«Բավականին ստացված ելույթ էր՝ միտված ապագային»,- Սերժ Սարգսյանի երեկվա ելույթի մասին նման կարծիք հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
«Բայց չեմ կարող հասկանալ, թե այդ ապագայի մեջ ինչ նպատակներ է հետապնդում գործող նախագահը: Ամեն դեպքում, կարծում եմ, որ դա մեսիջ էր իր իսկ թիմին, որ ինքը կա, հնարավոր է, որ ինքը շարունակի լուրջ դերակատարություն ունենալ: Թիմը պահպանելու խնդիր կա, բոլոր ժամանակներում է եղել, որ նախագահության վերջին տարվա ժամանակ թիմը փորձում է նոր տեր գտնել, ու տարբեր խմբավորումներ են առաջանում, արդյունքում երեւում է իշխանական բուրգը, հիմա խնդիր է դրված այդ բուրգը պահպանել, իսկ որ պահպանվի, բոլորը հստակ պետք է իմանան, որ այսօր դրության տերը դեռ Սերժ Սարգսյանն է»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով նախագահի տեսակետին, թե «սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի քաղաքական համակարգը կդառնա առավել բաց, ճկուն, քաղաքական պայքարի առաջնորդողները կլինեն կուսակցությունները: Կուսակցությունները և նրանց կոալիցիաները կկազմեն գործադիր մարմիններ, կառաջարկեն թեկնածություններ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների պաշտոնների համար», տիկին Սարգսյանն ասաց՝ Սահմանադրությունը այդ հնարավորությունները տալիս է, բայց. «Առայժմ փաստերը չեն խոսում այն մասին, որ այդ հնարավորությունները կարող ենք լիարժեք օգտագործել: Կուզեի, որ այն ինչ ասվում է, կյանքի կոչվեր: Բայց լինելով ռեալիստ՝ վստահ չեմ, որ այդ ամենն ինչ ասվում է, առաջիկա տարիներին այդ ուղղությամբ քայլերը շատ տեսանելի լինեն: Դա չի նշանակում, որ չպետք ձգտենք դրան: Հանրության պահվածքը այդ հարցում էլ է կարեւոր, թե ինչպես պահանջատեր կլինենք սահմանադրության դրույթների կատարման առումով, այնպես էլ կարող ենք ակնկալել, որ այդ Սահմանադրությունը ծառայի ժողովրդին: Եթե լուռ նստում ենք ու ականատեսի պահվածքով դիտում, թե ինչ կերպ են օգտագործում Սահմանադրությունը, բնականաբար, Սահմանադրությունը կծառայի միայն իշխող էլիտային»:
Ըստ Սերժ Սարգսյանի, « Մենք պետք է համակերպվենք այն մտքին, որ Մարտակերտից և Մարտունուց դեպի արևելք և Գյումրուց ու Արմավիրից արևմուտք մենք որևէ իսկական գործընկեր չունենք»: Լյուդմիլա Սարգսյանը համամիտ է Սերժ Սարգսյանի ասածների հետ. «Նախագահը խոստովանեց, որ պետք է ապավինենք մեր ուժերին: Միշտ եմ այն կարծիքին եղել, որ չպետք է բարեկամ փնտրենք գործընկեր երկրների մեջ, ամեն մի երկիր, առաջնորդվում է իր առաջնային շահերով, այդ շահերի համադրության արդյունքում է, որ պետք է կարողանաս առավելագույն շահեկան դրության մեջ դուրս գալ: Պետք չէ բարեկամներ փնտրել, որովհետեւ ըստ էության, ոչ մեկ ոչ մեկի բարեկամը չէ, ամեն մեկն այս տարածաշրջանում իր շահերն փնտրում, վաղուց ժամանակն է , որ քաղաքական դաշտը հասկանա, որ ոչ ՌԴ-ն, ոչ Իրանը, ոչ Արեւմուտքը, ոչ մեկ մեզ բարեկամ չէ»:
Կարդացեք նաև
Իսկ Սերժ Սարգսյանի «հիասթափեցնող» հայտարարությանը, թե. «Պետք է հիասթափեցնեմ անընդհատ հեղափոխություն անելու կողմնակիցներին: Մենք չենք շտապելու: Քաղաքական ոլորտում համակարգային փոփոխություններ կատարելիս շտապողականությունը և անխոհեմությունը երբեք լավ ավարտի չեն հանգեցրել», ըստ տիկին Սարգսյանի ընդդիմությանը ուղղված չէր. «Սերժ Սարգսյանն էլ լավ գիտի, որ հեղափոխություն իրականացնելու որեւէ ռեսուրս այսօր ընդդիմությունը չունի, դա ներքին շրջանառման համար էր ասված: Կարելի է այդ մեսիջը վերագրել սեփական թիմին, եթե կան վտանգներ, ապա դրանք կարող են լինել իշխող կուսակցության ներսում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ