Չգիտեմ՝ կապիկների աշխատանքային օրերը հանգստյան օրերից տարբերվում են, թե ոչ, բայց որ շատերը կերազեին, որ շաբաթ առավոտյան իրենց տարբեր մրգերով պատրաստած աղցան մատուցեին՝ դա հաստատ։ Երևանի կենդանաբանական այգու կենդանիների խնամքի բաժնի աշխատակից Գայանե Գփոյանը, որն արդեն տասը տարի խնամում է պրիմատներին, օրը սովորականի պես սկսեց կապիկների ազատավանդակների մաքրման աշխատանքներով և նրանց նախաճաշի համար անհրաժեշտ մթերքը կտրելով։
Առաջինը պետք է կերակրել շատակեր սևագլուխ սկյուռակապիկներին, որոնք շատ խելացի կապիկներ են համարվում. ուղեղի զանգվածը գերակշռում է մարմնի զանգվածը։ Սկյուռակապիկները Հայաստան են բերվել 2015 թվականին՝ Ամստերդամից, և, քանի որ, Երևանի կենդանաբանական այգին Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների ասոցիացիայի թեկնածու-անդամ է, գործընկերներն օգնում են կենդանիների համար ճիշտ պայմաններ ստեղծելու, սննդակարգ մշակելու հարցում և տրամադրում են այն բոլոր վիտամիններն ու հավելումները, որոնք չկան Հայաստանում։
Նախքան կապիկներին այցելելը Գայանեն զգուշացրեց, որ նրանց չի կարելի մոտենալ զարդերով, երկար վզկապներով, որովհետև նրանք շատ հետաքրքրասեր են, ու դրանց դիպչելու ցանկությունը կարող է վատ հետևանքներ ունենալ։ Վերջապես մտանք սկյուռակապիկների ձմեռանոց. տասնմեկ արու կապիկ սպասում է նախաճաշին։ Գայանեն մրգերը լցրեց հատուկ նյութերով պատրաստված, անցքեր ունեցող տարաների, բամբուկե կախոցների մեջ։
Քանի որ կապիկներին սնունդը միշտ մատուցվում է, վտանգ կա, որ նրանք կկորցնեն կերը փնտրելու և գտնելու բնազդը։ Այդ իսկ պատճառով սնունդը «թաքցնում» են տարաների մեջ, որտեղից հանելու համար կապիկները պետք է ջանք գործադրեն։ Ինչպես նկատեցի՝ այս հնարքն ամբողջովին կապիկների սրտով է՝ խաղում են, փորփրում, մի տեղից մյուսը ցատկում ու շտապում վերացնել բոլոր բանանները (պետք է տեսնեիք այն կապիկի հիասթափված հայացքը, երբ երկար փնտրելուց հետո տարայի անցքից խնձոր հանեց)։ Կուշտ հայացքները հուսադրող էին, ու մենք շտապեցինք կերակրելու կատվային լեմուրներին։ Նախքան նախաճաշը պետք է մաքրել ձմեռանոցը, իսկ մաքրությունը երկարատև աշխատանք է՝ լեմուրները ստիպված էին մի քիչ սպասել։ Կատվային լեմուրը Մադագասկար կղզու էնդեմիկ տեսակ է։ Պոչն ունի տասներեք սև ու սպիտակ օղակաձև նախշ և մագլցելիս օգնում է պահպանել հավասարակշռությունը։ Լեմուրները առավոտյան կարծես թե մարզվում էին. ձգումներ անում, ցատկում, բայց ինձ ավելի շատ զարմացրեց սառած հայացքով ձմեռանոցի ապակուց դուրս նայող լեմուրը։
Պարզվում է ՝ առավոտյան ժամերին նրանք արևային լոգանք են ընդունում՝ յոգի դիրքով։ Հետաքրքիր էր, որ լեմուրների ընտանիքն (հայրը, մայր և երկու դուստր) իրենց տարածք չի թողնում մեկ այլ ընտանիքի պատկանող լեմուրի. նա ստիպված է առանձին ապրել։ Գուշակեցի՞ք՝ դա ում պահանջն է. իհարկե, էգ լեմուրի, որը ոչ մի կերպ չի ցանկանում հանդուրժել մեկ այլ էգ լեմուրի ներկայությունն իր ընտանիքում։
Կապիկներից բաժանվելը հեշտ չէր։ Ես սիրեցի նրանց առավոտը. կյանքում առաջին անգամ կապիկն իմ ձեռքից միրգ կերավ, վրաս բարձրանալու անհաջող, բայց ինձ ոգևորող փորձեր կատարեց, իսկ մյուս անգամ, հուսամ՝ կընդունի նաև հարցազրույցիս առաջարկը։
Մանե ԳԵՎՈՐԳՅԱՆ
Լուսանկարների՝ Aravot.am-ի