Ազատ Արշակյանը կոչ է անում
համախմբվել Մոսկվայի պայմանագիրը չեղարկեու շուրջ
«Հրանտ Բագրատյանը հնարավոր է՝ ինքը չստեղծի կոալիցիա, բայց արդեն նրա հայտարարությանը արձագանքել են: Ես դրա համար շնորհակալ եմ Հրանտ Բագրատյանին: Վերջին հաշվով, շատ լավ է, որ Հայաստանի Հանրապետության կարեւոր բարեփոխումների հեղինակը ակտիվ քաղաքական կյանք է վարում: Ես Բագրատյանի կողմնակիցն եմ»,- այսօր «Առավոտի» հետ զույցում, անդրադառնալով Հրանտ Բագրատյանի՝ կոալիցիա ստեղծելու մտադրությանը, ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Նա նշեց, որ այս հարցում, այնուամենայնիվ, հոռետես է, կարծում է, որ Բագրատյանի նախաձեռնությունն իրականություն չի դառնա: Մեր զրուցակիցը անակնկալների հույս ունի: Առաջարկում է անգամ բոլորին միանալ, համախմբվել 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրը չեղակելու շուրջ:
«Օրինակ՝ Հրանտ Բագրատյանի առաջարկած միասնությանը չեն կարող միանալ Հանրապետական կուսակցությունը եւ Դաշնակցությունը, քանի որ Հրանտ Բագրատյանը ենթադրում է, որ նրանց պետք է հանենք իշխանությունից, եթե նրանք անգամ դուրս գան, հետեւորդներ են ունենալու, բայց այդպես չի կարող լինել: Մենք բոլորս միասին մի նպատակ չունենք: Հրանտ Բագրատյանի ցանկությունը կիրականանա այն չափով, որչափով մենք ունենանք նույն նպատակը: Ես բոլորի միասնական նպատակ եմ համարում 1921 թվականի մարտի 16-ի պայմանագրի չեղարկումը»,- ասաց պարոն Արշակյանը: Նա նշեց, որ նպատակի իրականացումը կարող է անիրականանալի թվալ, բայց գաղափարի շուրջ համախմբվելը իրատեսական է. «Մենք նման փորձ ունեցել ենք 1980-ական թվականների Ղարաբաղյան շարժման ժամանակ, երբ բոլորը միավորվեցին»:
Ըստ Ազատ Արշակյանի՝ Հրանտ Բագրատյանին հետեւողները կցանկանան տեսնել իրենց տեղը քաղաքական դաշտում. «Հրանտ Բագրատյանն ասում է` միավորվենք 100 տեղ զբաղեցնելու համար: Եթե մենք 1000 հոգի ենք, 100 տեղի համար ո՛նց պետք է միավորվենք: Մենք անպայման պետք է մրցենք իրար հետ, տեղ չկա 100 տեղի համար: Բայց տասը միլիոն տեղի համար կարող ենք մենք միավորվել, դա Հայաստանի անկախությունն է, ազատությունն է, ժողովրդավարությունն է ու արդարությունը: Այ, եթե Հրանտ Բագրատյանն ասի` սա եմ առաջարկում, մենք կմիավորվենք, իսկ այդ ծրագիրն իրականացնելու համար Հրանտ Բագրատյանին կընտրենք, կասենք` դու էլ մասնակցիր, գործադիր մարմնում դու էլ եղիր: Հիմա ինքը, իմ կածիքով, իշխանափոխություն է առաջարկում: Ասում են` դե, փոխեք, իրենց եք փոխում, որ դուք գնաք, դուք պաշտոն եք ուզում, ես գալիս եմ այստեղ… ի՛նչ անեմ, թնդանոթի միս դառնա՛մ:
Կարդացեք նաև
Լավ կլինի, որ Հրանտ Բագրատյանը ցուցակը կազմի` ում ինչ պաշտոն է առաջարկում: Եթե այդպես լինի, կարծում եմ, հարյուր հոգի կգնա: Հրանտ Բագրատյանը 99 հոգու տեղ պետք է թողնի` մեկ տեղը իր, իսկ մնացած 99-ը՝ մյուսներին: Հրանտ Բագրատյանի կոչը ես համարում եմ` ովքեր են այն 99-ը, թող ձեռք բարձրացնեն: Այդպես չի լինի, եթե խոսքը 99-ի մասին է: Իսկ եթե խոսքը 9 միլիոնի մասին լինի, ուրեմն պետք է ասի` ոչ բռնապետությանը, ոչ անարդարությանը, ոչ անազատությանը»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.02.2016