Լրահոս
Օրվա լրահոսը

«Անփոխարինելի» եւ «միակ պիտանի» ՀՅԴ-ն

Փետրվար 13,2016 15:30

«Հայազն» կուսակցության վարչության անդամ, քաղաքագետ Արմեն Աղայանը գտնում է, որ Հանրապետականին կցվելը ՀՅԴ ղեկավարության նախապայմանն է եղել:

– ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն արդեն համաձայնության են եկել համագործակցության շուրջ: ՀՅԴ-ական գործիչները խուսափում են այն կոալիցիա անվանել: Հետեւե՞լ եք բանակցությունների ընթացքին: Ինչպե՞ս կանվանեք այս գործընթացը:

– Ինչ անուն էլ տան, սա, ըստ էության, քաղաքական գործարք է, որը կնքվել էր առնվազն Սերժի սահմանադրափոխության մեկնարկի ժամանակ: Ու հենց այդ պատճառով բանակցություններին հետեւելու իմաստ չկար:

Դաշնակցությունը կատարել էր գործարքի իր մասը` արել էր հնարավորը, որպեսզի Սերժ Սարգսյանի` զավթված իշխանությունը երկրորդ ժամկետի ավարտից հետո երկարաձգելու օպերացիան, գոնե արտաքնապես, որոշ չափով քաղաքական գործընթացի տեսք ունենա` թե իբր այն, ինչ ներկայացված էր հանրաքվեին, մշտապես պահանջված է եղել կուսակցությունների կողմից: Եվ հիմա այդ ծառայության դիմաց վարձատրության պահն է:

– Իրականում, եթե վերանանք ավանդական ազգափրկիչ հայտարարություններից, որոնք այս ընթացքում արեցին ՀՅԴ-ական եւ ՀՀԿ-ական գործիչները, ՀՀԿ-ի ինչի՞ն էր պետք հիմա՝ խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ, ՀՅԴ-ի հետ համագործակցությունը, եւ ՀՅԴ-ի ինչի՞ն էր դա պետք, մանավանդ, որ դաշնակցական կարկառուն գործիչները խոստովանեցին՝ այդ համագործակցությունը ՀՅԴ-ին հեղինակություն չի բերելու:

– Թերեւս սա ավելի շատ պետք էր Դաշնակցությանը, քան ՀՀԿ-ին: Ենթադրում եմ, որ նախքան խորհրդարանական ընտրությունները Հանրապետականին կցվելը ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ հենց ՀՅԴ ղեկավարության ցանկությունն է եղել, անգամ նախապայմանը:
Իհարկե, դաշնակցականները բոլորից լավ են հասկանում, որ Սերժ Սարգսյանի հետ համագործակցությունը պատվաբեր չէ: Բայց այդ համագործակցությունը այսօր չի սկսվել, իսկ սահմանադրափոխության ժամանակ հասել էր իր գագաթնակետին: Խայտառակ հանրաքվեին օժանդակելուց հետո ՀՀԿ-ին կցվելը ավելի չէր հեղինակազրկելու Դաշնակցությանը: Առանց կոալիցիա մտնելու էլ կուսակցությունը կարող էր բավարար քվեներ չստանալ: Ուստի ավելի լավ է առիթը բաց չթողնել` գուցե նախարարական եւ մարզպետական լծակները կօգնեն հավելյալ մեկ-երկու տոկոս ստանալու հարցում:
Անձամբ Սերժ Սարգսյանին նույնպես ձեռնտու է սեփական կուսակցությունից դուրս մեկ այլ հենարան ունենալը: ՀՀԿ-ն հիմա մտնում է ներքին հակամարտությունների փուլ, եւ նրա որեւէ թեւի մոտ կարող է վերջին նախագահից ձերբազատվելու գայթակղություն ծագել, եւ այդ դեպքում միայն իրեն պարտական գործընկեր կուսակցության առկայությունը օգտակար կարող է լինել:

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ ՀՀԿ-ն չցանկացավ ԲՀԿ-ին էլ կոալիցիա վերցնել, մանավանդ որ ԲՀԿ-ում շատերը ցանկանում էին մոտ լինել իշխանական կերակրատաշտին: ԲՀԿ-ն ավելի պակա՞ս ծառայեց ՀՀԿ-ին, քան ՀՅԴ-ն էր ծառայում:

– Իսկ ԲՀԿ ընդհանրապես գոյություն ունի՞: Այն, ինչն այսօր ԲՀԿ է կոչվում, Ծառուկյանին ենթարկեցնելուց հետո մնացած մի խմբակ է, որը ոչնչով չէր կարող օգնել ՀՀԿ-ին: Խորհրդարանական համակարգի մշտական ջատագով Դաշնակցությունը այս գործում անփոխարինելի էր ու միակ պիտանին:

– Քանի որ, ըստ էության, արդեն մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, ընդդիմության հնարավորություններն ինչպե՞ս եք գնահատում: Դատելով ընդդիմադիր դաշտի ոչ, այսպես ասած, համասեռ վիճակից՝ ի՞նչ վերադասավորումներ եւ հնարավորություններ կլինեն:

– Լավ է, թե վատ, բայց հին ընդդիմությունն այլեւս չկա: Նրա բեկորները ընդամենը բեկորներ են, որ կրում են անցյալի ձախողումների ողջ պատասխանատվությունը, եւ որքան էլ ջանան այլ երեւալ, երբեք չեն կարող կրկնել մայր ձեւաչափերի նախկին արդյունքները: Ռեւանշիզմը, բուրժուադեմոկրատական հեղափոխությունը, դատարկ ամբոխահաճությունը իրենց սպառել են: Նոր կուսակցություններ կան, որ որպես ընդդիմություն չեն դիրքավորվում, փորձում են դուր գալ, օրինակ, Արեւմուտքին կամ այլ «կառուցողական» դիրք բռնել:

Վստահ եմ, որ իրական նոր ընդդիմությունը կարող է ձեւավորվել բացառապես ազգային-հեղափոխական գաղափարների շուրջ՝ առաջադրված լինելով կազմակերպված համակիրների լայն շրջանակի կողմից: Պայմանները, որում ձեւավորվում է քաղաքական դաշտի ազգային-հեղափոխական բեւեռը, բարդ են` խոչընդոտներն էլ են շատ, հնարավորություններն էլ: Կանխատեսումներ անելը անշնորհակալ գործ է, բայց վստահաբար կարելի է ասել, որ եթե ազգային-հեղափոխականները չկարողանան կամ չհասցնեն կազմակերպվել, ապա մենք կունենանք ոչ միայն իշխանության վերարտադրություն, այլեւ տաղտկալի ընտրություններ ու տաղտկալի խորհրդարան: Իսկ եթե հասցնեն, ապա ներքին ճգնաժամ ապրող իշխող համակարգը կարող է եւ չդիմանալ:

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

«Առավոտ» օրաթերթ
12.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29