Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Երևանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կատարվեց Տյառնընդառաջի նախատոնակը

Փետրվար 13,2016 22:13

«Գնամ անեմ բարություն, հոգիս գնա արքայություն». ահա այսպես են հայ առաքելական եկեղեցու հետևորդները  շնորհավորում միմյանց Տրնդեզի ժամանակ:

Ամեն տարի փետրվարի 14-ին Հայ Առաքելական եկեղեցին մեծ հանդիսավորությամբ նշում է Տյառնընդառաջի տոնը կամ Տրնդեզը: Տոնի ծիսական արարողություններն սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությամբ, այնուհետև կատարվում է նախատոնակ: Այսօր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ժամերգության ավարտին հոգևորականներն անդաստանի կարգ կատարեցին՝ օրհնելով երկրի չորս կողմերը խաղաղություն ու բերրիություն խնդրեցին աստծուց: Այնուհետև եկեղեցուց դուրս բերեցին կրակը և վառեցին Քրիստոսի լույսն ու ջերմությունը խորհրդանշող խարույկը: Եկեղեցու հարակից տարածքում իրականացվեց Տյառնընդառաջի մեծ տոնախմբություն՝ ազգային երգ ու պար, ավանդական խաղեր ու ծեսեր:

Նախատոնակի արարողության մասնակից տիկին Անահիտը աստվածային լույսը խորհրդանշող խարույկից վառեց իր մոմը և շտապեց վերադառնալ տուն, որպեսզի Տրնդեզի ուտեստներ պատրաստի և բաժանի ընտանիքի անդամներին:DSC01535

«Տրնդեզի տոնն իմ ամենասիրելի տոներից մեկն է: Ամեն տարի փետրվարի 13-ին պարտադիր այցելում եմ եկեղեցի եկեղեցու բակից կրակ տանելու, որպեսզի մեր բակում խարույկ վառենք և  թռչենք խարույկի վրայով: Որպես հայ կին՝ ես փորձում եմ պահպանել տոնին հատուկ ծիսական արարողությունները»,-ասաց տիկին Անահիտն ու հավելեց, որ իր տոնական սեղանին իրենց պարտադիր տեղն են գտնում օրվան հատուկ ուտելիքները՝ ընկույզ, չամիչ, խնձոր, ինչպես նաև աղանձ ու փոխինձ:

Տյառնընդառաջի տոնը  մեր ժողովրդի ամենասիրած տոներից մեկն է: Քրիստոնեության ընդունումից հետո շատ տոների նման Տրնդեզը նույնպես համարվեց Հայ Առաքելական եկեղեցու տոներից մեկը՝ վերանվանվելով Տյառնընդառաջ՝ տիրոջն ընդառաջ: Քրիստոնեության մեջ սա կապված է այն դեպքի հետ, երբ  Քրիստոսի ծննդից քառասուն օր հետո Հովսեփն ու Մարիամը նրան տանում են Երուսաղեմի տաճար՝ Աստծուն ընծայելու, որտեղ նրան ընդառաջ է գալիս Սեմեոն անունով մի ծերունի: Այս բարեպաշտ ծերունին Աստծուց խնդրել էր իրեն այնքան կյանք տա, որ իր աչքերով տեսնի մարդկության փրկչին՝ Հիսուս Քրիստոսին: Այստեղից էլ տոնի անունը դարձավ Տյառնընդառաջ, քանի որ ծերունի Սեմեոնը ընդառաջ գնաց տիրոջը և գրկեց նրան:

Այս տոնի ծագման, սովորույթների, անվան առաջացման, նշանակության և խորհրդի մասին կան բազմաթիվ և երբեմն նաև իրար հակասող վարկածներ: Ըստ այս վարկածներից մի քանիսի՝ տոնը համարվում է կրակի պաշտամունքի, արևպաշտության, հացազգիների, բերքի և բազմաթիվ այլ երևույթների տոն: Ամենայն  հայոց կաթողիկոս  Գարեգին Երկրորդի տնօրինությամբ այս տոնը համարվում է նաև նորապսակների օրհնության օր:

 

Նունե ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Larisa says:

    Քրիստոսին Սիմեոն ծերունու մոտ բերում են 8 օրեկանում ոչ թե քառասուն, և կրակը ինչ կապ ունի Քրիստոսի հետ, երբ այս նույն տոնը նշվում էր նաև հեթանոս Հայաստանում: Աստծո խոսքը հստակ նշում է ՔՈ ՏՂԱՅԻՆ ԵՎ ԱՂՋԿԱՆ ԿՐԱԿՈՎ ՉԱՆՑԿԱՑՆԵՍ.. ինչպես կարելի է սա համարել հոգևոր տոն, երբ նույնը նշում են պարսիկները, որոնք ՔՐԻՍՏՈՆՅԱ չեն:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29