Սերժ Սարգսյանը հրաշալի speech writers (ճառ, ելույթ գրողներ) ունի, շատ լավ տեքստեր են գրում, իրեն տալիս: Այս տպավորությունն է նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթից ստացել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Այն խոսքերը, որ գրում ու տալիս են Սերժ Սարգսյանին, հրաշալի խոսքեր են, բայց արդեն նմանատիպ բազմաթիվ տեքստեր է Սերժ Սարգսյանն արտասանել, ու բացի այն ուղերձները, որ իշխանական համակարգին է տալիս, հասարակության տրված ուղերձները որեւէ արժեք չունեն, որովհետեւ իրականությունից կտրված են: Սերժ Սարգսյանի ելույթում մի իրական բան կար, որ հստակ նշեց իր թիմի ներկայացուցիչներին՝ ասելով հանգիստ նստեք ձեր տեղում, ես մնալու եմ ու նոր կենտրոն մի փորձեք գտնել: Մնացածը շոու էր, փայլաթիթեղ»,- կարծում է Արմեն Մարտիրոսյանը:
Ըստ նրա՝ հայաստանյան պետական համակարգը հիվանդ է՝ քաղցկեղածին հիվանդությամբ, հոգեվարքի մեջ է. «Ու այդ ելույթը Սերժ Սարգսյանի հերթական ցավազրկող դոզան է համակարգին, ցավազրկող էֆեկտ ապահովելու համար, բայց բուժումը դա չէ՝ նմանատիպ կառուցվածքով, նմանատիպ հոդվածներով, նմանատիպ քվեարկություններով: Թող 150 սահմանադրություն փոխեն՝ ոսկե տառերով գրված, ի՞նչ օգուտ, ինչպես Սահմանադրությունն են անցկացնում, այնպես էլ մնացածը պետք է անեն»:
Անդրադառնալով ՀՀ նախագահի ելույթի այն կետին, թե «պարտավոր ենք ստեղծել այնպիսի Հայաստան, որտեղ ապրողներն իրենց երջանիկ կզգան ու չեն մտածի այն լքելու մասին»՝ պարոն Մարտիրոսյանը շարունակեց. «Եթե Սերժ Սարգսյանը նմանատիպ Հայաստան տեսնելու ցանկություն ունի, այն էլ արտագաղթը կասեցված, պետք է հայտարարեր, որ իմ գլխավորությամբ բոլորս պետք է դուրս գանք կառավարման համակարգից, արտահերթ ընտրություններ նշանակենք, անցկացնենք արդար, ազատ ու թափանցիկ ընտրություններ, դատական համակարգն էլ իշխանություններից հեռացնենք… բայց ունենք դեկտեմբերի վեցի հանրաքվե, հունվարի մեկի նոր քաղբանտարկյալ, այսինքն, մինչ այդ առկա քաղբանտարկյալներին գումարվեց եւս մեկը»:
Կարդացեք նաև
Ի՞նչ նկատի ուներ Սերժ Սարգսյանն՝ ասելով. «Պետք է հիասթափեցնեմ անընդհատ հեղափոխություն անելու կողմնակիցներին: Մենք չենք շտապելու: Քաղաքական ոլորտում համակարգային փոփոխություններ կատարելիս շտապողականությունը և անխոհեմությունը երբեք լավ ավարտի չեն հանգեցրել»:
Պարոն Մարտիրոսյանի խոսքով. «Չեմ կարծում՝ ընդդիմության գործողությունները Սերժ Սարգսյանի խոսքերով են պայմանավորված, որովհետեւ ակնհայտ է՝ ինչ ուղղությամբ է համակարգն աշխատում՝ անկախ նրանից, թե ինքը խոսի, չխոսի, հայտարարություններ անի, թե չանի: Նրա խոսքը եւս մի անգամ հաստատում է, որ Հայաստանում ոչինչ չի փոխվելու, որովհետեւ Հայաստանն, իսկապես, նորմալ իրավիճակի բերելու համար արդեն միայն հեղափոխական քայլերը կարող են օգնել: Իսկ եթե իրենք դանդաղ են շտապելու, ապա եթե մի քանի տարի էլ դանդաղ շտապեն, արդեն որեւէ խնդիր լուծելու անհրաժեշտություն չի լինի , որովհետեւ դատարկ երկրում ինչ խնդիր լուծես. չկա մարդը, չկա խնդիրը չէ՞: Հետեւաբար, չկա ժողովուրդը, չկա ժողովրդի համար ծառացած խնդիրների լուծման անհրաժեշտությունը: Բոլորը գոհ, երջանիկ կապրեն: Գյուղերն ու քաղաքներն արդեն դատարկվել, վերջացել են: Այդպես էլ կշարունակվի, բան չմնաց»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ