Լրահոս
Օրվա լրահոսը

Կայքերի հայտարարություններում պրոֆիլ նկարներ «դզել-փչելու» համար աշխատող են ուզում

Փետրվար 13,2016 14:00

ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածը փաստում է. «Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ընտրության ազատություն, արդարացի եւ օրենքով սահմանված նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի, ինչպես նաեւ անվտանգության ու հիգիենայի պահանջները բավարարող աշխատանքային պայմանների իրավունք»:

Նմանատիպ չափորոշիչներն ընդունվում են ըստ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի (ՄԻՀՀ) 23-րդ հոդվածի 1-ին մասի, որտեղ գրված է. «Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, աշխատանքի արդար ու բարենպաստ պայմանների եւ գործազրկությունից պաշտպանվելու իրավունք»: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները պաշտպանվում են Սահմանադրությամբ, իսկ աշխատանքային իրավունքներն աշխատանքային օրենսգրքով:

Աշխատանք այսօր առաջարկում են գործատերերը՝ տարբեր կայքերում հայտարարություններ տեղադրելով: Դրանք առաջին հայացքից շատ հրապուրիչ են՝ բարձր աշխատավարձ, գումարած տոկոս, ոչ լրիվ աշխատանքային օր, աշխատանքային փորձի բացակայություն եւ այլն, բայց հետո սկսվում է հատուկ պահանջների շարադրանքը:
«Պահանջվում են 25-30 տարեկան բարետես արտաքինով, խելացի, բարձրագույն կամ միջին կրթությամբ, աշխատասեր եւ նպատակասլաց, պատասխանատվության զգացումով, հայերենի, ռուսերենի, անգլերենի եւ համակարգչի գերազանց իմացությամբ աշխատակիցներ»:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 17-րդ հոդվածում սակայն, համաձայն որի 16 տարեկանը լրացած ՀՀ քաղաքացին իրավունք ունի կնքելու աշխատանքային պայմանագիր, ոչ մի տողով չի ասվում, որ պոտենցիալ աշխատակիցը բարետես արտաքին կամ նպատակասլաց պիտի լինի:

Երբ աշխատանք ես փնտրում որեւէ կայքի միջոցով, կարծես քո պատկերացումներին համապատասխան շատ ձեռնտու առաջարկներ ես գտնում: Վերցնում ես հեռախոսը, զանգահարում ես նշված հեռախոսահամարով եւ հրավիրվում հարցազրույցի: Այդպիսի մի հայտարարության հետքերով էլ ես գնացի, որտեղ հատուկ շեշտված էր, որ տվյալ թափուր աշխատանքի համար կարող են դիմել նաեւ ուսանողները, քանի որ այն ոչ լրիվ աշխատանքային գրաֆիկով է, իսկ աշխատավարձ խոստանում էին 100 հազար դրամից ոչ պակաս գումար: Առաջարկվող աշխատատեղերն էին՝ մենեջեր, մենեջեր-կազմակերպիչ եւ հեռախոսավարուհի:

Ընդունեցին մի փոքրիկ սենյակում եւ ասացին որ այդտեղ ինձնից բացի աշխատելու է նաեւ 30 մենեջեր: Հասկացա, որ առողջապահական կազմակերպություն է:
Հետո ինձ հայտնեցին, որ ես պետք է եռօրյա դասընթաց անցնեմ՝ վճարելով 3000 դրամ եւ միայն դրանից հետո՝ չորրորդ օրը դառնամ լիարժեք աշխատող: Իսկ աշխատավարձս առաջին մեկուկես կամ երկու ամսվա համար կազմելու էր ոչ թե 100, այլ՝ 70 հազար դրամ:
Քիչ չեն նաեւ այն անհատ ձեռներեցները, որոնք աշխատանքի են հրավիրում «Միսս Տիեզերք» տիտղոսի հավակնող 20-30 տարեկան բարետես արտաքինով գրագետ կանանց եւ աղջիկների օրինակ՝ մալուխային հեռուստաընկերությունում հեռախոսավարուհի աշխատելու համար:

Հայտարարությունների հիթ-շքերթում մեծ տեղ են գրավում նաեւ պարտադիր բարձրագույն կրթությամբ աշխատանքները, որտեղ բարձրագույն կրթության հետ կարեւորվում է նաեւ պրիմիտիվ համակարգչային գիտելիքներ, ինպես օրինակ` Microsoft Office Word, Internet եւ Adobe Photoshop, հետո պարզվում է այդ գիտելիքներն անհրաժեշտ են ընդամենը Facebook կամ Odnoklassnik կայքերում պրոֆիլ նկարներ դզել-փչելու համար:

Արդյունքում ստացվում է, որ կան աշխատատեղեր, բայց չկան դրանց համապատասխանող աշխատակիցներ:

ՄԱՐՈ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29