Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժամանակն է Հայաստանում ունենալ ժողովրդականից բարձր կոչում»

Փետրվար 13,2016 13:30

Իր երկրի օրինակով առաջարկում է մակեդոնացի
դաշնակահար Սիմոն Տրպչեսկին

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Էդ. Թոփչյան) հրավերով կրկին Երեւանում է ճանաչված դաշնակահար Սիմոն Տրպչեսկին (Մակեդոնիա):

«Առավոտը» ժամանակին հանդիպել է արվեստագետի հետ: Հիշեցնենք, որ դաշնակահարը հանդես է եկել Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Ֆիլադելֆիայի, Քլիվլենդի, Բոստոնի, Ճապոնիայի, Կորեայի, Հոնկոնգի, Սիդնեյի, Մելբուռնի սիմֆոնիկ, Ռուսական ազգային, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ, համագործակցել Լորին Մաազելի, Անտոնիո Պապանոյի, Վասիլի Պետրենկոյի, Ջանանդրիա Նոզեդայի, Վլադիմիր Աշկինազիի, Լայընել Բրինգուիերի եւ այլ նշանավոր դիրիժորների հետ, անսամբլային երաժշտության նրա մշտական գործընկերներն են Ջուլիա Ֆիշերը, թավջութակահար Դանիել Մյուլլերը (բոլորին չես թվարկի):

Կամերային երաժշտության սիրահար դաշնակահարը մեր ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտների հետ՝ ջութակահարներ Անի Կարապետյանի, Շաղիկ Մարտիրոսյանի, ալտահար Յանա Դարյանի, թավջութակահար Միքայել Նավասարդյանի եւ կլարնետահար Վյաչեսլավ Մանուչարյանի, հանդես կգա մեզանում ոչ հաճախ հնչող Պրոկոֆեւի «Նախերգանք հրեական թեմաներով» ստեղծագործության կատարմամբ: Ընդ որում, ֆիլհարմոնիկի համերգը, որն ամբողջովին նվիրված է Սերգեյ Պրոկոֆեւին, դաշնակահարը կմեկնաբանի նաեւ կոմպոզիտորի առաջին եւ երրորդ դաշնամուրային կոնցերտները: Վերջիններս, ի դեպ, այնքան էլ հաճախ չեն կատարվում Երեւանում:

Մեզ հետ զրույցում Սիմոն Տրպչեսկին նկատել էր, որ մեկ-երկու տարի առաջ, երբ Հայաստանում էր, մեր կոլեկտիվներից մի քանիսը ստացել են ազգային կոչում կամ կարգավիճակ, որով, ըստ երաժշտի, ավելի է ընդգծվում տվյալ գործունեության պետական կարեւորության աստիճանը (այդ օջախներից են օպերային թատրոնը, Մայր թատրոնը, ակադեմիական երգչախումբը, պատկերասրահը եւ այլն): Մենք էլ նկատեցինք, որ դաշնակահարի մի շարք պարգեւներին ու կոչումներին գումարվել է Մակեդոնիայի ազգային արտիստի կոչումը: Այս առիթով նա մեզ հայտնեց հետեւյալը. «Վաստակավոր ու ժողովրդական կոչումները մի տեսակ հարիր են փոքր պետություններին: Իհարկե, խորհրդի կարգով կուզեի նշել, որ ժամանակն է ինչպես Մակեդոնիայում, այնպես էլ Հայաստանում ունենալ ժողովրդականից ավելի բարձր կոչում: Այն, միանշանակ, Ազգային կոչումն է»: Հետո էլ հայտնելով, թե ինքը ուսումնասիրել է հայոց պատմությունը, որտեղ իր ու մեր երկրների միջեւ բազմաթիվ զուգահեռներ կան՝ հերոսամարտերից մինչեւ մշակույթ, ասաց. «Օրինակ, հայկական խմբերգային արվեստի երախտավոր, 88-ամյա Հովհաննես Չեքիջյանը հաճախ ներկայացվում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ինչը, բնականաբար, բարձրագույն կոչում է, բայց տեղին եւ ճիշտ ժամանակն է Հայաստանում ունենալ ժողովրդականից ավելի բարձր կոչում, որն անկասկած Ազգայինն է: Ընդ որում, ինչպես ասացի, այն արդեն շնորհված է ձեր պետական բարձրագույն կարեւորություն ներկայացնող մշակութային որոշ հաստատություններին»:

Հետաքրքրությանը, թե հյուրախաղային գործունեությամբ բազմազբաղ արվեստագետին, պրոֆեսիոնալ դաշտից բացի, մեծ հաշվով ի՞նչն է ձգում Հայաստանում, Սիմոն Տրպչեսկին պատասխանեց. «Չեմ կարող ասել, թե դուք միակ հյուրասեր ազգն եք աշխարհում, օժտված մարդկային ամենաբարձր հատկանիշներով, բայց, միեւնույն է, տարբերվում եք: Տարբերվում եք ձեր տաք հոգով, իսկապես պահանջկոտ հանդիսատեսով… Ձեզ մոտ ամեն ինչ մի տեսակ ուրիշ է… Պարզ ճշմարտություն ասեմ՝ ֆիլհարմոնիկի երաժիշտները, էլ չասեմ գեղարվեստական ղեկավարը կամ տնօրինությունը, ինձ ընդունում են իբրեւ հարազատի, ինչն ինձ համար եւ հաճելի ու կարեւոր է, եւ պարտավորեցնող»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29