուղերի բնակիչներից շատերը գնացել են Կապան աշխատելու, այդ պատճառով՝ մեկ ավտոբուս է տրամադրել, որպեսզի մարդկանց տեղափոխեն ընտրատեղամաս: Նկատառմանը, թե դա արդեն ուղղորդում չէ, նա պատասխանեց. «Իրենք էլ չգիտեն, ում մեքենայով է: Ուղղակի ես խնդրել եմ իմ ընկերոջը մարդկանց տեղափոխել: Սեփական մեքենա չունեմ, տաքսի սերվիս չունեմ»:
Կարդացեք նաև
Խոսելով ընտրությունների մասին, թեկնածուն ասաց, որ տեղյակ է, որ բոլոր ընտրատեղամասերում վերահսկողություն է իրականացվում, սակայն մանրամասներին տեղյակ չէ: Հետաքրքրվեցինք, թե իր վստահված անձինք խախտումներ չեն արձանագրել, նա պատասխանեց, որ դեռ չեն նկատել եւ չի էլ սպասվում, որ խախտումներ կգրանցվեն:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ