Հայաստանի հեծանվորդները 2015 թվականին բացառիկ արդյունքներ են արձանագրել երիտասարդների Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում, սակայն Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում չեն լինի, քանի որ վարկանիշային անհրաժեշտ քանակի մրցումների չեն մասնակցել:
«Առավոտը» զրուցել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի հետ:
– Հակիրճ ամփոփեք 2015 թվականին Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի կատարած աշխատանքը:
– Մեր հեծանվորդներն անցած տարի թե խճուղում, թե հեծանվահրապարակում հանդես են եկել մի շարք միջազգային մրցաշարերում, բայց բուն նվաճումները եղել են հեծանվահրապարակում: Էդգար Ստեփանյանը նախ Աթենքում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց սկրետչ մրցաձեւում, ապա Աստանայում կայացած աշխարհի առաջնությունում փոխչեմպիոն դարձավ խմբակային 25 կմ 100 շրջանում:
– Էդգար Ստեփանյանի՝ Եվրոպայի երիտասարդների ոսկին ֆեդերացիայում գնահատում են որպես առաջինը Հայաստանի ամբողջ մարզական պատմության մեջ՝ ներառյալ Խորհրդային ժամանակաշրջանը: Բայց մենք ունեցել ենք Մեսրոպ Շաբոյան եւ Օլեգ Կլեւցով:
– Հարցադրումը տեղին է: Մենք միշտ էլ հպարտացել ու հպարտանում ենք մեր երկու լեգենդար հեծանվորդներով ու նրանց նվաճումները թերագնահատել անհնար է: Բայց մի ճշտում պիտի անել. Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին երկու (երկուսն էլ՝ արծաթե) մեդալները 2011 թվականին Մոսկվայում անցկացված աշխարհի առաջնությունից բերել է Մհեր Մկրտչյանը՝ խմբակային վազքում եւ սկրետչում, որից հետո 2014-ին Էդգար Ստեփանյանը հեծանվահրապարակի աշխարհի առաջնությունում խմբակային վազքում դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ 2015-ին Եվրոպայի առաջնությունում նույնպես հեծանվահրապարակում՝ չեմպիոն եւ աշխարհի առաջնությունում՝ փոխչեմպիոն: Մեսրոպ Շաբոյանը եւ լուսահոգի Օլեգ Կլեւցովը ԽՍՀՄ հավաքականի կազմում աշխարհի թիմային չեմպիոնի կոչմանն արժանացել են թիմային հաշվարկով: Փառք ու պատիվ նրանց: Բայց նրանք այն ժամանակ Հայաստանի դրոշի ներքո չէին կարող հանդես գալ: Իսկ երբ խոսում ենք նույն Էդգար Ստեփանյանի եւ Մհեր Մկրտչյանի նվաճումների մասին, նկատի ունենք անհատական պայքարը:
– Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերին մենք հեծանվասպորտում ներկայացուցիչ չենք կարող ունենալ: Ֆեդերացիան 2016 թվականի համար ի՞նչ ծրագրեր է նախանշել:
– Այս տարվա պետական աջակցության գումարը ֆեդերացիային 13 մլն դրամ է: Դրա շրջանակներում կազմակերպելու ենք ուսումնամարզական հավաքներ, որից առաջինը կսկսվի մոտ օրերս, խճուղային եւ հրապարակային հեծանվավազքի Հայաստանի առաջնությունները բոլոր տարիքային խմբերում: Դրանց արդյունքներով կկազմավորվի հավաքականը, որը կնախապատրաստվի ու հուլիսին կմասնակցի Եվրոպայի երիտասարդների եւ մինչեւ 23 տարեկանների առաջնությանը, որը հավանաբար կանցկացվի Չեխիայի Բռնո քաղաքում: Մինչ այդ Մոսկվայում կմասնակցենք հեծանվահրապարակի Կոլեսնիկովի միջազգային հուշամրցաշարին, Ռուսաստանի բաց առաջնություններին: Եվրոպայից կվերադառնանք Հայաստան ու Ծաղկաձորում կնախապատրաստվենք աշխարհի երիտասարդական առաջնությանը: Այն կայանալու է օգոստոսին, սակայն տեղն ու ժամկետները դեռ որոշված չեն:
– Ձեր թվարկած մրցումները բավարա՞ր են արդեն հաջորդ օլիմպիական խաղերի համար վարկանիշներ ձեռք բերելու համար:
– Ոչ: Օրերս կայացավ ՀՀՖ նախագահության նիստ, որտեղ միաձայն որոշվեց, որ արդեն պետք է անպայման մասնակցել աշխարհի գավաթների փուլերին, պայքարել աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքի համար: Օլիմպիական ուղեգրերի հաշվարկը կատարվելու է 2017-ից սկսած՝ երեք տարվա աշխարհի գավաթների եւ առաջնությունների ընթացքում վաստակած վարկանիշներով:
– Մենք ասում ենք Հայաստանի հավաքական, բայց, որպես կանոն, երկու-երեք հոգու անուն է շրջանառվում: Ուրիշ հեծանվորդներ չունե՞նք:
– Դա լավ օրից չէ: Սակայն ունենք հեռանկարային մարզիկներ, որոնց հիմա խոշոր մրցումներ ուղարկելը վաղ է: Իհարկե, նրանց էլ կարելի է գործուղել, բայց ընդամենը մասնակցության համար, ինչն առայժ անիմաստ է: Այսօրվա մեր ռազմավարությունը աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում որակն է: Ֆեդերացիան շատ մեծ կարեւորություն է տալիս մանկապատանեկան տարիքի հետ աշխատանքներին: Օրինակ, հավաքներին հրավիրվում են նաեւ այդ տարիքի լավագույն հեծանվորդները: Նրանց հետ ճիշտ ու լուրջ աշխատելու դեպքում այսօրվա արդյունքները շարունակություն կունենան: Այնպես որ, շտապել պետք չէ:
– Վերջին հարցը: Պետբյուջեից հատկացվող 13 միլիոն դրամը բավարարո՞ւմ է:
– Իհարկե՝ ոչ: Դա մի կերպ կբավարարի մանկապատանեկան սպորտին, ուսումնամարզական հավաքներին, երեք տարիքային խմբում Հայաստանի առաջնություններին ու Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին մասնակցելուն: Եվ դա էլ կասկածելի է արժույթի արժեզրկման ներկայիս պայմաններում: Մնացած մրցումներին՝ աշխարհի գավաթի փուլեր, միջազգային մրցաշարեր եւ այլն, մասնակցել հնարավոր է դառնում միայն լրացուցիչ ներդրումների հաշվին, որոնք իրենց ընկերների ու շրջապատի աջակցությամբ հայթայթում են նախագահ Արման Սահակյանը, ֆեդերացիայի անդամները, մարզիչները:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.02.2016