Լրահոս
Օրվա լրահոսը

Ներդաշնակության երաշխավորը

Փետրվար 13,2016 16:30
merujan Ter-Gulanyan

Գրեթե մինչեւ վերջերս եւ նույնիսկ օրեր առաջ` կային ժամանակներ, որ ես իմ երազներում թռչում էի, թռչելը քիչ է` ես նույնիսկ սավառնում էի հանդ ու դաշտերի վրայով, անտառների ու ջրերի վրայով:
Եվ հիմա, այս օրերին, որ ես, ցավոք, այլեւս չեմ կարողանում թռչել երազներիս մեջ, հիշում եմ անցած օրերի թռիչքիս ծփանքը, թեթեւությունը մարմնիս: Եվ թռիչքիս պահին տարօրինակն այն էր, որ ես ոչ միայն վերեւից տեսնում էի իմ մտերիմներին, հարազատներին, տեսնում էի նաեւ ինձ` երկրին կառչած, անթռիչք ու հողեղեն` իր խեղճության մեջ բախտավոր…

Այս ամենը ես վերհիշեցի, երբ մի օր ինձ հրավիրեցին թատերական համալսարան, որ ուսանողներին ներկայացնեմ Վահան Տերյան: Եվ ես ուսանողների դիմաց նստած` սկսեցի իմ դասախոսությունը շատ անսովոր.
Թե ինչպես վաղուց, գրեթե շատ վաղուց, երբ ես ութերորդ դասարանում էի, հայրս Գյումրի քաղաք էր գնացել եւ իր հետ բերել էր Վահան Տերյանի 1956թ. հրատարակված հատորյակը, Հեգելի Փիլիսոփայության ներածությունը եւ մի պրիմուս:
Հիշում եմ, ձմեռ էր: Ու ձմեռվա կապույտ իրիկվա մեջ պրիմուսը վառվում էր կապույտ բոցով, եւ պրիմուսի ու մեր գյուղի ձմռան իրիկնալույսը ներդաշնակ էին:
Եվ, Տեր Աստված, ե՞րբ կորցրինք այդ ներդաշնակությունը… Եվ ո՞վ երազեց այդքան դաժան, որ ուզում էր կտրել-փակել Թռչկանի ջրվերժը՝ հանուն ինչ-որ քստմնելի եկամտի, եւ ինչպես կարելի էր մեր մեծ ազգի, բայց առայժմ փոքր երկրի փխրուն ու գերզգայուն ներդաշնակությունը խաթարել, եւ ինչու սկսեցինք գործել ընդդեմ եւ ոչ թե հանուն:
Իսկ Տերյանը Սիբիրի ցրտերից հոգնած ասում էր` ինձ մեր դաշտերը տարեք, տարեք տուն` հույսով, որ կգտնի իր հոգու եւ մարմնի ներդաշնակությունը: Եվ Հյուսիսի երկրի տաք խոստումների եւ անհոգի սառնությունից հուսախաբված, հիվանդ շուրթերով կրկնում էր` մեզ մի խառնեք ձեր վայրի արջի ցեղերին…

Վա՜խ, Տերյան ջան, փնտրում էիր քո ժամանակների դառը ներկայի եւ քո երազ երկիր Նաիրիի ներդաշնակությունը… Հիմա ի՞նչ անենք մենք, ձեր զավակները, ի՞նչ անենք քո ու մեր բոլոր մեծերի համար, որ երազեցին մեզ, այսինքն՝ այն երկիրը, որ բախտը մեզ տվեց ստեղծելու: Այսինքն՝ պատասխանատուն մենք ենք ձեր եւ ձեր երազած զավակների առջեւ, որ երաշխավորում է դեպի Հավերժը գնացող ճանապարհի ներդաշնակությունը:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Roubina Ohanian says:

    էս ինչ լավ ու պատկերավոր գրիչ ունեք պարոն Տեր-Գուլանյան: Ես միշտ կարդում եմ Ձեր գրածները:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29