Խորհրդային կինոյի պրիմադոննա Լյուբով Օռլովան ոչ պակաս հայտնի կինոռեժիսոր Գրիգորի Ալեքսանդրովի կինն էր: Ալեքսանդրովը բոհեմական կյանքով էր ապրում ու պարբերաբար սիրավեպեր էր ունենում մշակույթի ոլորտի կանանց հետ: Ամուսնու քմահաճույքներին Օռլովան մշտապես փիլիսոփայորեն էր վերաբերվում: Բայց եկավ մի օր, համբերությունը հատեց, երբ Օռլովան իմացավ, որ ամուսին իր հոբելյանի առիթով իրենց տուն է հրավիրել հերթական սիրուհուն: Վերջինս իր նման կինոդերասանուհի էր:
Քանի որ խորհրդային տարիներին բոլոր, այսպես կոչված, էլիտար արվեստագետները նույն դերձակների հաճախորդներն էին, Օռլովայի համար դժվար չէր տեղեկանալը, թե ինչ հագուստ էր պատվիրել ամուսնու սիրուհին՝ ծննդյան տոնին ներկայանալու համար:
Եվ ահա, Ալեքսանդրովի ծննդյան օրը ներս է մտնում նրա պճնված սիրուհին ու մնում ապշած: Ողջ փափուկ կահույքի պաստառները նույն կտորից էին, որից կարված էր իր զգեստը: Անգամ դռնան առաջ՝ հատակին փռած փոքրիկ գորգն էր սիրուհու հագուստի կտորից: Բնականաբար այդ կնոջ այցը կարճատեւ է լինում, որովհետեւ չկար մի աթոռ, որի վրա նա ցանկանար նստել եւ որի պաստառն իր զգեստի կտորից չլիներ: Գրիգորի Ալեքսանդրովիչի սիրուհին իրեն ոչնչացած զգալով իսկույն «ծլկում» է:
Ըստ kaifzona.ru-ի՝ պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ